Հարկային արտոնություններ՝ պայմանավորված ռազմական դրությամբ

Պետությունը հարկային արտոնություն կտա որոշ ապրանքատեսակների ներկրմանը, եթե այն նվիրվելու է պետությանը՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով։ Պետությունը հարկերից կազատի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին այն մասով, որ մասով նրանք կներեն պատերազմում զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամ դարձած անձանց վարկային պարտավորությունները։ Հարկային արտոնությունները սահմանող այս նախագծերն Ազգային ժողովն ընդունեց արցախյան պատերազմի 25-րդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում:
Ներկրումը կլինի առանց հարկերի, եթե նպատակը պետությանն օգնելն է
«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրինագծով կառավարությունն առաջարկում է ԱԱՀ-ից, ակցիզային և բնապահպանական հարկերից ազատել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից պետությանը նվիրաբերելու մտադրությամբ հումանիտար, ռազմական ու առողջապահական նշանակության ապրանքների ներկրումը։
Պետությունը սահմանել է, որ աջակցությունն ավելի հասցեական դարձնելու համար կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք ներկրած ապրանքները պետք է հանձնեն 5 գերատեսչություններին՝ Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և Առողջապահության նախարարություններին։
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի ներկայացմամբ՝ այս հարկային արտոնությունը գործելու է ռազմական դրության ողջ ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից կատարված ու դեռևս կատարվող ներկրումների վրա։ Այն վերաբերելու է միայն ԵՏՄ-ից ներկրվող ապրանքների հարկմանը, քանի որ երրորդ երկրների դեպքում ներմուծողը կարող է ներկայացնել «հրաժարում հօգուտ պետության» հայտարարագիրը։
«Իսկ եթե ընկերությունը կամ անձը բիզնես նպատակով ներկրումը կատարել է մինչև ռազմական դրությունը, վճարել է հարկերը, բայց հիմա ցանկանում է այդ ապրանքը նվիրել պետությանը, կազատվի՞ այդ հարկերից»,-փոխնախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Արման Պողոսյանը վստահեցրեց, որ այդ դեպքում արդեն վճարված հարկերը կծախսագրվեն՝ կմիացվեն ծախսերին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին հետաքրքրում էր, թե կառավարությունն ինչ սկզբունքով է ընտրելու այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը, նվիրաբելելու պարագայում, կազատվի հարկերից։ Փոխնախարարը պատասխանեց, որ ապրանքների ցանկը դեռ հաստատված չէ, կառավարությունն այն կձևավորի՝ գնահատելով կարիքները և ելնելով շահառու գերատեսչությունների՝ նախորդ օրերի փորձառությունից։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, կարևորելով հարկային արտոնություն սահմանող այս նախագիծն ու կազմակերպությունների և անհատների կողմից պետությանը օգնելու ցանկությունը, այնուամենայնիվ, նրանց հորդորեց իրենց նվիրատվությունը կատարել գումարով։ «Խնդրանքս է՝ եթե օգնելու ցանկություն կա, ամենաճիշտը դրամական փոխանցումն է, որ պետությունը որոշի, թե որ ուղղությամբ ծախսի»,- ասաց նա։
Ներել բանկերին, որ զինվորներն ազատվեն վարկերից
Հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում կառավարությունը լրացում էր առաջարկում նաև Հարկային օրենսգրքում: Համաձայն այս լրացման՝ բանկերին հնարավորություն կտրվի ազատվել հարկերից այն մասով, որ մասով նրանք կներեն արցախյան պատերազմում զոհված, անհայտ կորած և հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ առաջնային փոխկապակցվածություն ունեցող և ապրող մարդկանց վարկային պարտավորությունները՝ ընդհուպ մինչև մայր գումարը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրացրեց, որ խոսքը վերաբերում է այն վարկերին, որոնց ներումը բանկերն ու այլ կազմակերպությունները նպատակահարմար կհամարեն։
«Եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը տեսնում է, որ այդ վարկերը մարելու հեռանկար չկա, պետությունը հարկային այս արտոնությամբ կնպաստի, որ դրանք դուրս գրվեն, ու մարդիկ ազատվեն վարկային պարտավորությունից։ Այս ցանկում են նաև զոհված կամ հաշմանդամ դարձած անհատ ձեռնարկատերերը, նոտարներն ու նրանց հետ համատեղ ապրող անձինք»,- ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Կառավարությունը չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկությունը, թե հարկային այդ արտոնությունը պետք է տարածվի նաև ՍՊԸ-ների սեփականատերերի վրա։ Արման Աբովյանն էլ նկատեց, որ կադրային զինվորականներից ու կամավորականներից շատերն ունեն վարկեր, ու կարևոր է, մարտի դաշտում նրանք վստահ լինեն, որ իրենց ընտանիքները կօգտվեն նման հնարավորություններից։
Ֆինանսների փոխնախարարը տեղեկացրեց, որ բանկային ու վարկային ոլորտում արդեն կա վարկերը ներելու տրամադրվածություն. «Այս նախագծի քննարկման ընթացքը ցույց է տալիս, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են ավելի մեծ ծավալի ներումներ կատարել: Նախ՝ ստեղծված իրավիճակն է առանձնահատուկ, և երկրորդը՝ անգամ եթե էմոցիաները մի կողմ թողնենք և փորձենք տնտեսագիտորեն դիտարկել, իմաստ չկա այդ ակտիվները շարունակ պահել բանկերի և վարկային կազմակերպությունների հաշվեկշռում։ Եթե բանկը իրատեսորեն գնահատում է, որ դրանց սպասարկման, մարման հավանականությունը չկա, բնականաբար, ամենառացիոնալ որոշումը պետք է լինի դրանք դուրս գրելը և այդ մարդկանց վարկային պարտավորություններից ազատելը»:
Այս երկու նախագծերն էլ արտահերթ նիստի ընթացքում քննարկվեցին 24 ժամյա ռեժիմով և ընդունվեցին առանց դեմ ու ձեռնպահի, 74 և 75 կողմ ձայներով: