Ոստիկանության նոր ծառայություն՝ նոր մեքենաներով, բարեկիրթ ոստիկաններով

մայիսի 27, 2020

2021թ.առաջին եռամսյակից Երևան քաղաքում, իսկ 2022թ. առաջին եռամսյակից ողջ հանրապետությունում կգործի նոր պարեկային ծառայություն: Ոստիկանության այդ նոր ծառայության աշխատանքները կարգավորող օրենսդրական նախաձեռնությունը` «Ոստիկանության մասին», «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը մայիսի 26-27-ին առաջին ընթերցմամբ քննարկվեցին Ազգային ժողովում:

Նոր պարեկային ծառայության ստեղծումը նախատեսված է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության փաստաթղթով, որը կառավարությունը հաստատել էր ապրիլի 23-ին: Նոր ծառայությունը փոխարինելու է Ոստիկանության երկու ստորաբաժանումներին` Պարեկապահակային ծառայությանն ու Ճանապարհային ոստիկանությանը:

Այս նոր կառույցի ծառայողների ընդունելության մրցույթը տեղի է ունենալու հուլիս-օգոստոս ամիսներին: Սահմանված պահանջները հաղթահարած անձինք սեպտեմբեր ամսից անցնելու են հնգամսյա վերապատրաստական դասընթացներ, որից հետո ընդունվելու են ծառայության:

Նախագիծը խորհդարանին ներկայացնոցս արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի, հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ամբողջությամբ նոր հագեցվածություն: Իսկ նոր ծառայությունում ընդգրկվելու համար կարող են դիմել միջնակարգ կրթություն ունեցող մինչև 35 տարեկան բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ նաև Ոստիկանության ծառայողները: «Էական որակական փոփոխություններ են լինելու: Կրթության ընդունելության սկզբնական փուլում մենք ստուգելու ենք անձանց բարեվարքությունը, կապերը քրեական ենթամշակույթի հետ, ոստիկանության ծառայողների դեպքում` ծառայողական նկարագրերը: Ներգրավելու ենք նաև հոգեբաններ, որոնք ընդունելության հարցազրույցների ժամանակ շատ կարևոր եզրակացություն են անելու անձի հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ: Ունենալու ենք հինգ ամսվա ինտենսիվ կրթություն, միջազգային գործընկերների աջակցությամբ ներգրավելու ենք բարձրորակ դասախոսներ: ԵՄ և ԱՄՆ կողմից ունենք որոշ ծախսեր ֆինանսավորելու լուրջ հանձնառություններ` հագուստի ձեռքբերման, դասախոսների վարձատրության աջակցություն»,- ներկայացրեց փոխնախարարը:

Քրիստինե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նոր պարեկային ծառայությունը սկզբնական փուլում ունենալու է 700 աշխատակից, որոնց աշխատավարձերի համար տարեկան 4.3 միլիարդ դրամ է հատկացվելու: Այս նպատակով նախատեսվում է առանձին հիմնադրամ ստեղծել: Պետբյուջեից 3.3 միլիարդ դրամ կհատկացվի ավտոմեքենաների, զենքի եւ հատուկ միջոցների ձեռքբերմանը: Փոխնախարարը հավելեց, որ 3 տարվա ընթացքում նախատեսվում է ծախսել 16 միլիարդ դրամ:

Վրաստանին այլևս չենք նախանձի

«Բոլորը համոզված են, որ Ոստիկանության ամենաակնառու բարեփոխումը պարեկային ծառայության ստեղծումն է»,-ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին բարձրաստիճան ոստիկան Արմեն Խաչատրյանը: «Ցանկացած երկրի մասին մեր առաջին պատկերացումը կազմում ենք Ոստիկանության արտաքին ծառայությունից: Սա ապացուցվել է շատ երկրներում: Այսօր բավականին դրական է գնահատվում Վրաստանի փորձը: Վրաստանի բրենդը դարձել է պարեկային ոստիկանությունը, և այդ երկրի վերաբերյալ դրական պատկերացումները մեծամասամբ կազմվում են այդ երկրի պարեկային ծառայության միջոցով»,- հայտարարեց պատգամավորը:

Նույն խմբակցությունից Համազասպ Դանիելյանը, ողջունելով կառավարության նախաձեռնությունը, կոչ արեց ավելի մեծ թվով կանանց ներգրավել այդ ծառայությունում:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ պարեկային ծառայության ստեղծումից հետո Հայաստանում այլևս Վրաստանին չեն նախանձի: Ինչ վերաբերում է ոլորտում կանանց դերի մեծացմանը, նրա կարծիքով դրա վառ ապացույցն այնն է, որ այս օրինագծերը մշակել և խորհրդարանին է ներկայացնում կին փոխնախարարը: Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ այդ բարեփոխման արդյունքում կունենանք ավելի պաշտպանված ոստիկան: «Մենք կունենանք նոր ոստիկանություն, որն իր տեսքով, որակով, ինտելեկտով կտարբերվի այդ համակարգի նկատմամբ եղած մոտեցումներից: Հիշում եք, մենք ունեցել ենք հրեշտակների ոստիկանություն, բայց նրանք այդպես էլ հրեշտակ չդարձան, քանի որ նրանց ինտելեկտուալ ներուժը բացակայում էր»,- հավելեց պատգամավորը:

Վաղարշակ Հակոբյանն էլ հայտարարեց, թե նոր կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, որ ամենամեծ բարեփոխման կարիքը հենց Ոստիկանությունն ունի: «Քաղաքացին այս փոփոխության արդյունքում պետք է հասկանա, որ իր անվտանգությունը ոստիկանության հրահանգները կատարելու մեջ է, այլ ոչ թե հրանգներին չենթարկվելով կարևորի սեփական անձը: Ոստիկանության համակարգի փոփոխության հետ միասին, կարծում եմ, որ պետք է փոխվի ոստիկան-հասարակություն փոխհարաբերությունները, առանց դրա բարեփոխումների արդյունավետությունը նվազ կլինի»,-ասաց նա:

Ընդդիմությունը դեմ չէր

Կառավարության ներկայացրած նախագծերը խորհրդարանական ընդդիմության համար ընդունելի էին, բայց հնչեցին որոշ քննադատություններ և մտահոգություններ: «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն ասում էր, թե ինստիտուցիոնալ բարեփոխումների համար պետք են որակական փոփոխություններ. «Մեր հանրությանը հազիվ թե հետաքրքրի բուն ծառայության անվանումը, նրան պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն: Շատ կարևոր է սահմանել կրթական, լեզվի իմացության, ֆիզիկական պատրաստվածության, կրթվածության մակարդակի նոր պահանջներ ու չափանիշներ: Ֆունդամենտալ փոփոխություններ են պետք նաև վարձատրության հարցում»,- նշեց պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի կարծիքով կորոնավիրուսի համավարակի եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում նման ծախսերն անտեղի են: «Այդ միջոցները կարող են ծախսվել բնակչության և բիզնեսի խոցելի հատվածներին աջակցելու համար»,- ասաց պատգամավորը, բայց հավելեց, թե, այնուամենայնիվ, սատարում է իրավապահ համակարգի բարեփոխմանը:

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի հունիսի 1-ին: