Գործադիրը կվերաբաշխի բյուջեն առանց ԱԺ-ի, բայց՝ օրենքով

ապրիլի 29, 2020

Կորոնավիրուսի համաճարակի առողջապահական և տնտեսական հետևանքները կանխարգելու և մեղմելու համար կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այդ նպատակով ապրիլի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրել էր նախագիծ՝ բյուջեի դեֆիցիտը ընդլայնելու, նախատեսված 4,9 տնտեսական աճի փոխարեն բյուջեում ՀՆԱ-ի 2 տոկոս անկում ամրագրելու և ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը 2,6 տոկոսի փոխարեն 2,1 տոկոս դարձնելու մասին: Նախագծով առաջարկվում էր նաև գործադիրին բյուջեի ծախսերը վերանայելու իրավունք տալ: Օրինագծով բյուջեի ծախսերի կրճատում չի նախատեսվում, պարզապես առաջարկվում է թույլ տալ փոփոխություններ իրականացնել` մի ծախսը փոխարինել մեկ ուրիշով:

Բյուջեի մասին օրենքով կառավարությունն իրավունք ունի յուրաքանչյուր տարի ՀՆԱ-ի՝ մինչև 3 տոկոս դեֆիցիտ ներգրավել: 2020թ. բյուջեով նախատեսված էր վերցնել 161 մլրդ դրամի պետական պարտք: Կառավարության առաջարկությունը խորհրդարանին ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, թե արտակարգ դրության հետևանքով բիզնեսը չի աշխատում, հետևաբար, նվազելու են հարկային եկամուտները: Նույն վիճակն է նաև գործընկեր միություններում և երկրներում. սպասվում է մասնավոր տրանսֆերտների նվազում, գունավոր մետաղների գնի անկում, արտահանման նվազում:

Բացի այդ, նվազել է հիմնական արտահանման ուղղություն հանդիսացող Ռուսաստանի ազգային արժույթի` ռուբլու փոխարժեքը: Այս գործոնների բացասական ազդեցության արդյունքում մեր երկրում ավելի է նվազելու եկամուտների հավաքագրումը: Հետևաբար, առաջանում է պարտքի բեռը ավելացնլելու և դեֆիցիտը 5 տոկոսի կամ 324 մրդ դրամի հասցնելու անհրաժեշտություն, որպեսզի կառավարությունը կարողանա հակազդել համավարակի բացասական հետևանքներին: Նախատեսվում է պարտ ներգրավել թե՛ միջազգային դոնոր կազմակերպություններից, թե՛ ներքին աղբյուրներից:

Համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու և տնտեսության վերականգնման նախադրյալներ ստեղծելու համար արդեն հատկացվել է շուրջ 150 մլրդ դրամ, ինչը գերազանցում է «Բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված 3 տոկոսը: Այդ պատճառով կառավարությունը ԱԺ-ից թույլտվություն էր ուզում նաև պահուստային ֆոնդից կատարվող հատկացումների չափը գերազանցելու համար:

«Այս ճգնաժամը գնահատվում է աննախադեպ, աննախադեպ է նաև առաջացրած շոկը, որովհետև դրսևորումներն են տարբեր: Հակազդման քաղաքականությունը նույնպես աննախադեպ է, որովհետև գործ ունենք ոչ միայն տնտեսական խնդիրների, այլև մարդկային առողջության, կյանքի հետ: Հետևաբար, մեծ է անորոշությունը, և աշխարհում որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այս իրավիճակը որքան է տևելու, և նախատեսվող միջոցառումները որքան են լինեու»,- հայտարարեց Ատոմ Ջանջուղազյանը:

Հանուն Միքայել Մինասյանի` մարտեր առանց կանոնների

2020թ բյուջեում փոփոխություններ կատարեու վերաբերյալ նախագծի քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում, ընդդիմադիր և իշխանական պատգամավորները քննադատեցին ու վիրավորեցին միմյանց ու հիշեցին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա փեսա Միքայել Մինասյանին: «Փոխհրաձգությունը» հիմնականում «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև էր: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Լուսավոր Հայաստանին» մեղադրում էր այս երկու նախկին պաշտոնյանների հետ կապ ունենալու մեջ: Ի պատասխան՝ ԼՀ-ից Անի Սամսոնյանը իր ելույթում ասաց, թե Ալեն Սիմոնյանին իր թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց՝ իրենք ընդունեն: Հետևեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունը. այն ուղղված էր Անի Սամսոնյանին, բայց վերաբերում էր Էդմոն Մարուքյանին. «Ես պատասխանելու եմ Ձեր փեշի հետևում պախկված էդմոն Մարուքյանին, նա ծանր տարավ, որ Միշիկ Մինասյանի մասին վատ բան ասեցի»,-ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց`«Ա՛յ հոգնած, անբարոյականի վաստակ»: «Քաղաքական տրյապկա, հոգնածը դու ես, դու-ն դու ես, Միշիկիդ է , անբարոյականի վաստակը դու ես»,- հակադարձեց Ալեն Սիմոնյանը:

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը դժվարությամբ զսպեց պատգամավորներին: «Չի՛ կարելի սադրել, հետո դժգոհել, պետք է մակարդակը պահել, սա խորհրդարան է»,- ասաց ԱԺ նախագահը՝ ԼՀ խմբակցության ղեկավարին հիշեցնելով, որ առաջինը նա է սադրել՝ տեղից բղավելով՝ «հոգնած»:

«Հակամարտությունը» հանգուցալուծվեց ֆեյսբուքում. կեսգիշերին Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը տեղի ունեցածի համար ուղիղ եթերում ներողություն էին խնդրում խորհրդարանից, ժողովրդից, Ալեն Սիմոնյանը՝ նաև Անի Սամսոնյանից:

Փող բաժանեք

Խորհրդարանում կրքերի բորբոքման պատճառը «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունն էր. ԼՀ-ն համաձայն էր կառավարության հետ. ճգնաժամային պայմաններում պետք է մեծացվի պարտքի չափը, ընդունում էր, որ տնտեսական ցուցանիշները նվազելու են, բայց դեմ էր կառավարությանը բյուջեի ծախսերը վերաբաշխելու անսահման հնարավորություն տալու առաջարկին: ԼՀԿ պատգամավորները պնդում էին, որ խորհրդարանը վերահսկելու իր լիազորությունը զիջում է կառավարությանը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված էր, որ կառավարությունը, բյուջեում ինչ փոփոխություն-վերաբաշխում էլ կատարի, դա նախապես պետք է ներկայացնի ԱԺ-ի քննարկմանն ու հաստատմանը: Նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու մեծամասնության պատգամավորները պատասխանում էին, որ ավելի արագ և համարժեք որոշումներ կայացնելու համար կառավարությանն անհրաժեշտ է ավելի ճկուն գործիքակազմ, և որ գումարների վերաբաշխումը ոչ բոլոր ծախսերին է վերաբերում` կան բյուջետային ծախսեր, որոնք մնալու են անփոփոխ: Իշխանության ներկայացուցիչները լավատեսորեն կարծում էին, որ այդ իրավունքը կառավարությանն անհրաժեշտ է միայն այս տարի, հաջորդ տարվա բյուջեում արդեն դա չի նախատեսվի:

Էդմոն Մարուքյանը պնդում էր նաև, որ կառավարությունն ունի տնտեսած միջոցներ և բյուջեն վերաբաշխելու կամ պարտքն ավելացնելու փոխարեն կարող է դրանք օգտագործել: «Վերջին երկու տարիներին ՀՀ քաղաքացիների բախտը բերել է, կապիտալ շինարարությունը թերակատարվել է, հարկային լավ տարի է եղել, մարդիկ շատ մեքենա են բերել և հարկեր վճարել: Եվ 385 միլիարդ խնայողություն կա: Ճիշտ եք, որ ազատ գումար չէ, 150 միլիարդի չափ պարտավորություններ կան, բայց մոտ 200 միլիարդը կառավարությունը կարող է ծախսել, աջակցել և սրսկել տնտեսության մեջ: Մենք ասում ենք յուրաքանչյուր ընտանիքի 100 հազար գումար տվեք, թոշակառուներին մեկ ամսվա հավելյալ թոշակ: Այդ երկու ծրագրերը 100 միլիարդը չեն անցնում: Ամբողջ աշխարհը մարդկանց ուղղակի փող է տվել, դա ամենաարդյունավետ միջոցն է եղել, և տասնչորս ծրագիր չեն արել: Ասեք, անվերադարձ ինչքան փող կարող եք տալ, ՀՆԱ-ի քանի՞ տոկոսը: Ես ընդամենը քաղաքացիներին տեղեկացրի, որ կա փող, կառավարությունը պետք է հանի ու տա ձեզ»,- եզրափակեց ԼՀԿ նախագահը:

«Մենք դասական ճգնաժամային քայլ ենք անում, դրա մասին է այս նախագիծը: Մեծ հաշվով ձեր պահանջը ճիշտ է, բայց ֆորս-մաժորում ենք, և միշտ հնարավոր չէ ԱԺ փոփոխության նախագիծ բերել, պետք է ավելի արագ արձագանքել: ԱԺ-ում քննարկումը ճիշտ է, բայց եթե այս ոճով և ապատեղեկատվություն հաղորդելով` ավելի ավ է՝ չլինի: Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում 300 կամ 380 մրդ դրամ ազատ փող չկա: Եթե խոսքը միասնական գանձապետական հաշվի մնացորդի մասին է, այնտեղ ազատ փող չկա, դրանք նպատակային են: Համատարած փող բաժանող երկրներում արդյունավետությունը հետո կերևա, բացի այդ՝ նրանք այլ գործիք էլ են կիրառում»,- Էդմոն Մարուքյանին «Իմ քայլից» հակադարձեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

ԼՀ-ից ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիյանն էլ ասում էր, թե բյուջեի ծախսերի վերանայումը, փոփոխությունն իրականում նոր ծրագիր է, և այս նախագծով կառավարությունը բյուջեում անսահման փոփոխություններ անելու հնարավորություն է ստանում, ինչի իրավունքը օրենքով չունի: «Արդյո՞ք համաձայն չեք, որ պատգամավորն իրավունք ու պարտավորություն ունի քննարկելու, թե որքանով են այդ ծրագրերը հակաճգնաժամային: Կարծում եմ, որ սա պատգամավորների իրավունքների սահմանափակում է արտակարգ իրավիճակի պայմաններում: Սահմանափակումները պետք է հանվեն նախագծից: Եվ մենք անգամ արտակարգ դրության պայմաններում կառավարությանը չպետք է թույլ տանք բյուջեի վերաբաշխում անել առանց ԱԺ-ի միջամտության»,-համոզված էր Մանե Թանդիլյանը:

«Իմ քայլից» նրան արձագանքեց Արտակ Մանուկյանը` ասելով, թե խորհրդարանին բյուջեի ծախսերի վրա հսկողություն իրականացնեու լայն հնարավորություն է տալիս Հաշվեքննիչ պալատը, իսկ ինչ վերաբերում է տնտեսած փողերին, ապա կառավարություն այս պահին ունի ընդամենը տնտեսած 13 մլրդ դրամ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ կառավարությանը մեղադրեց հաշվարկներ չանելու մեջ: «Պիտի նայես` մարդիկ սննդի խնդիր չունենան, բիզնեսն աշխատի: Բայց չկա հաշվարկ՝ հիմա ինչ-որ կետի հասե՞լ ենք, թե՞ դեռ գահավիժում ենք: Հաշվեկշռված մոտեցում է պետք: Կառավարություն եք, իմացեք»,- հայտարարեց պատգամավորը: Հետո զգուշացրեց, որ երեք-չորս ամիս անց կառավարությունը առաջարկելու է նորից մեծացնե դեֆիցիտը: «Այն, ինչ կանխատեսել եք անկման համար, հիշեք, չափազան փոքր է այս պանդեմիայի պայմաններում: Մենք կարծում ենք՝ ինչ արվում է, բավարար չէ: Կառավարությունը մեծ այընտրանք չունի, և այդ պատճառով ԲՀԿ-ն ստորադասում է իր քաղաքական ու կուսակցական շահը հօգուտ ժողովրդի շահի: Մենք կողմ կքվեարկենք»,- հավելեց Միքայել Մելքումյանը:

«Մեկի քննադատության տակ կա հոգատարություն, մյուսի տակ` թույն»,- եզրափակեց Մխիթար Հայրապետյանը:

Բաբկեն Թունյանն էլ ԼՀ-ին հրավիրեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով թղթով, գրչով և համակարգչով, որ ցույց տան, թե որտեղ է այն 100 մրդ դրամը, որը կառավարությունը պահել է և չի ցանկանում բաժանել ժողովրդին: «Եկեք և ապացուցեք, որ այդ գումարը կա»,- ասաց նա:

Երկօրյա քննարկումներից հետո խորհրդարանն ընդունեց 2020թ. բյուջեում փոփոխություններ կատարեու մասին կառավարության առաջարկությունը: ԲՀԿ-ն նախագծին կողմ էր, ԼՀԿ-ն՝ դեմ: Նախագիծն ընդունվեց 107 կողմ, 17 դեմ ձայնով: