Սեդա Սաֆարյանի հարցով ԱԺ–ն ՍԴ չի դիմի․ ՔՊ–ն դեմ է

մարտի 22, 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, քննարկվեց մարտի 22-ի նիստում՝ որպես գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն չստացած նախագիծ։ Ինչպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, ԱԺ լիագումար նիստում էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը։ Արդյունքում՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագծին կողմ էր քվեարկել 30 պատգամավոր:

Մինչև փակ գաղտնի քվեարկությունը ԱԺ նիստում նախագծի քննարկումը անցավ ընդդիմություն-իշխանություն փոխադարձ մեղադրանքներով:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նախագիծը ներկայացնելիս, հայտարարեց, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 16-ից պաշտոնը ստանձնելով, պահպանել է իր անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը մինչև 2023 թվականին հունվարի 27-ը: Մինչդեռ օրենքի պահանջի համաձայն՝ ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը: «ՍԴ դատավորը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, իսկ անհատ ձեռնարկատեր լինելը ձեռնարկատիրական գործունեություն է: Նա ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է դադարեցներ այդ կարգավիճակը՝ դուրս գար պետական հաշվառումից, ինչպես դա սահմանված է պատգամավորի դեպքում», -իրենց ներկայացրած փաստաթուղթը հիմնավորելիս պնդեց Մինասյանը:

Ընդդիմության այս նախագիծը ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի թիմի անդամ, իրավաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի իրավական վերլուծության հիման վրա է մշակվել:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով հանձնաժողովի բացասական եզրակացությունը, ասաց, որ Սեդա Սաֆարյանը պետությանը, կոնկրետ դեպքում՝ Պետական եկամուտների կոմիտեին ծանուցել է որպես անհատ ձեռնարկատեր և հարկ վճարվող իր գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին:

Խոսելով Մինասյանի մատնանշած ժամկետների մասին՝ Ջուլհակյանն ասաց, որ սեպտեմբերի 15-ը մեկամսյա ժամկետի սկիզբ ընդունելն անհեթեթ է, քանի որ այդ տրամաբանությամբ անձը, դեռ չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները: «Այս դեպքում «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի տառացի մեկնաբանությունը չենք կարող ընդունել որպես հիմք:  Դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների առնվազն բովանդակային խախտման մասին չենք կարող խոսել, և եթե կա խախտում, ապա դա տեխնիկական է: Նման հանգամանքների պարագայում տեղին չէ կիրառել այնպիսի գործիք, ինչպիսին է ԱԺ-ի կողմից դատավորի լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան դիմելը»,- նկատեց Արուսյակ Ջուլհակյանը:

ՔՊ–ի պատգամավորները ներկայացված նախագիծը առավելապես կապում էին ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ, որի սահմանադրականության հարցը «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է Սահմանադրական դատարանում:

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը Մինասյանին ուղիղ հարցրեց՝ «Հայաստան» խմբակցությունից քանի՞ պատգամավոր է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով, ու որքան է կազմում այն միջոցների չափը, որոնք դատախազությունը պահանջում է վերադարձնել պետությանը:

Մինասյանը հայտարարեց, որ այդ հարցն ընդհանրապես չի առնչվում քննարկվող նախագծին: «Կարծում եմ՝ ձեր հարցադրման շրջանակում կարող եք դիմել իրավասու մարմիններ, քանի որ, ինչպես հայտնի է, այսօրվա իրավապահ մարմինները շատ արդյունավետորեն քաղաքական հետապնդման գործիքակազմը հստակ իրականացնում են», -հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Երբ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց՝ արդյոք Սեդա Սաֆարյանի ԱՁ-ն նշված ժամանակահատվածում ունեցել է ֆինանսական շարժ, Արծվիկ Մինասյանը հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ իրենց էլ է դա հետաքրքիր, և նաև այդ պատճառով են դիմում ՍԴ, որ այնտեղ մանրամասն քննություն իրականացվի:

ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանին հետաքրքրում էր՝ ո՞րն է «Հայաստան» խմբակցության իրական նպատակը, այն, որ Սեդա Սաֆարյանը չշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ցույց տալ, որ գործընթացում խախտումներ կան: «Բարձր դատարանի դատավորի նկատմամբ հանրության շրջանում եղած կասկածները պետք է փարատվեն: Այդ պատճառով մենք նախաձեռնել ենք այս գործընթացը, որևէ կանխակալ վերաբերմունք չի եղել, զուտ օրենքի շրջանակում ենք սա դիտարկել», -պատասխանեց Մինասյանը:

«Հայաստան»–ից Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք Սեդա Սաֆարյանի «հետևից չեն ընկել», ուղղակի իրենց այս գործունեությամբ փորձում են Սահմանադրական դատարանը պահել որպես Սահմանադրական դատարան:

«Սահամանդրական դատարանը արդեն երեք տարի է՝ այս իշխանության ձեռքը խաղալիք է դարձել: Հիշեք 2020 թվականը, Հովակիմյան Վահագը փնթի նախագիծ էր բերել։ Տարան, բերին, վերջը դարձրին իրանց սեփական ՍԴ-ն: Սեդա Սաֆարյանի հետևից ոչ մեկ չի ընկել, ինքն է իր հետևից ընկել: Տեսեք՝ այստեղ ոչ մեկ չասաց, թե ինչու է Սեդա Սաֆարյանը իր ամուսնուն նշանակել իրեն վարորդ, քարը՝ գլուխը, դա իր բարոյական կոդեքսի մասին է խոսում: Քննարկվող հարցը միայն իրավական հարց է», -ասաց Մանուկյանը:

ՔՊ-ից Անդրանիկ Քոչարյանին, սակայն, չհամոզեցին ընդդիմադիր պատգամավորների պնդումները, և նա հայտարարեց, որ խնդիրը հենց Սեդա Սաֆարյանի անձն է, որին այդքան չի սիրում «Հայաստան» խմբակցության քաղաքական առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Խնդիրը հենց Սեդա Սաֆարյանն է, որովհետև Սաֆարյանի գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին, իսկ հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարարվի», -հայտարարեց Քոչարյանը:

Նկատենք, որ Սեդա Սաֆարյանը և Անդրանիկ Քոչարյանը 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խմբի շրջանակում աշխատել են միասին, իսկ Սաֆարյանը, որպես փաստաբան, դատարաններում ներկայացրել է այդ իրադարձություններից տուժածների շահերը: