Սուրեն Պապիկյանը՝ գենդերային հավասարության ջատագով

մայիսի 30, 2023

Հայաստանի զինված ուժերում կանանց ծառայելու մասին օրենսդրական նախաձեռնությունը միս ու արյուն է ստանում. Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրենքների նախագծեր, որոնց համաձայն կանայք կարող են ծառայել բանակում:

Մայիսի 30-ին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը ներկայացնելիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. զորակոչը լինելու է յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին և հոկտեմբերի 1-ին:

Պապիկյանը հստակեցրեց՝ 18-27 տարեկան կանանց ծառայությունը կամավոր է, և նրանք կարող են մոտակա զինկոմիսարիատում դիմում ներկայացնել ու անցնելով բոլոր բժշկական ստուգումները՝ զորակոչվել, ինչպես արվում է տղաների դեպքում: Սակայն դիմումը ներկայացնելուց հետո, երբ արդեն սկսվում է զորակոչը, ու նա մեկնում է ծառայության, ծառայությունն արդեն պարտադիր է դառնում:

Նաև ընդգծեց՝ դիմումը տալուց հետո իրավունք են ունենալու մինչև զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Զորակոչված իգական սեռի ծառայողները առանց վիճակահանության նշանակվելու են ուսումնական զորամասում, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդտեղ:

«Ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կանայք», -նշեց Պապիկյանը:

Ծառայության վեցամսյա ժամկետը լրանալու դեպքում զինծառայող կանայք ստանալու են պատվովճար` 1 մլն դրամի չափով: Եթե ծառայությունը առողջական խնդրի հետևանքով կիսատ մնա, այդ գումարը կկրճատվի: Ծառայած կանայք կարող են դիմել ու «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել պայմանագրային ծառայության, հետևաբար, օգտվել ծրագրի բոլոր արտոնություններից

Նախարարը նշել է նաև, որ իգական սեռի ներկայացուցիչները ծառայությունից հետո կհամալրեն պահեստազորի կազմը և անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ հիմա գործնական միջոցառումներ իրականացվո՞ւմ են կանանց գումարտակի տեղակայման համար: Պապիկյանը դրական արձագանքեց՝ ասելով, որ արդեն իսկ կազմակերպման աշխատանքներն սկսվել են. «Որոշված է այն զորամասի տարածքը, որին կցված է կանանց վաշտը: Դա հիմքն է դառնում կանանց գումարտակի, հետագայում՝ կանանց գնդի: Հենց այս կանանց գումարտակի զինծառայողներն էլ հանդիսանալու են ուսումնական գումարտակի վարչակազմը»:

Մյուս հարցին՝ եթե զինծառայության անցած ամուսնացած կինը գնում է կարճատև արձակուրդ, հետո գալիս ու շարունակում ծառայությունը, որի ընթացքում պարզվում է՝ հղի է, ի՞նչ է արվելու այդ պարագայում, նախարարը արձագանքեց. «Եթե նման ուրախալի դեպք լինի, միայն կողջունենք»:

Ինչո՞ւ ենք նման նախաձեռնությամբ հանդես գալիս, ռեսուրսի խնդի՞ր ունենք, թե՞ մոդայիկ է, -ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցն էր:

«Ես չէ, որ պետք է խոսեմ գենդերային հավասարության մասին, բայց շատ կարևոր է, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիները իրենց զգան լիիրավ, հավասար տղամարդկանց... այդ թվում՝ հայրենիքը պաշտպանելիս: Մենք խոսում ենք կանանց իրավունքները պաշտպանելու մասին, որոնք ավելի շատ թույլին պաշտպանելու մասին են, բայց ես կարծում եմ՝ կանայք ավելի ուժեղ են, քան ձևավորված է կարծիք», -արձագանքեց Սուրեն Պապիկյանը:

Գեղամ Մանուկյանի համար տարօրինակ է՝ ինչո՞ւ է կառավարությունը այս նախաձեռնության իրականացման հիմքում դնում գենդերային հավասարությունը. «Զինված ուժերի համալրման, մակարդակի բարձրացման, բարեփոխումների իրականացման հարցը գենդերային հավասարության հետ որևէ աղերս չունի: Գենդերային հավասարության հարցը կարող են բարձրացնել հասարակական սեկտորը, կազմակերպությունները, անհատները, բայց Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգում գլխավոր հարցերից մեկը դարձնել գենդերային հավասարությունը, նորմալ չէ»:

Նա նկատեց, որ այս նախաձեռնությունը պետք չէ ներկայացնել սենսացիոն կամ հեղափոխական փոփոխություն, քանզի կին զինվորական տեսնելը իր համար սովորական բան է:

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանին դուր չեկավ Գեղամ Մանուկյանի արձագանքը և նա սկսեց թվարկել՝ ինչ բարեփոխումներ են իրականացվում բանակում. «Աշխատանքներ կատարվում են, չէ՞, թե՛ սպառազինության, թե՛ ռազմաքաղաքական մեր գործընթացների տեսանելի ու անտեսանելի հատվածներում: Այս նախաձեռնությունը բարեփոխումների քայլերից մեկն ա: Էսօրվա համազգեստն էլ կփոխվի, մեջի մարդն էլ կփոխվի: Հիմա կասկածի տակ դնել բոլոր բարեփոխումները, կներեք ...: Տարեվերջին ի մի կբերենք, կտեսնենք, որ իրական բարեփոխումներ են կատարվել բանակում»:

Արձագանքելով Մանուկյանին՝ Պապիկյանն ասաց, որ խոսքը Զինված ուժերը գլխաքանակով համալերու մասին չէ, այլ բանակում մարտական պատրաստվածությամբ կին զինծառայողներ ունենալու:

Ընդդիմությունից նիստին ներկա էր միայն Գեղամ Մանուկյանը, որը ձեռնպահ քվեարկեց նախագծին: Իշխանական խմբակցության աջակցությամբ զինված ուժերին վերաբերող նախագծերի փաթեթը հաստատվեց և կընդգրկվի առաջիկայում կայանալիք ԱԺ լիագումար նիստի օրակարգում: