ԱԺ կանոնակարգի փոփոխությունները մոտեցրին արտահերթ ընտրությունները

հոկտեմբերի 8, 2018

Հարցազրույց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ:

-Տիկին Նազարյան, բանակցություններն ընդհատվեցին ազգային համաձայնության կառավարության փլուզումով: Ի՞նչ եք անելու առաջիկայում:

-Արտահերթ ընտրությունները խոչընդոտելու համար ԱԺ կանոնակարգ օրենքում արված լրացումը շուռ եկավ հեղինակած ուժերի դեմ, և մոտեցրեց ընտրությունների անցկացման ժամկետը: Նախագիծն այնպես հապշտապ ներկայացրին, որ բանակցությունների ընթացքում չհասցրեցինք ասել, որ դա անընդունելի է: Եթե մենք բանակցություններ ենք անցկացնում, որ արտահերթ ընտրությունների գործընթացը բոլորի համար հնարավորինս շահեկան լինի, ինչո՞ւ են ական դնում բանակցությունների տակ:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդպես արեցին:

-Այդ ուժերը կամ նրանց անդամները գուցե ունեն վախեր, թե չեն կարողանա բանակցային սեղանի շուրջ գալ պայմանավորվածության, որ իրենց հանդեպ քաղաքական հենտապնդում չի լինելու: Մենք, սակայն, ասել ենք, որ քաղաքական հետապնդումներով չենք զբաղվելու, իսկ եթե քրեական հետապնդման հիմքեր կան, դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները, մենք չենք միջամտելու: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը թերևս ամենաազնիվը գտնվեց, երբ ասաց, թե այդպիսով ուզում էին ամրապնդել բանակցային հիմքերը, բայց արդյունքում և՛ կառավարության, և՛ հանրության, շրջանում անվստահության մթնոլորտ սերմանվեց: Կարող էին խոսել, թե ինչ վախեր ունեն, ինչ շահերով են առաջնորդվում, և ընդունեին, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա, պետք է հնարավորինս շուտ ընտրությունների գնալ: Մինչդեռ եկան կուլիսային պայմանավորվածության և փորձեցին իրենց հատուկ մեթոդներով հարցը լուծել՝ մոռանալով, որ ժամանակները փոխվել են, ու բանակցող կողմը, ունենալով հանրային մեծ աջակցություն, թույլ չի տա իր հետ քաղաքական առուծախ անել:

-ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում ասաց, որ կանգնած է եղել հեղափոխություն անող ուժի կողքին, ջուր է ուղարկել, մարդ բերել: Զգացե՞լ եք այդ աջակցությունը:

- Մարդ չէին կարող բերել, որովհետև մարդիկ ինքնուրույն են եկել: Օգտագործում են բառեր, որոնք վիրավորում են մարդկանց: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ բանակցությունները երբևէ չպետք է դադարեն, թեև բանակցային շատ հնարավորություններ չունենք: Երկխոսության նոր հնարավորություն կարող է լինել նոր Ընտրական օրենսգիրքը, և կտեսնենք, թե ինչպես կընդունեն: Գագիկ Ծառուկյանն ասում է, թե հեղափոխության կողքին է եղել, բայց հայտնի քվեարկությունից առաջ էլ էր դա ասում: Ի՞նչ է, տեղյակ չէ՞ր այդ քվեարկությունից: Դե, թող հայտարարեն, որ իրենք վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Իրենց քայլերով ձախողեցին բանակցությունները:

-ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեք, նրանք ձեզ գործընկե՞ր են, մրցակի՞ց, թե՞ ՀՀԿ-ի հետ միասին՝ հակառակորդ:

-Այդ կուսակցություններին հաջողվել էր հեղափոխությունից հինգ պակաս աջակցել համաժողովրդական շարժմանը, զգացել էին՝ քամին որտեղից է փչում, թեև դրանից օրեր առաջ կողմ էին քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Տեսել ենք, թե այդ ուժերը քանի անգամ են ոչնչացել և նորից հառել: Ականատեսն ենք քաղաքական մշակույթի, որը շատ հագեցած է հակասություններով: Վստահության ռեսուրսը սպառվում է, բայց դեռ հնարավորություններ կան:

-Եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին, կհասցնե՞ք Ընտրական օրենսգիրքը փոխել:

-Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները խորհրդարանի համար աշխատանքային են, կարող ենք հասցնել փոխել ու նորով գնալ: Եթե չհասցնենք, գործող օրենսգրքով կգնանք, ինչը ցանկալի չէ, թեպետ ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ կարևորը քաղաքական կամքն է, և կառավարող ուժը չունի կեղծարարության ցանկություն և անհրաժեշտություն: Այնուամենայնիվ, ԸՕ-ն մնացել է այն միակ կետը, որը դեռ կարող է դառնալ երկխոսության առարկա:

-ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի առանձի՞ն թե դաշինքով:

-Մենք որոշել ենք մեր ցուցակը ձևավորելիս հնարավորինս ընդգրկուն քաղաքականություն վարել, ինչպես Երևանի ավագանու ցուցակի դեպքում: Իհարկե, հաշվի է առնվելու ԱԺ-ի դերը, հանձնաժողովներում դժվար աշխատանքն ու միջազգային կառույցներում ներկայանալի լինելու կարողությունը: Շեշտը միայն ՔՊ-ի վրա չենք դնելու:

-ԵԽԽՎ Հայաստանի դիտորդական հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան օրերս տարածած իր հայտարարության մեջ կարևորել էր, որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ ու բավականաչափ ժամանակ ունենան պատրաստվելու արտահերթ ընտրություններին: Նաև շեշտել էր, որ թեև Երևանի ավագանու ընտրությունները հստակորեն ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները, միաժամանակ, մասնակցության ցուցանիշը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը դեռևս ցածր է:

-Շատ ընդհանուր և միակողմանի կարծիք էր ներկայացված: Պատճառն էլ գիտեմ: ՀՀԿ պատգամավորները, ովքեր ակտիվ են միջազգային հարթակներում, ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին բացասական և խեղաթյուրված տեղեկություններ են ներկայացնում: Կարծում եմ՝ ԱԳՆ-ն պետք է աշխատանք տանի, մեր դեսպանները տարբեր երկրներում խորհրդարանականների հետ հանդիպեն և ներկայացնեն, թե իրականում ինչ է կատարվում ՀՀ-ում: Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է չգնահատել ՀՀ-ում երկար տարիներ անց վերջապես ազատ արդար ընտրությունների անցկացումն այն դեպքում, երբ բոլոր ուժերը, այդ թվում ՀՀԿ-ն, ընդունեց արդյունքները: