ԱԺ մեծամասնությունը գնում է սահմանադրական փոփոխությունների

փետրվարի 5, 2020

7-րդ գումարման Ազգային ժողովը պատրաստվում է առաջին անգամ օգտվել Սահմանադրության 202-րդ հոդվածով իրեն տրված իրավասությունից և փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ։

Մայր օրենքի մի շարք հոդվածներում փոփոխություն կատարելու նախաձեռնության իրավունք, ըստ 202-րդ հոդվածի, ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի: Սահմանադրական փոփոխությունն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Փետրվարի 6-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստի նախօրեին՝ աշխատանքային օրվա ավարտին, հրապարակվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Ենթադրվում էր, որ այս նախագիծը կներկայացվի ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծերի ընդունումից հետո, բայց խորհրդարանական մեծամասնությունը որոշեց դրանք ներկայացնել միաժամանակ ու թերևս միանգամից լուծել Սահմանադրական դատարանի «հարցը»։

«Իմ քայլ» խմբակցության 37 պատգամավորների ներկայացրած նախագիծը կազմված է երկու հոդվածից։ Խորհրդարանի մեկ քառորդն առաջարկում է Սահմանադրության 213-րդ հոդվածը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը, շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Մյուս փոփոխությամբ սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար կառավարությունը, հանրապետության նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որը պետք է ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:

Նշվում է, որ սահմանադրական փոփոխությունը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Փոփոխության արդյունքում ՍԴ ինը դատավորներից յոթի պաշտոնավարումը կդադարեցվի, քանի որ նրանք ՍԴ դատավորներ են նշանակվել մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Երկու դատավորները՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը, ՍԴ դատավորներ են ընտրվել Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո։

Սահմանադրության փոփոխությունների հեղինակները հիմնավորման մեջ նշում են, որ նախաձեռնության նպատակը «Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է»։

Նրանք նաև խնդիր են համարում «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտը», որի մեջ, ըստ նախագծի հեղինակների, ՍԴ-ն ունի ուղղակի պատասխանատվության իր բաժինը՝ «նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի և ժողովրդի կողմից իր իշխանությունն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով հօգուտ օրվա իշխանության»։

Հատկանշական է, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության հեղինակները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քաղաքական թևի ներկայացուցիչներն են․ խմբակցության իրավաբան-պատգամավորները՝ Նիկոլայ Բաղդասարյան, Վլադիմիր Վարդանյան, Սուրեն Գրիգորյան, չեն միացել նախաձեռնող խմբին։

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում, բացի սահմանադրական փոփոխությունների նախագծից, ընդգրկված է նաև «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որը քննարկվելու է հատուկ կարգով՝ միանգամից երկու ընթերցումներով։

Առաջարկվում են փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում, որոնք երեքն էլ սահմանադրական օրենքներ են: Այս օրենքներում փոփոխությունների ընդունումն ապահովելու է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու բարեհաջող ընթացքը։ Առաջարկվում է հանրաքվեի դրվող կամ Ազգային ժողովում ընդունվող Սահմանադրության փոփոխությունների նախագծերի համար ՍԴ-ի կողմից դրանց սահմանադրականության որոշումը դարձնել ոչ պարտադիր: Բացի այդ, հնարավորություն է տրվում Ազգային ժողովի նախագահին անձամբ հրապարակել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները՝ առանց նախագահի ստորագրման։

ԱԺ խորհրդում ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանից» երկու, «Բարգավաճ Հայաստանից» երեք պատգամավոր, դեմ է քվեարկել փետրվարի 6-ի արտահերթի նիստի օրակարգի հաստատմանը։

«Մենք դեմ ենք քվեարկել ԱԺ խորհրդի նիստում ներկայացված բոլոր նախագծերին՝ արտահերթ նիստ անցկացնելուն, հատուկ ռեժիմով քննարկելուն, բոլոր որոշումներին», -նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ ներկայացված բոլոր նախագծերը քաղաքական բնույթ ունեն և իրենք կողմ չեն քվեարկելու դրանց։

«Նիստում համապարփակ, երկար ու բովանդակային քննարկում կլինի և բոլոր հարցերի պատասխանները կստանաք նիստի ընթացքում»,- ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հրաժարվելով պատասխանել հարցերին։