Քոչարյանի գործից Հոկտեմբերի 27. գլխավոր դատախազն Ազգային ժողովում էր

հունիսի 2, 2020

2019 թվականին բացահայտված քրեական գործերի գերակշռող մասը եղել են կոռուպցիոն սխեմաներ: Պետությանը կամ համայնքներին պատճառվել է 105,7 մլրդ դրամի վնաս: Մեկ տարում հաջողվել է վերականգնել ընդամենը 12,4 մլրդ դրամ: Այս տվյալները հունիսի 1-ին Ազգային ժողովում ներկայացրել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա վստահեցրել է, որ 2019թ. կոռուպցիայի վերաբերյալ գործերի քրեական դատավարության դինամիկան շարունակել է մնալ բարձր: Քննված կոռուպցիոն գործերի թիվը 2018թ. համեմատ աճել է 26,6 տոկոսով:

Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ներկայացնում էր իր ղեկավարած գերատեսչության գործունեության տարեկան հաշվետվությունը:

100 հազար բնակչին՝ 906 դեպք

Հաշվետվության համաձայն՝ 2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 2,172-ով կամ 8.8 տոկոսով: Ամենաշատը աճել են ծանր հանցագործությունները` 852-ով կամ 23,4 տոկով, ոչ մեծ ծանրության հանցագործություններն աճել են 521-ով կամ 3 տոկոսով, միջին ծանրությանը` 739-ով կամ 11 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 60-ով կամ 26,8 տոկոսով: Այս թվերն ամփոփելով՝ Արթուր Դավթյանն արձանագրեց՝ 100 հազար բնակչին բաժին է ընկնում 906 դեպք:

4 տոկոսով նվազել է բացահայտման ցուցանիշը: 2019թ. արձանագրվել է 47 սպանություն, ինչը 12-ով շատ է, քան 2018թ.: Մեծացել է քննիչների ծանրաբեռնվածությունը` մեկ քննիչին բաժին է հասնում 102-130 գործ:    

Գլխավոր դատախազի խոսքով` հանցագործության դեպքերի աճը պայմանավորված է նաև հանգամանքով, որ բարելավվել են քրեական հետապնդման մարմինների` հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման գործառույթների իրականացման մասնագիտական, տեխնիկական հնարավորությունները, կատարելագործվել են պրոֆիլակտիկ միջոցները և, որն ամենակարևորն է, աճել է քաղաքացիների նախաձեռնողականության, իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակը: Ավելացել է գրավը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերը, իսկ ազատազրկման դատապարտված 957 հոգուց 609-ի նկատմամբ չի կիրառվել նախնական կալանքը:

Ավելի ուշ պատասխանելով պատգամավորների հարցերին՝ գլխավոր դատախազը խոսեց նաև հանցագործությունների թվի վրա համաճարակի ազդեցության մասին: Ասաց՝ առանձնահատուկ ազդեցություն չի եղել, բայց անցած մի քանի ամիսներին փոքր-ինչ աճել է սպանությունների թիվը:

«Սխոդկաների» մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը մի շարք «գողական սխոդկաների» հանդիպումների մասնակիցների դեմ օպերատիվ միջոցառումներ է անցկացնում։ Արթուր Դավթյանի խոսքով՝ քննիչներն ամիսներով աշխատում են, որպեսզի հայտնաբերեն նման հանդիպումները, պարզեն դրանց մասնակիցների ամբողջ շրջանակը` ներառյալ նրանց, որոնք որոշակի ծառայությունների համար դիմում է կազմակերպված հանցավորության աշխարհի ներկայացուցիչներին, միջնորդներին ու կազմակերպիչներին։ 

Գլխավոր դատախազը ճնշո՞ւմ է լրատվամիջոցներին

Պատգամավորների՝ գլխավոր դատախազին ուղղված հարցերի մեծ մասը տարեկան հաշվետվությանը չէր առնչվում ու ընդգրկում էին առավել լայն շրջանակ. Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում պահելու մասին որոշում, Հոկտեմբերի 27, «գողական սխոդկաներ»:

Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցերը մի քանիսն էին: Գլխավոր դատախազը նախ չբացառեց, որ կբողոքարկվի նախկին նախագահի նկատմամբ կիրառված Վարչական դատարանի որոշումը, համաձայն որի երկրորդ նախագահը մինչև համաճարակի ավարտը մնալու է բժշկական կենտրոնում: Այնուհետև անդրադարձավ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին և ասաց, որ Եվրոպական դատարանի եզրակացությունը հաստատում է, որ նրա նկատմամբ ընդունված միջոցները օրինական են:

