ԱԺ արտահերթից հետո

ՀՀ քաղաքացին օր ունի, գազը՝ նոր չափման միավոր, իսկ ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահներն ու անդամները կնշանակվեն երեք ամիս հետո
Ազգային ժողովի ապրիլի 9-ի արտահերթ նիստի օրակարգային բոլոր հարցերը կառավարության առաջարկով քննարկվեցին հատուկ ընթացակարգով։ Նախագծերն ԱԺ-ում ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախագծերի ընդունման հրատապությունը պայմանավորեց դրանց բովանդակությամբ։
Հեղափոխությունից հետո չեն հասցրել
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների նախագծերով գործադիրն առաջարկում է մինչև հունիսի 30-ը հետաձգել անցած տարի մարտի 23-ին նույն օրենքում կատարված փոփոխության գործունեության ժամկետը: Այդ փոփոխության համաձայն՝ ՀՀ նախագահն իր պաշտոնը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում վարչապետի առաջարկությամբ պետք է նշանակի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների նախագահներ ու անդամներ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր պաշտոնը ստանձնել է 2018թ. ապրիլի 8-ին, նրա պաշտոնավարման 1 տարին լրացավ 2019թ. ապրիլի 9-ին, հենց այդ ժամկետով էլ պայմանավորված է կառավարության այս նախաձեռնության հրատապությունը:
Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ՝ անցած մեկ տարում հայտնի իրադարձությունների արդյունքում կառավարությունը գործնականում հնարավորություն չի ունեցել հանձնաժողովի նախագահի ու անդամների թեկնածուներ ներկայացնել: Եվ որպեսզի ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահների ու անդամների լիազորությունները չավարտվեն ապրիլի 9-ին, կառավարությունը որոշել է երարաձգել իրավական այդ կարգավորման գործունեության ժամկետը:
Միևնույն ժամանակ, արդարադատության նախարարի խոսքերով, 2018թ. մարտի 23-ին ընդունված այդ նախագծի շուրջ կառավարությունում կա սահմանադրականության, իրավական և քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ տարակարծություն: «Ուստի իշխանությանը անհրաժեշտ է ժամկետ, որ ավելի հանգիստ պայմաններում հնարավոր լինի քննարկել հիմքերը, քննարկի իրավական ու քաղաքական նպատակահարմարության հարցը, նոր հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ»,- հավելեց Զեյնալյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե խոսքը ինչ տարակարծությունների է վերաբերում:
Օրենքների նախագծերն ընդունվեցին միաձայն՝ 107 կողմ քվեարկությամբ:
ՀՀ քաղաքացին արդեն օր ունի
«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծով գործադիրն առաջարկում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշանակել քաղաքացու օր: Իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին կիրակի օրը: Այս նախագծի հիմնավորման մեջ կառավարությունը քաղաքացու օր ունենալու անհրաժեշտությունը պայմանավորել է 2018թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներով: Եվ որ բազմաթիվ տոների ու հիշատակների կողքին որպես տոն չի նշվել քաղաքացու տոնը: «Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության մեջ նոր էջ բացած, ՀՀ հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով տոնելու ՀՀ քաղաքացու օրը»,- նշված է հիմնավորման մեջ:
«Այս քայլը համարում եմ ժամանակավոր լուծում։ Մենք դեռ պետք է հասկանանք՝ արդյո՞ք մեր ժողովուրդն ընկալում է այս տոնը: Եթե չի ընկալում, ապա պետք է հրաժարվենք դրանից, իսկ եթե ընկալում է, ապա պետք է մտածենք այն ոչ աշխատանքային օր դարձնելու մասին»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։
Արտակ Զեյնալյանը նախագծի հրատապությունը բացատրեց առաջիկա ապրիլի 23-ով. հենց այդ օրն է նախատեսվում նշել քաղաքացու օրը, և կառավարությունը պատրաստվում է այդ օրը միջոցառումներ կազմակերպել:
Այս նախագիծն ընդունվեց 97 կողմ, 3 դեմ և 6 ձեռնպահ ձայնով: Դեմ և ձեռնպահ քվեարկողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն էին:
Գազի չափման միավորը կփոխվի, բայց գինը չի բարձրանա
Հրատապ կարգով քննարկված երրորդ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծով կառավարությունն առաջարկում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով և զուգահեռաբար վերահաշվարկել նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Չափման միավորը պետք վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի հարաբերակցության տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի 34.867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր՝ 1 տոննայի հաշվով 34.000 դրամ: «Սա որոշակի անհարմարություններ է ստեղծում այն առումով, որ ավտոգազալիցքավորման ճնշակայանները (ԱԳԼՃԿ) սեղմված բնական գազն իրենց մատակարարից ստանում են ԿԳ-ով։ Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ ակցիզային հարկով հաշվառում վարելու համար ստիպված են իրացման ծավալները հաշվառել խորանարդ մետրով, արհեստական միջամտություն ենք կատարում հաշվառման համակարգին ու կգ-ից անցնում խորանարդ մետրի՝ կիրառելով համապատասան գործակից», - ասաց նախագիծը զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Նրա ներկայացմամբ՝ իրավիճակը ռիսկային է սպառողների շահերի պաշտպանության ու գազը թերակշռելու առումով։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս փոփոխությունը գազ օգտագործող վարորդների օգտին է, և կկարողանա՞ն նրանք ձեռք բերված վառելիքով ավելի շատ վազք կատարել։
«Վստահաբար կարող եմ ասել, որ առաջարկվող օրինագծի ընդունումը ուղակիորեն պաշտպանելու է սեղմված բնական գազով մեքենաները շահագործող քաղաքացիների իրավունքներն ու շահերը, քանի որ առաջարկվում է ընտրել վերահսկելի, տեսանելի չափման միավոր։ Այս դեպքում սպառողն ավելի մեծ վստահություն ունի, որ ձեռք է բերում իր կողմից կատարված վճարմանը համապատասխանող սեղմված բնական գազ», - արձագանքեց փոխնախարարը։
ԼՀ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախագծի հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդո՞ք այս կարգավորումը չի ավելացնի հարկային բեռը, ինչն էլ կհանգեցնի գազի թանկացման։ Փոխնախարարը վստահեց, որ չհիմնավորված թանկացումներն ու չարաշահումները կանխելու համար ապավինելու են ՏՄՊՊՀ-ին:
Նախագիծն ընդունվեց 107 կողմ ձայներով: