Մենք աշխատում ենք դաշնակիցների ու բարեկամների հետ և փորձում ենք գտնել նոր բարեկամներ․ Ռ․ Ռուբինյան

փետրվարի 1, 2023

Հարցազրույց` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։

–ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդների ներկայությունն աշխարհաքաղաքական բախում կբերի տարածաշրջան և կսրի առկա հակասությունները: Ըստ էության, Մոսկվան շատ կոշտ է արձագանքում ԵՄ դիտորդներ տեղակայելու հեռանկարին։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները: 

–Այդ հայտարարության պարզաբանման համար ավելի ճիշտ կլինի Ռուսաստանի ԱԳՆ-ին դիմել: Մեր դիրքորոշումը հետևյալն էԱդրբեջանը հարձակում է գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա նախորդ տարվա սեպտեմբերին և դրանից առաջ էլ, ինչի հետևանքով օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքը: Լարվածությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, և Հայաստանը բոլոր մեթոդներով փորձում է իր անվտանգության մակարդակը բարձրացնել: ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է գալիս հենց այդ համատեքստում: Մենք սա չենք դիտում որպես աշխարհաքաղաքականության որևէ մաս: ԵՄ քաղաքացիական առաքելությունը ի հեճուկս որևէ ուժի չէ: Սա է մեր դիրքորոշումը: 

–ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը դիտորղների հարցում ՀԱՊԿ-ի փոխարեն նախապատվությունը տալիս է ԵՄ-ին: Դուք պնդո՞ւմ եք, որ այս ընտրությունը ՀԱՊԿ-ի փոխարե՞ն չէ:

–Իհարկե, ՀԱՊԿ-ի փոխարեն չէ: ՀԱՊԿ դիտորդներ սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո ուղարկվել են Հայաստան, որպեսզի ծանոթանան իրավիճակին և զեկույց պատրաստեն, ապա հեռացել են: Ընդհանրապես, ՀԱՊԿ-ի հետ կապված հարցը ոչ թե ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելը կամ չուղարկելն է, այլ ագրեսիայի իրողության ֆիքսումը: Սեպտեմբերից հետո ՀԱՊԿ-ը չֆիքսեց անգամ, որ Հայաստանի դեմ ագրեսիա է տեղի ունեցել, և Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացվել է: Հետևաբար, հարցը ոչ թե ՀԱՊԿ դիտորդների գալ–չգալն է, այլ հետևյալը՝ ՀԱՊԿ-ը կֆիքսի՞ ագրեսիան և, ընդհանրապես, ըստ ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի տարածքը ֆիքսվա՞ծ է, թե՞ ոչ: Եթե ՀԱՊԿ-ը չի ֆիքսում, որ կա հայ-ադրբեջանական սահման, որը խախտված է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով, ապա ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, ՀԱՊԿ դիտորդներն ի՞նչը պետք է դիտեն: Մենք սպասում ենք, որ ՀԱՊԿ-ը դա կֆիքսի: Հարցը ոչ թե ԵՄ դիտորդին նախընտրելու, այլ իրողությունները ֆիքսել–չֆիքսելու մեջ է: 

–Ինչո՞ւ եք ակնկալում, որ այսքան ժամանակ անց ՀԱՊԿ-ը, այդուհանդերձ, կարձագանքի, երբ որևէ ակնկալիք չի արդարացել: 

–Որովհետև դա ՀԱՊԿ-ի պարտավորությունն է՝ ֆիքսված ՀԱՊԿ կանոնադրությամբ: 

–Բայց այդ պարտավորությունը տևական ժամանակ չի կատարվում, և անընդհատ խոսվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին։

Ես ասացի՝ մենք շարունակում ենք ակնկալել, որ ՀԱՊԿ-ը իր կանոնադրական պարտավորությունը պետք է կատարի:

–Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը դժգո՞հ է Հայաստանի քայլերից: 

–Չեմ կարող ասել։ Ես միայն գիտեմ, որ Հայաստանն իր բոլոր դաշնակցային պարտավորությունները բարեխղճորեն կատարում է: Չեմ կարծում, որ դժգոհության առիթ կա: 

–Արդյո՞ք Հայաստանը բավարար քայլեր կատարում է Լաչինի միջանցքը բացելու հարցում գիտենք, որ արվող քայլերից գոհ չեն Արցախում, ու դրա մասին խոսել է նաև Ռուբեն Վարդանյանը: 

–Հայաստանում կառավարական մակարդակով ստեղծված է աշխատանքային խումբ՝ փոխվարչապետի գլխավորությամբ, որի նպատակն է աջակցել ԼՂ ժողովրդին հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցում: Հայաստանի դիվանագիտական անձնակազմն ակտիվ և ամենժամյա ռեժիմով աշխատում է, որպեսզի ճնշումը մեծացնի Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի փակման հարցում: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական մասին, հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքին վերաբերող երկու պարտավորություն կա ֆիքսված։ Առաջինն այն է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, այսինքն, ի տարբերություն, բուն Լեռնային Ղարաբաղի, որտեղ ռուս խաղաղապահները տեղակայվել են երկու հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի և ԼՂ-ի զինված ուժերի միջև, Լաչինի միջանցքի դեպքում ռուս խաղաղապահներն այդ 5 կմ լայնությամբ տարածքի վերահսկողությունն են իրականացնում: Այսինքն, Լաչինի միջանցքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ՛ոչ էլ, բնականաբար, Ադրբեջանը ոչ մի վերահսկողություն չեն իրականացնում: Երկրորդ պարտավորությունը վերաբերում է Ադրբեջանին: Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության նույն կետի՝ Ադրբեջանը երաշխավորում է մարդկանց, մեքենաների, բեռների անվտանգ շարժը: Այլ կերպ ասած, պարտավորվում է չձեռնարկել որևէ քայլ, որը վտանգի կենթարկի այդ շարժը, և այս պարտավորությունը խախտված է: Այստեղից հետևություն. Լաչինի միջանցքն ապօրինի փակված է, և ապօրինի փակված է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող միջանցքում:

–Ռուբեն Վարդանյանը հարցազրույցում ասել էր, որ Արցախի հարցում չկա հակասություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը: 

–Ես չգիտեմ՝ ինչ համատեքստում է դա ասվել, հետևաբար, չեմ կարող մեկնաբանել:

–Հայաստանի և Թուրքիայի բանագնացների միջև առաջիկայում հանդիպում լինելո՞ւ է, գործընթացը ո՞ր փուլում է: 

–Այս պահին նման հանդիպում նախատեսված չէ։ Վերջին անգամ հանդիպում եղել է ոչ թե հատուկ ներկայացուցիչների մակարդակով, այլ եղել է տեխնիկական հանդիպում սահմանին՝ Մարգարայում: Կամրջի վիճակն է ստուգվել: Նաև նմուշառում է իրականացվել, և հիմա այդ նմուշների ստուգման փուլն է, որպեսզի հասկանալի լինի կամուրջի պիտանելիության աստիճանը՝ չնայած առաջին հայացքից վիճակը բավարար է։ Ըստ դրա, կշարժվենք առաջ: 

–Հաջորդ փուլը ո՞րն է լինելու:

–Երբ տեխնիկական պարամետրերը պարզվեն, արդեն գուցե հնարավոր կլինի խոսել հատուկ ներկայացուցիչների միջև հաջորդ հանդիպման մասին: Բացի այդ, դուք գիտեք, որ հայկական կողմի առաջարկն է եղել ցամաքային սահմանը բացել նաև դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար, և թուրքական կողմից սպասում ենք արձագանքի: 

–Իշխանությունը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի կնքումը մնում է օրակարգում: Դուք տեսնո՞ւմ եք նախադրյալներ, որ, ի վերջո, այդ պայմանագիրը ստորագրվի: 

–Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ: Մնացածը կախված է հետագա բանակցություններից և Ադրբեջանի քաղաքական կամքից:

