«Իմ քայլ»-ը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին

Արտահերթ նիստ չի կայանա. ԱԺ խորհուրդը դեմ էր
Մայիսի 22-ին ԱԺ խորհուրդը արտահերթ նիստում մերժեց արտահերթ նիստ գումարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը: Կողմ քվեարկեց խորհրդի ընդամենը 5 և դեմ՝ 10 անդամ: ԱԺ խորհրդում, որը կազմված է ԱԺ նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից, «Իմ քայլը» մեծամասնություն է: ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում ևս մեկ անգամ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորությունը, թեպետ կարծում է, որ առաջիկայում խնդիրը կարող է դառնալ ժամանակավրեպ:
«Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր արտահերթ նիստ հրավիրել և քննարկել Նիկոլ Փաշինյանի կոչի հիման վրա քաղաքացիների կողմից Հայաստանի բոլոր դատարանների շենքերի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ Վարչապետը նման կոչով հանդես էր եկել մայիսի 18-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու որոշումից հետո։
ԼՀ-ի նախաձեռնությանը, խմբակցության 18 պատգամավորներից բացի, միացել էին ԲՀԿ-ի ևս 18 պատգամավոր. արդյունքում՝ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 33 ստորագրության փոխարեն հավաքվել էր 36-ը:
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը համոզված էր, որ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու Նիկոլ Փաշինյանի կոչը հակասահմանադրական է, որովհետև ՀՀ Սահմանադրության163-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արդարադատության իրականացմանը որևէ ձևով միջամտելն արգելվում է: «Եվ եթե նա ինչ-որ մարդկանցից քաղաքական հիսաթափություն ունի, դա չպիտի արտահայտվի դատարանների նկատմամբ ճնշում գործադրելով, դատարանների աշխատանքը կազմալուծելով»,- պնդում էր պատգամավորը։
Փաշինյանի կոչը քննարկման ենթակա չէ
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գնահատմամբ՝ ԱԺ խորհուրդը որոշումը կայացրել է օրենքի պահանջին համապատասխան, իսկ ավելի վաղ լրագրողների հետ նրա զրույցից պարզ էր դարձել, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ուզում քննարկման առարկա դարձնել ԼՀ խմբակցության օրակարգի առաջին հարցը՝ դատարանները փակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչը:
Նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը համոզված էր, որ իշխանությունը հիմք է դնում շատ ավելի վատ ավանդույթի: «Մենք հիմա ունենք կոնկրետ ստորագրահավաք, հայտարարության տեքստը պատրաստ է, բայց նիստ չենք կարողանում գումարել։ Նիստին հնչած կարծիքներից մեկն էլ այն էր, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մոտ ու ժողովրդի հետ», - հավելեց նա։
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ վարչապետի հնչեցրած` դատական համակարգում վեթինգ իրականացնելու առաջարկն իրենցն է եղել, և իրենք պաշտպանում են նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Իսկ արտահերթ նիստում իրենց ներկայացրած օրակարգի հարցերը քննարկելուց հետո խորհրդարանը կընդուներ գործադիր իշխանությանն ուղղված հայտարարություն այն մասին, որ դատաիրավական բարեփոխումների ցանկացած ձեռնարկ պետք է իրականացվի ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պարտավորությունների հարգման շրջանակում: «Բայց իրենք կարծում են, որ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին, եթե չխոսեն, լռեն, ապա ամեն ինչ կանցնի: Երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց, այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը մի լավ միտք ասաց՝ քիչ խոսեք տնտեսական ճգնաժամից, և ճգնաժամ չի լինի։ Երևի հիմա «Իմ քայլի» պատգամավորները մտածում են, որ եթե քիչ խոսեն, որ դատարանների ելքերն ու մուտքերը փակել են, ապա սահմանադրական խախտումը կանցնի ու կգնա»,- նկատեց Էդմոն Մարուքյանը։