«Կարծում եմ՝ Լաչինի միջանցքը օրերս կբացվի». Գագիկ Մելքոնյան

փետրվարի 27, 2023

Հարցազրույց՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ:

- Անցած շաբաթ հայտարարեցիք, որ եթե սկզբում Ալիևը Լաչինի միջանցքը բացելու դիմաց Զանգեզուրի միջանցքն էր պահանջում, ավելի ուշ սկսեց Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը պահանջել։ Նաև ասացիք․ «Զանգեզուրի միջանցք սարքենք, տանք Ադրբեջանին, լա՞վ է, թե՞ Վարդանյանին ասենք՝ Ռուբեն ջան, գնա, որտեղից եկել ես»։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց Ռուբեն Վարդանյանին, Լաչինի միջանցքը բացվելո՞ւ է։

- Այդ տրամաբանությամբ՝ այո, հիմա պետք է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների նստեն։ Ինձ թվում է՝ Լաչինի միջանցքը մոտ օրերս բացվելու է։

- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը դրա՞ համար նրան պաշտոնից ազատեց։ Երկուսն էլ այդ պաշտոնանկության կոնկրետ պատճառներ չնշեցին։

- Արցախում նաև ներքաղաքական խժդժություններ կային՝ Ռուբեն Վարդանյանն իր թիմն էր ստեղծել, Հարությունյանն իր թիմն ուներ։ Պետք էր դրան գնալ։ Ղարաբաղին միասնական ղեկավարություն է պետք, որ ուժեղ լինեն, մի մեխի խփեն։

- Բայց Հարությունյանն ու Վարդանյանը երբեք հակասությունների մասին չեն խոսել, ավելին՝ առերևույթ միասնաբար էին հանդես գալիս։

- Այո, այդ հակասությունը բաց չէր երևում, բայց Ռուբեն Վարդանյանը թիմակիցների հետ հանդիպման ժամանակ ցույց էր տալիս, որ նեղված է։

- Նաև կարծիքներ կան, որ Հայաստանից են ստիպել ԱՀ նախագահին պաշտոնից ազատել Ռուբեն Վարդանյանին։

- ՀՀ իշխանությունները Վարդանյանի հետ ոչ մի առնչություն չունեն․ որտեղից հայտնվեց նա Արցախում կամ ոնց զրկվեց պաշտոնից։ Դա ԼՂ իշխանությունների դաշտում է, և նրանք պետք է այնպիսի կուռ իշխանություն կառուցեն, որ երբևէ չերերա։ Բայց, իմ կարծիքով, դա ՌԴ-ն արեց, որ կարողանա Արցախում և Ադրբեջանում տեր լինել իրավիճակին։

- Ադրբեջա՞նը Ռուսաստանին ստիպեց պաշտոնից ազատել Վարդանյանին։

- Այո։ Բացի այդ, Ալիևն արդեն կանխատեսում էր, թե Հաագայի դատարանն ինչ է որոշելու, դրա համար էլ Վարդանյանին պատճառ բռնեց։ Վաղը նա կասի, թե իմ պահանջով Վարդանյանին հանեցին, և մենք գնում ենք բանակցությունների։ Մեր որոշ ընդդիմադիրներն են անգամ այդպես ասում։ Իսկ ընդհանրապես՝ Ադրբեջանը վաղուց է ՌԴ-ին ստիպում։ Թեկուզ՝ հենց Լաչինի միջանցքի փակումը։ Մինչդեռ այդ երկիրն էր պարտավոր պահպանել միջանցքի անվտանգությունը, բայց չկարողացավ։ Ադրբեջանը ստիպեց, որ լռի, և ՌԴ-ն նրանց հետ միասին փակեց միջանցքը, որ կյանքի կոչեն ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները՝ «Զանգեզուրի միջանցքը»։

- Բայց ՌԴ շատ պաշտոնյաներ, վերջին անգամ էլ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանը, հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությամբ հարց չեն քննարկում։

- Իհարկե, նրանք պետք է այդպես ասեն, բայց «Զանգեզուրի միջանցքն» առաջինն իրենց է պետք։ Իսկ ո՞վ էր մեզ ստիպում ստորագրել այդ պայմանագիրը։ Մինչև այսօր էլ ընկած են մեր հետևից, որ ստորագրենք։

- Ռուբեն Վարդանյանը կմնա՞ Ստեփանակերտում, ինչպես ինքն է հայտարարել պաշտոնանկությունից հետո։

- Չեմ կարծում, թե նա առանց պաշտոնի մնա այնտեղ, թեև կուսակցությունների է հովանավորում։

- Կարծիք կա, որ նա կարող է գալ Հայաստան, և ՌԴ-ն նրան ձեր իշխանության դեմ կօգտագործի։

- Նա իր կուսակցությունն ունի Հայաստանում և կարող է գալ, իսկ ՌԴ-ն կարող է նրան օգտագործել մեր իշխանության դեմ և օգտագործում է։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի հայտարարեց, թե զենք գնելու համար մի քանի հարյուր մլն դոլար ենք փոխանցել մեր բարեկամ երկրներից մեկին՝ ակնարկելով ՌԴ-ին, բայց գործարքը դեռ չի կայացել։ ՌԴ-ն ուղարկել կամ վերադարձե՞լ է գումարը։

- Նորություն չկա, մենք ոչինչ չենք ստացել ՌԴ-ից։

- Գազատարի վերանորոգման պատճառաբանությամբ ՌԴ-ն փետրվարի 17-ից դադարեցրել է դեպի Հայաստան գազի մատակարարումը։ Սա ճնշո՞ւմ է Հայաստանի վրա։

- Իմ կարծիքով, գազն էլ, Լարսի անցակետն էլ նորից կփակեն, կբացեն ու էլի կփակեն։ Ինչպես հիմա Արցախն է Ադրբեջանի ձեռքում, այդպես էլ մենք ենք ՌԴ-ի ձեռքում։ Դա մեզ համար չպետք է անսպասելի լինի։

- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ եթե ՌԴ-ում գազատարի վերանորոգումը երկար տևի, Հայաստանն այլ տեղից վառելիք կներկրի։ Որտեղի՞ց կներկրի։

- Իրանից կբերենք։

- ՌԴ-ն թո՞ւյլ կտա Իրանին, որ մեզ ներքին սպառման համար գազ մատակարարի։

- Իրանը մեր դարավոր բարեկամն է, և չեմ կարծում, որ մեզ գազ չտա։

- Նախկին իշխանություններն ասում էին, որ Իրանը գազի համար ՌԴ-ից ավելի բարձր գին է պահանջում, այդ պատճառով էլ հրաժարվել են գնել այդ երկրից։

- Սուտ էին ասում, նրանք խաբում էին ժողովրդին։ Նախկինները պայմանավորվել են, որ մինչև 40-ականները մենք միայն պետք է ՌԴ-ից գազ գնենք։

- Իսկ երբ սկսվեն Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները, Արցախից ո՞վ պետք է լինի բանակցողը։ Նախկին բանակցող Վիտալի Բալասանյանը դուրս եկավ այդ գործընթացից։

- Ոչ մեկը անփոխարինելի չէ։ Այնտեղ շատ գրագետ, խելացի մարդիկ կան, որ կարող են շարունակել։

- ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարո՞ղ է լինել այդ բանակցողը։

- Այո, նա հիմա Ղարաբաղում է։ Ամենաուժեղ բանակցողը Սամվել Բաբայանն է լինելու։ Այդ մարդն իր հայրենիքի զինվորն է։ 1990-ականներին երբ մենք պարտվում էինք, Բաբայանը, նշանակվեց ՊԲ հրամանատար, և կտրուկ փոփոխություններ եղան ռազմաճակատում՝ մենք գնացինք դեպի հաղթանակ։ Նախկինները Ս․Բաբայանին Ղարաբաղից հանեցին, որ այնտեղ կարողանան ազատ գործունեություն ծավալել։ Հիմա հայրենիքի ձայնը նրան Ստեփանակերտ կանչեց, և նա գնաց, որ ինչ-որ կերպ աջակցի իր երկրի ճակատագրրի փոփոխությանը։ Թող իշխանությունները տեսնեն ու որոշեն։ Իմիջայլոց, նրա կուսակցությունը երկրորդն է խորհրդարանում և պարտավոր է մասնակցել գործընթացներին։

- Հայաստանում են ԵՄ դիտորդները, իսկ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին խնդրել է, որ փաստահավաք առաքելություն ուղարկեն Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք։ Այդ հարցը շատ ցավոտ է ընդունում ՌԴ-ն։ Մտահոգություն չունե՞ք, որ ՌԴ-ի դժգոհությունը շատ կսրվի, և նրանք կոշտ քայլ կանեն Հայաստանի նկատմամբ։

- Ես ասել եմ, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների լավ կամ վատ լինելը կախված է իրենցից։ Մենք 30 տարի նայել ենք նրանց ձեռքին ու ասել՝ դուք մեր պաշտպանն եք, մեր աստվածն եք, մեր ցարն եք, մեր ամեն ինչն եք։ Եվ մեր գլուխն ենք մտցրել միտքը, որ եթե ռուսները չլինեն, թուրքերը մեզ կուտեն։ Բայց անկախության տարիներին մենք տեսանք «օպերացիա-Կոլցո 1», տեսանք 1989-1990թթ․ գործողությունները, երբ դատարկվեց դաշտային Ղարաբաղը։ Ռուսները մեզ քշում էին գյուղերից՝, թե գնացեք, որ թուրքերը ձեզ չմորթեն, բայց իրենք այդ տարածքները նվիրեցին Ադրբեջանին։ Իսկ երբ մենք ինքնապաշտպանություն կազմակերպեցինք, տեսանք, որ ռուսներն ադրբեջանցիների հետ մեզ են դիմադրում։ Հույսներս դրեցինք մեզ վրա և հաղթանակ տարանք։ Հետո արդեն Ադրբեջանին զինեցին, 4-5 մլրդ դոլարի հարձակվողական ու պաշտպանական զենք տվեցին և ասում էին, թե դա բիզնես է։ Հետո եղավ 44 օրյա պատերազմը։ Իսկ այսօր այն պահն է, որ մենք ստիպված՝ ԵՄ-ին ու ՄԱԿ-ին ենք դիմում, թե մեր վիճակը լավ չէ, դիտորդներ ուղարկեք։ Իսկ դա ՌԴ-ին դուր չի գալիս, որովհետև արդյունքում նա այստեղ անելիք չի ունենա, նրա ոտքի տակից հողը գնում է, նա Հայաստանին դավաճանեց։

- Այո, բայց նա մեզանից ուժեղ է, և կարող է կտրուկ քայլեր անել մեր երկրի դեմ։

- Այո, մեզանից շատ հզոր է, բայց ի՞նչ մտավախություն։ Ջուրն ես մտել, թրջվելո՞ւց ես վախենում։ Մի բան լավ իմացեք՝ մեր երկիրը պահողը մենք ենք, ոչ ոք դա մեր փոխարեն չի անի։