–Մայիսին Թուրքիայում սպասվում են ընտրություններ: Էրդողանի իշխանության մնալը որքանո՞վ է ձեռնտու Հայաստանին: 

–Չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, եթե ես մեկնաբանեմ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը։ Նաև չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, որ որևէ այլ պետության ներկայացուցիչ մեկնաբանի Հայաստանի ներքաղաքական կյանքը: Հետևաբար, չեմ մեկնաբանի:

–Ինչպե՞ս եք գնահատում Իրանում ստեղծված իրավիճակը: Ի՞նչ է տեղի ունենում տարածաշրջանում, և Իրանում այս գործողություններն ինչի՞ կհանգեցնեն:

–Իրանը մեր հարևան է, մեր բարեկամ երկիրն է, հետևաբար, մենք հետաքրքրված ենք Իրանում կայունությամբ: 

–Իսկ այդ կայունությունը տարածաշրջանում խախտելու հարցում ովքե՞ր են շահագրգիռ: Տարածաշրջանը կարծես եռում է, ի՞նչ պետք է անի Հայաստանը: 

–Մենք ոչ թե եռացող տարածաշրջան ենք տեսնում, այլ եռացող աշխարհ: Միջազգային կարգեր են խախտված կամ խախտվելու եզրին, և բնականաբար, շատ վտանգավոր իրավիճակ է: Հայաստանն ամեն ինչ պետք է անի իր շուրջը և իր ներսում մաքսիմալ կայունություն ապահովելու համար, և մենք հենց դա ենք անում: 

–Հայաստանում ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան, բայց շարունակում է նույն՝ իշխանությունների հեռացման օրակարգով հանդես գալ, իշխանությանը դավաճան, թրքասեր, թրքահպատակ անվանելու պրակտիկան չի դադարել: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը նրանց հետ: 

–Այստեղ շատ բան չկա ասելու։ Երբ հաջորդ հերթական ընտրությունները լինեն, թող ժողովուրդը գնահատական տա և մեր գործունեությանը, և իրենց գործունեությանը: Փորձը ցույց է տվել, որ իրենց այդ խոսույթը օգուտ չի բերել ո՛չ իրենց, ո՛չ երկրին: 

–Իսկ իշխանությունը կարիք չունի՞ վերանայելու ընդդիմության հետ հարաբերվելու կերպը:

–Մենք կողմ ենք խորհրդարանում նորմալ աշխատանքին և փորձում ենք այդպես էլ աշխատել, ի՞նչ մոտեցում պետք է վերանայենք: 

–Օրինակ, դուք ուզում էիք ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ, բայց չդիմեցիք:

–Մենք երբեք չենք ուզեցել ՍԴ դիմել: Երկու անգամ ըստ ԱԺ կանոնակարգի ավտոմատ կերպով այդ հարցը ներառվել է ԱԺ խորհրդի օրակարգ, և երկու անգամ էլ որոշում է կայացվել չդիմել ՍԴ: Բնականաբար, ցանկացած որոշումից առաջ քննարկում է տեղի ունենում: 

–Ընդդիմությունը նաև հայտարարում է, որ այս իշխանությունը մինչև վերջ չի հասցնի պաշտոնավարել, որ նոր գործընթացներ կլինեն: Դուք բացառո՞ւմ եք այդպիսի սցենարը: 

–Ես նման սցենարի որևէ նախադրյալ չեմ տեսնում, ոչ էլ պատճառ եմ տեսնում: 2021–ին տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, և գրանցվել են այն արդյունքները, որոնք գրանցվել են:

–Հայաստանն աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությո՞ւն է կատարում հիմա, թե՞ էլի փորձում է «և-և»-ի ու մանևրելու քաղաքականությունը կիրառել: 

–Հայաստանը փորձում է իր շուրջ կարողություն ապահովել և ամեն կերպ պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այո, մենք աշխատում ենք և՛ մեր դաշնակիցների հետ, և՛ բարեկամների հետ, և՛ փորձում ենք գտնել նոր բարեկամներ: