ՀՀ պետական սահմանից մինչև արտադրական կանեփի մշակում․ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Կառավարությունը որոշել է կարգավորել Արաքս գետի ավազանից արդյունաբերական ավազի արդյունահանման գործընթացը և Ազգային ժողով է ներկայացրել Ընդերքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը։ Ավազ արդյունահանող ընկերությունները խախտումներ են թույլ տվել, արդյունքում խախտվել է Արաքսի հունը և վնաս հասցրել ՀՀ պետական սահմանին։
«Նախագծերը մշակվել են՝ հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները։ Մասնավորապես՝ գետի հունի փոփոխության առկա վտանգները, ինչը սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր է առաջացնում»,- ներկայացնելով նախագծերը՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
Կառավարության ներկայացրած այդ օրինագծերը ենթադրում են Արաքս գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, ինչպես նաև պատժամիջոցների խստացում՝ Արաքսի հունից ավազ արդյունահանող ընկերությունների կողմից խախտումների դեպքում։
Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Արմավիրի և Արարատի մարզում՝ Արաքսի ավազանում տրվել է ավազի արդյունահանման 18 լիցենզիա, որոնցից 6-ը շահագործում է նույն ընկերությանը։ Նա չցանկացավ ասել, թե դրանք որ ընկերություններն են, դրանցից քանիսն են խախտել սահմանված նորմերը, և հատկապես ով է խախտել ՀՀ պետական սահմանը։ Ընդամենն ասաց, որ արդեն քրեական գործեր են հարուցվել։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, հավելեց, թե առաջին անգամ խախտում թույլ տալու դեպքում ավազ արդյունահանող ընկերությունը կտուգանվի 5 մլն դրամով, երկրորդ անգամ ընդհանրապես կզրկվի լիցենզիայից և նորից դիմելու իրավունք այլևս չի ունենա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ Արաքսի ավազի արդյունահանման նորմերը երկար տարիներ են խախտվել։ «Կազմակերպությունը կարող է խախտումներով 500 մլն դրամի ավազ արդյունահանել, բայց տուգանվել ընդամենը 5 մլն դրամով։ Ինչո՞ւ տուգանքի չափը արդյունահանման ծավալներով չեք պայմանավորում։ Առաջարկում եմ խախտման դեպքում ողջ հասույթը բռնագանձել»,- ասաց նա։ «Դա տույժերի մի փոքր հատվածն է, խախտման դեպքում ՊԵԿ-ը նույնպես վարույթ է հարուցելու, և տուգանքը հաշվելու է ըստ արդյունահանման ծավալների»,- պատասխանեց փոխնախարարը։ «Գետի հունի խախտման պատճառով անվտանգության խնդիրներ են առաջացել, քանի որ մյուս կողմում Թուրքիան է։ Ավազահանման արդյունքում մեծ կորուստ ենք ունեցել, նրանց անբարեխիղճ օգտագործման արդյունքում մեր պետությունը անվտանգային վնաս է կրել»,- հավելեց Բագրատյանը։
Նախագծերի փաթեթն ընդգրկվեց փետրվարի 7-ի հերթական նիստերի օրակարգում։
Կանեփ, բայց ոչ հոգեմետ նշանակության
Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաթեթով էլ կառավարությունն առաջարկում էր արտադրական կանեփի արտադրման, ներկրման, արտահանման և մեծածախ առևտրի դեպքում չեղյալ համարել այն նորմերը, որոնց համաձայն քվոտավորման չափի խախտումը լիզենզիայից զրկելու պատճառ է դառնում։ Առաջարկվում է նաև վերացնել նման գործունեություն իրականացնող ընկերությունների համար բիզնես-ծրագիր ներկայացնելու պարտադիր պահանջը։
Երկու տարի առաջ կառավարությունն այդ օրենքներում համապատասխան փոփոխություններ էր արել՝ մեր երկրում թույլ տալով արտադրական կանեփի ներկրումը, արտադրությունն ու մշակումը։ Արտադրական կանեփից ստացվում է սիբիդ կոչվող յուղը, որը շատ թանկարժեք է, օգտագործվում է դեղերի և կոսմետիկ նյութերի մեջ ու աշխարհում շատ պահանջված է։ Բայց քվոտավորման և բիզնես-ծրագիր ներկայացնելու պահանջները խոչընդոտել են այդ ոլորտի զարգացմանը։
ՔՊ-ական պատգամավորներին դուր չէր եկել այն հանգամանքը, որ նախագիծը ներկայացնում է Առողջապահության և ոչ թե Էկոնոմիկայի նախարարությունը։ «Երբ դուք եք ներկայացնում, ասոցացվում է թմրամիջոցի հետ, այսինքն, դա տնտեսությանը չի վերաբերում։ Ինչո՞ւ եք Դուք ներկայացնում»,- առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հարցրեց նիստը վարող Բաբկեն Թունյանը։ «Պատճառն այնն է, որ մեր նախարարությունն ունի թմրամիջոցների ներկրման և օգտագործման լիցենզիաներ տրամադրելու լիազորություն»,- պատասխանեց Նանուշյանը։
Այլ նախագիծ ներկայացնելու համար նիստին ներկա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելեց, որ երկու տարի առաջ, երբ օրինականացվում էր արտադրական կանեփի արտադրությունը, մեծ եկամուտներ ստանալու ակնկալիք կար։ «Բայց արդյունքը գոհացուցիչ չէ։ Դեմ չենք լինի, որ պատասխանատվությունը դրվի մեր նախարարության վրա, և մենք ամեն ինչ կանենք, որ գոհացուցիչ արդյունքներ լինեն»,- ասաց Քերոբյանը։
Քննարկմանը ներկա էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որը հայտարարեց, թե շատ «փնթի» նախագիծ է ներկայացվել։ «Փնթին ո՞րն է, չհասկացա, բառերը ճիշտ ընտրեք»,- բարկացավ ՔՊ–ական Հովիկ Աղազարյանը։ «Ա՛յ քեզ բան, Դուք ինձ պետք է բառեր տաք, ես նախադասություն կազմե՞մ, էդ ո՞նց կարա տենց լինի»,- հակադարձեց Ավետիսյանը։
Նիստը վարող Բաբկեն Թունյանն էլ, ողջունելով նիստերին մասնակցելու վերաբերյալ ընդդիմության որոշումը, նկատեց, որ տևական ժամանակ է՝ նախագիծը դրված էր շրջանառության մեջ, պատգամավորն իր դիտողությունները կարող էր այդ ընթացքում ներկայացնել։
Այնուամենայնիվ, Աղազարյանի առաջարկությամբ նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց՝ խնդրին ավելի լավ ծանոթանալու և կանեփ մշակող ընկերությունների հետ քննարկում անցկացնելու նպատակով։
Եվրոստանդարտների ներդրում և միջազգային շուկաներ
Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը ներկայացրեց Հավատարմագրման մասին օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախարարի ներկայացմամբ գործող օրենքը չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին։ Երկու տարի առաջ ԵՄ փորձագետների օգնությամբ բազմաթիվ փոփոխություններ են մշակել, որպեսզի մեր երկրի հավատարմագրման համակարգը, ստանդարտները դառնան վստահելի և ընդունելի եվրոպական և ԵԱՏՄ գործընկերների համար:
Ըստ Քերոբյանի այդ փաթեթի ընդունման նպատակը միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցելն է, հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը։ Ինչպես նաև, հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերի կնքումը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները` ապահովելով ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը:
Բաբկեն Թունյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել, քանի փաստաթուղթը ստացել են նիստից ընդամենը մի ժամ առաջ ու չեն հասցրել ծանոթանալ փոփոխություններին, հասկանալ, թե նախարարությունն իրենց որ առաջարկներն է ընդունել։ Քերոբյանն էլ հակադարձեց, թե նախարարությունն ընդամենը մեկ օր առաջ է տեղեկացել այդ նիստի մասին ու հազիվ է հասցրել փաստաթուղթը պատրաստել ու ԱԺ ուղարկել։ Այս փաթեթի քննարկումն էլ հետաձգվեց երկու ամսով։
Նախարար Վահան Քերոբյանը որոշ տվյալներ, այնուամենայնիվ հասցրեց ներկայացնել․ասաց, որ անցած տարի աննախադեպ մեծ ծավալի ներդրումներ են եղել, բայց այն դեռ չի հասել կառավարության ծրագրային՝ ՀՆԱ-ի 25 տոկոս թիրախին, ընդամենը 17-18 տոկոս է։