Ամեն անգամ պետք է ցույց տանք հակառակորդին, որ պարապ չենք. Անդրանիկ Քոչարյան

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
–Ինչո՞վ էր պայմանավորված մայիսի 12-13-ի սադրանքը Ադրբեջանի կողմից՝ Սոթքի ուղղությամբ։ Դա, Ձեր կարծիքով, կապ ունի՞ այս օրերին տեղի ունեցող կարևոր հանդիպումների հետ:
–Տեղի է ունեցել ռազմական գործողություն, և հակառակորդը կրկին հանդիպել է դիմադրության՝ այս անգամ ավելի կազմակերպված: Հաջորդիվ նոր էսկալացիայի գնալուց առաջ կմտածի, որ իր դիմաց ավելի պատրաստված ռազմական միավոր կա, որին հաղթահարելը շատ ավելի բարդ խնդիր է լինելու իր համար։ Դա մենք տեսանք Սոթքում:
–Այս անգամ ավելի բա՞րդ է եղել հակառակորդի համար:
–Տեսանելի էր այնքան, որ նույնիսկ մեր լրատվական դաշտում գործող մունդռիկների կայքերը, ըստ էության, չկարողացան դա օգտագործել իշխանությունների դեմ պայքարի համար:
–Առաջիկայում հանդիպում է լինելու նաև Մոսկվայում: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից․անընդհատ խոսվում է, որ Մոսկվան ուզում է Մինսկի խմբի ձևաչափն ամբողջովին տապալել:
–Ռուս-ուկրաինական պատերազմից և 44-օրյա պատերազմից հետո այդ ձևաչափը լճացման փուլում է։ Դրա վերականգնումը շատ արդյունավետ կարող է լինել խաղաղության հասնելու ճանապարհին:
–Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Սոթքում փոխհրաձգությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն խաղաղություն, և ընդգծել է սահմանի երկայնքով ուժերի հետքաշման անհրաժեշտությունը: Ինչպե՞ս եք սա գնահատում:
–Շատ արդարացի և լեգիտիմ պահանջ է, և անհանգիստ աշխարհում լրացուցիչ ևս մեկ օջախ լարվածության մեջ պահելը ոչ մեկի շահերից չի բխում: Հասունացել է պահը, որ Ադրբեջանը չշարժվի 44-օրյա պատերազմում արձանագրած հաջողությունները ամեն օր նյութանականցելով։ Այս ընթացքում Հայաստանը, դասեր քաղելով պարտությունից, իրականացնում է գործողություններ, որոնք միտված են մեր անվտանգության համակարգի ուժեղացմանը:
–Բրյուսելում հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
–Տվյալ պարագայում, երբ մենք ունենք ակնկալիքներ՝ միտված խաղաղության հասնելուն, տեսնում ենք, որ հակառակորդը չի զլանում ևս մեկ անգամ ստուգել մեր զինված ուժերի պատրաստվածության աստիճանը՝ այս պահի դրությամբ:
–Կարծում եք՝ 44-օրյա պատերազմից հետո մենք մեր զինված ուժերում զգալի աշխատա՞նք է կատարվել:
–Մենք կատարել ենք աշխատանք, բայց ես զգալի բառը չէի օգտագործի։ Պետք է ամենօրյա աշխատանքով անընդհատ իրականացնել այն, ինչը գրված է կառավարության ծրագրում՝ ստեղծել այնպիսի զինված ուժեր, որը կլինի խիստ արդիական, արդիական սպառազինությամբ և ինտելեկտուալ բարձր կարողություններով օժտված անձնակազմով:
–Ե՞րբ ենք դա ունենալու:
–Հիմա այդ պրոցեսը գնում է։ Դուք պարզապես չեք ուզում մտնել այն միջավայրը, որտեղ դա իրականություն է դառնում՝ ուսումնական զորամասերը, ակադեմիան, որտեղ մեծ ծրագրեր են արվում, այն օրենսդրական հենքը, որ ստեղծվում է ԱԺ-ում՝ կառավարության հետ միասին: Վերջին հաշվով, դա տվել է իր պտուղները: Դրա փորձարկումը, որքան էլ ուզենք կամ չուզենք, ճակատային դիրքերում է լինում: Իհարկե, պատերազմից հետո մենք ունեցանք այլ հակադարձում, դրանից հետո եղան էլի գործողություններ մեր տարածքի տարբեր հատվածներում, բայց երկու օր առաջ Սոթքի գործողությունները տարբերվում էին Ջերմուկում տեղի ունեցած դեպքերից, Տեղ գյուղում ստեղծված իրավիճակից: Հաջորդիվ ամեն անգամ պետք է ցույց տանք հակառակորդին, որ պարապ չենք:
–Թեև 44-օրյա պատերազմից հետո հատորներով քրեական գործեր կան, բայց բացահայտումներ այդպես էլ չենք տեսնում, այդ թվում՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում:
–Ո՞նց կարող եք տեսնել, դա գաղտնի է:
–Ուզում եք ասել, որ լուրջ աշխատա՞նք է իրականացվում պատերազմի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
–Իմ իրականացրած աշխատանքները Ձեզ քաջ հայտնի են՝ փաստահավաք խումբ և քառօրյա պատերազմ: Ես որևէ անլուրջ գործողության մեջ մտած կա՞մ: Կա՞ այդպիսի արձանագրում: Չկա: Իսկ քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը 6 ամսով երկարացվեց, որովհետև ծավալը շատ մեծ է։ Այդ ծավալի մեջ պետք է կառուցենք այնպիսի եզրահանգում, որը կտա շատ հարցերի պատասխաններ։
–Իսկ ի՞նչ կարող եք անել, որ բոլոր հրավիրյալները գան քննիչ հանձնաժողով։
–Պատրաստվում ենք կանոնակարգ օրենքում փոփոխություն իրականացնել․ նրանք, ովքեր չեն գալիս, կգիտակցեն, որ պետք է հարգեն պետական ինստիտուտները և ներկայանան։ Գալը իրենց շահերից է բխում, ավելին՝ բխում է երկրի շահերից։ Արծրուն Հովհաննիսյանը վերջերս ասել էր, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կարող է շատ արտաքին քաղաքական իրողությունների առնչվել։ Սահմանադրական ներուժ ունեցող հանձնաժողով է, և եթե ասելիք ունես, հենց այստեղ պետք է ասես։ Ասվածը կարող է գաղտնի մնալ, բայց գաղտնիության մեջ այն կծառայի մեր երկրին։