Իսկ ի՞նչ է անում դատախազությունը, որպեսզի բացառի Մարտի 1-ի գործով դատական նիստերի հետաձգումը՝ հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա հիշեցրեց, որ մեկ տարուց ավելի՝ դատարանը քննում է միայն նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումները: «Նախկին նախագահի պաշտպանների այսպիսի վարքագիծը հստակ վկայում է պաշտպանության իրավունքի չարաշահման մասին: Մենք կարծում ենք, որ դատարանը բոլոր հիմքերն ունի այս փուլում վարույթը սահմանափակելու եւ դատաքննությունը սկսելու ու ապացույցները հետազոտելու համար»,- ասաց գլխավոր դատախազը:

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ`Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվեց՝ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը կարո՞ղ է մասնակցել Հոկտեմբերի 27-ի գործով քննչական գործընթացին: Արթուր Դավթյանը պատասխանեց, թե գործի վերաբացումից հետո ամբողջ թափով նախաքննությունն իրականացվում է, բայց Գագիկ Ջհանգիրյանն այդ գործով որևէ մասնակցություն չի ունեցել. եթե որպես վկա նրան հարցաքննելու անհրաժեշտություն առաջանա, կփորձեն տեղեկություններ ստանալ:

Հերիքնազ Տիգրանյանի հարցը ապօրինի ծագման գույքի բռնագանձման ինստիտուտի ստեղծման մասին էր: Դատախազը հայտնեց, որ համապատասխան ստորաբաժանման դատախազների և ոլորտը համակարգող տեղակալի ընտրության համար հանձնաժողովը ձևավորված է, մրցույթները հայտարարված են, և առավելագույնը սեպտեմբերից այս ինստիտուտը կսկսի գործել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի դիտարկմամբ էլ՝ Արթուր Դավթյանը լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ է գործադրել՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու համար։ «Լրատվամիջոցի նկատմամբ որեւէ պարագայում, հատկապես իմ կողմից, չի կարող ճնշում գործադրվել: Մենք հարուցել և քննում ենք քրեական գործ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ: Նախաքննական գաղտնիքն օրենքով պաշտպանվող ինստիտուտ է։ Այդ քրգործի շրջանակում էլ տվյալներ են ձեռք բերվել լրագրողի կողմից այդ գաղտնիքը հրապարակելու մասով»,-պատասխանեց դատախազը։

Դատախազությունը կշահի ժողովրդի վստահությունը

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արթուր Դավթյանին հիշեցրեց, որ Մարտ 1-ի գործի վերաբերյալ կան մի շարք անպատասխան հարցեր, մասնավորապես` գործով անցնող մի քանի դերակատարների փախուստը Հայաստանից` Միքայել Հարությունյան, Գևորգ Կոստանյան, Վահագն Հարությունյան. «Այս մարդիկ կարևոր դերակատարներ են Մարտի 1-ի գործով, սակայն նրանց հաջողվել է Հայաստանի իրավապահների աչալուրջ հսկողության ներքո ճողոպրել և թաքնվել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում»:

Պատգամավորն անդրադարձավ նաև Սամվել Մայրապետյանի, Ռուբեն Հայրապետյանի փախուստներին. «Մինչև հիմա տեղից չի շարժվել նաև «Հարսնաքար»-ում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության մայր գործը: Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Մայրապետյանը Հայաստանը լքած հետախուզվողների մեծ ցանկի փոքր մասն են միայն. այդ ցանկում են Գագիկ Բեգլարյանը, Միհրան Պողոսյանը, Արամ Հարությունյանը, Միքայել Մինասյանը և այլք»,- հայտարարեց նա:

«Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախկինում արդարության պակասի զգացումը մարդկանց ուղեկցում էր ամենուր, և նրանք արտագաղթում էին. «Ես շատ լավ հիշում եմ Աշոտ Մանուչարյանի, Արսեն Խառատյանի, Հայկակ Արշամյանի, Նարեկ Գալստյանի ծեծերը, և այդ գործերը մնացել են չբացահայտված»: Պատգամավորի խոսքով՝ մարդկանց հույսի ճանապարհին դատախազությունը հսկայական դեր ունի կատարելու:

«Ամեն ինչ ժամանակի խնդիր է, և դատախազությունը կշահի ժողովրդի վստահությունը»,-վստահ էր գլխավոր դատախազը: Նա այսպես լավատեսորեն արձագանքեց Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմանը, թե համաձայն հարցումների՝ քաղաքացիների 43 տոկոսը կարծում է, որ կոռումպացված է նաև դատախազությունը` ԶԼՄ-ներից հետո:

Ի դեպ, Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ է ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովում, 2016 թվականին, նախորդ իշխանության կողմից, ինչպես Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի տարեկան հաշվետվությունը խորհրդարանը լսեց մայիսի 11-ին: Այս երկու պաշտոնյաների հաշվետվությունների քննարկման ընթացքում հնչած հարցերի քանակից, խորհրդարանական մեծամասնության հնչեցրած քննադատության ծավալից ու որակից պարզ էր՝ գլխավոր դատախազից նոր իշխանությունը ևս ակնհայտորեն գոհ է: