ԱԺ 8-րդ գումարման 3-րդ պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից

ապրիլի 12, 2023

Ազգային ժողովի իշխող մեծամասնության թույլտվությամբ և ակտիվ համաձայնությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: 65 կողմ ձայնով Ազգային ժողովը, առավել կոնկրետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները համաձայնություն տվեցին, որ ընդդիմադիր պատգամավորը զրկվի անձեռնմխելիությունից, և նրա նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում՝ «ոչ շատ ծանր» մեղադրանքով:

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այս տարի արդեն երկրորդ անգամ էր եկել խորհրդարան՝ միջնորդելու անձեռնմխելիությունից զրկել ԱԺ «Հայաստան» խմբակցության հերթական պատգամավորին, այս անգամ՝ Մհեր Սահակյանին:

Առաջին անգամ Վարդապետյանը խորհրդարան եկել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի հետևից:

Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ, ներկաների նկատմամբ անհարգալից վարքագիծ: Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, շրջանցել է պատգամավորներից Ալխաս Ղազարյանին, մոտեցել է նիստը վարող Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Վլադիմիր Վարդանյանը վայր է ընկել, և հոնքը սկսել է արնահոսել:

Դատախազն ասաց՝ Վ․ Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:

Քննչական գործողությունների շրջանակում հարցաքննվել են պատգամավորներ, կատարվել են առերես հարցաքննություններ: Վարդապետյանի խոսքով, Մհեր Սահակյանը ներկաների նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է դրսևորել:

«Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, պատճառվել են բութ, կոշտ առարկայով»,-ասաց Վարդապետյանը:

Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը և ցուցմունք տվել այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքային շրջանի մարմնական վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և դատաբժշկական փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձևով:

Այսպիսով, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Մհեր Սահակյանի նկատմամբ որոշվել է հանրային քրեական հետապնդում հարուցել խուլիգանության (ՔՕ 297-րդ հոդված) և խուլիգանական դրդումներով մարմնական թեթև վնաս (171-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ կետ) պատճառելու համար: Ի դեպ, Սահակյանը հրաժարվել է մասնակցել դատաքիմիական փորձաքննության, չի հանձնել արյուն՝ պարզելու՝ արդյո՞ք օգտագործել է թմրանյութ, թե՞ ոչ:

Գլխավոր դատախազը նաև հստակեցրեց՝ Մհեր Սահակյանի արարքը քրեաիրավական հարթության վրա գնահատվում է որպես «ոչ մեծ ծանրության հանցագործություն», հետևաբար նոր Քրեական օրենսգրքով առաջին անգամ նման հանցանք թույլ տված անձը չի ազատազրկվի: «Նոր Քրեական օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակ կիրառել: Կիրառելի են մյուս պատժատեսակները, օրինակ՝ հանրային աշխատանքը, տուգանքը», -բացատրեց Աննա Վարդապետյանը:

Ինչ վերաբերում է Մհեր Սահակյանին, ապա ըստ գլխավոր դատախազի, նա հարցաքննության ժամանակ նշել է, որ Վլադիմիր Վարդանյանը ագրեսիվ քայլել է իր ուղղությամբ և պնդել, որ իր քայլերը ինքնապաշտպանական մղումներից են բխել: «Բայց նա չի ժխտել ու առերես հարցաքննության ժամանակ պնդել է իր կողմից Վլադիմիր Վարդանյանի դեմքին հարվածելու հանգամանքը»,-ընդգծեց Վարդապետյանը:

Անհրաժեշտ ինքնապաշտպանության դիմելու մասին իր պնդումը պատգամավոր Մհեր Սահակյանն արեց նաև Ազգային ժողովի նիստում՝ հայտարարելով. «Հարվածը եղել է և, եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ եմ պատասխան տալ հենց դրա համար, ընդհուպ մինչև ազատազրկում։ Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե թաքնվում են անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ, որ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»։

Ներկայացնելով միջադեպի իր տարբերակը՝ ընդդիմադիր պատգամավորը պատմեց հետևյալը.

«Հանձնաժողովում Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված թեմայի քննարկման ընթացքում Արծվիկ Մինասյանի օբյեկտիվ հարցադրմանը, թե արդյո՞ք Հռոմի ստատուտի վավերացումը չի առաջացնի ավելորդ ռիսկեր մեր Հանրապետության համար, իշխանական պատգամավորների կողմից արժանացավ բուռն արձագանքի և անհարկի վիրավորանքների։ Վեճի ընթացքում Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորեց ագրեսիվ վարքագիծ։

Նշեմ, որ վեճի ընթացքում չեմ միջամտել մինչ այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը, չարաշահելով իր՝ որպես վարողի լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք էր ցուցաբերում, մասնավորապես՝ գոռում և նկատողություն անում ընդդիմադիր պատգամավորներին։ Երբ հերթական անգամ վարողը, ձեռքը սեղանին հարվածելով, ցանկանալով ընդգծել քննարկումը վարողի և իշխանական պատգամավոր լինելու իր առավելությունները և ցուցադրաբար նայելով աչքերիս մեջ, մեղադրանքներ հնչեցնելով պահանջեց լռել, ես նույն տոնայնությամբ ձեռքս հարվածելով սեղանին, ոտքի կանգնելով իմ տեղից, պահանջեցի, որպեսզի հարգանք ցուցաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և կողմնակալ վերաբերմունք չդրսևորվի։

Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կանգնելով, բղավելով, որ ում վրա ուզի և երբ ուզի կարող է այստեղ բղավել, մոտեցավ։ Ես, հաշվի առնելով իր ագրեսիվ պահվածքը և բղավելով արագ ինձ մոտենալը, ուղղվեցի մեկ քայլով և հարված հասցրեցի զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, որից հետո, ցանկություն չունենալով, որ վեճը շարունակվի և ընդլայնվի, անմիջապես հեռացա այդ սենյակից»:

Մհեր Սահակյանը հայտարարեց, որ համաձայն չէ գլխավոր դատախազի միջնորդագրում ներկայացվածի հետ, թե իր արարքում խուլիգանության հատկանիշներ կան։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին՝ Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ մեղադրող կողմի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ պաշտպանության հանգամանքը բացակայել է:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նկատեց, որ միջադեպի որոշ մասնակիցներ, որոնց ինքը վստահում է, ասում են՝ Վլադիմիր Վարդանյանը քայլ է արել դեպի Մհեր Սահակյանը, ինչը Սահակյանը համարել է հարվածի ռիսկ ու դիմել է ինքնապաշտպանության: Սակայն դատախազը դա չի համարում անհնարժեշտ ինքնապաշտպանությանն ուղղված քայլ: Հետևաբար, պատգամավորի համար հետաքրքիր էր՝ ո՞րն է այն սահմանը, որը մարդը կարող է դիմացինից սպասվող հարվածը դիտարկել որպես ռիսկ:

Ի պատասխան՝ Վարդապետյանն ասաց, որ իրավաբանության մեջ կա կարծեցյալ պաշտպանություն եզրույթը, երբ անձին թվում է, թե կա հարձակում, բայց իրականում հարձակումը բացակայում է: «Այս պարագայում մեղադրող կողմի դիրքորոշումն այն է, որ սա կարծեցյալ պաշտպանության այն իրավիճակն է, երբ մենք գործ ունենք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության հետ, այլ հենց անհրաժեշտ պաշտպանության բացակայության հետ: Ապացույցների վերլուծությունը արդեն կկատարվի դատարանում, մեր դիրքորոշումը սա է», -հավելեց գլխավոր դատախազը:

Մեղադրյալ պատգամավորին հարցեր տալու և պատգամավորների ելույթների համար հնարավորություն չստեղծվեց, քանի որ ԱԺ որոշմամբ նշանակված ԱԺ հատուկ նիստը չկայացավ՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կազմակերպած սադրանքի պատճառով: Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր:

Եվ թեպետ պատգամավոր Մհեր Սահակյանը խոստացել էր, որ ինքը ևս կողմ կքվեարկի գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը, սակայն սահմանային լարվածության մասին տեղեկությունն ստանալուն պես մեկնել էր Սյունիք՝ չմասնակցելով քվեարկությանը: