ԼՂ խնդրով զբաղվելու համար աշխարհի օրակարգը խիստ հագեցած է․ Հ․ Դանիելյան

հոկտեմբերի 24, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքապետերին, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին կոչ արեց ձևավորել կամավորականների ջոկատներ և գնալ պատերազմի դաշտ։ Սա իրավիճակով պայմանավորված անհրաժեշտությո՞ւն էր:

- Այդ հայտարարության առանցքն այն է, որ հասարակության բոլոր շերտերը դերակատարում ու մասնակցություն ունենան այս հայրենական պատերազմում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ձախողել է արագ պատերազմի իր ծրագիրը և մեծ զոհողությունների գնով ընդամենը փոքրիկ հաջողություն է գրանցել։ Ողջ աշխարհին է հայտնի, որ դա արել է արտաքին՝ մասնավորապես, Թուրքիայի աջակցությամբ, ահաբեկիչներիի և տեխնոլոգիական առավելության շնորհիվ։ Հետևաբար, կա ուժերը լարելու և ագրեսորին հուժկու հարված տալու անհրաժեշտություն։

- Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ պատրաստ են զորք ուղարկել Ադրբեջան, եթե նման պահանջ լինի: Հնարավո՞ր է՝ այսպես հող են պատրաստում Ադրբեջան, վարձկաններից զատ, նաև կանոնավոր զորք ուղարկելու համար:

- Դա նման առաջին հայտարարությունը չէ։ Բայց արդեն կան փաստեր՝ այդ թվում նաև արտասահմանյան լրագրողների արձանագրած, որ պատերազմում Թուրքիան առկա է։ ՀՀ և Արցախի պաշտպանական գերատեսչություններն էլ ունեն փաստեր, որ Թուրքիան այս պատերազմում մասնակցում է ոչ միայն օդուժով, այլև ռազմական գործողությունները կազմակերպելով։ Չեմ բացառում, որ սա ավելի մեծ չափով միջամտելու ակնարկ էր։ Բայց դա շատ լուրջ վտանգ կլինի առանց այդ էլ ապակայունացած տարածաշրջանի համար և ավելի շատ խաղացողներ կներգրավի։

- Նկատի ունեք Ռուսաստանին ու Իրանի՞ն։

- Այո, եթե խոսում ենք ուղղակի ներգրավվածության մասին։ Ես վստահ եմ, որ դա անուղղակիորեն պետք է անդրադառնա Թուրքիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վերաբերմունքի վրա։

- ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից, միջազգային այլ կառույցներից ու տարբեր երկրներից կրակը դադարեցնելու, պատերազմին Թուրքիայի մասնակցությունը չեզոքացնելու կոչեր են հնչում։ Ինչո՞ւ միջազգային հանրությունը կտրուկ քայլի չի դիմում Թուրքիային ու Ադրբեջանին կանգնեցնելու համար: Չե՞ն տիրապետում իրավիճակին:

- Երկները, որոնք կարող են ինչ-որ դերակատարում ունենալ, կարծում եմ՝ ունեն բավարար կարողություն՝ սեփական աղբյուրներից իմանալու, թե ինչով կամ ումով է պայմանավորված այս արյունահեղ պատերազմը։ Իսկ ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն ավելի ակտիվ ներգրավվելու, իրերն իրենց անուններով կոչելու, խաղաղությունը վերահաստատելուն միտված քայլեր անելու համար դեռ ճանապարհ ունեն անցնելու։ Այսօր աշխարհի օրակարգը շատ հագեցած է, ու ԼՂՀ հակամարտությունը առաջնային չէ։ Կա նաև շահերի համադրություն, անգամ նույն երկրում տարբեր կուսակցությունները կարող են տարբեր կերպ վերաբերվել։ Այո, միջազգային հանրությունը շատ դանդաղ և ոչ պատշաճ է արձագանքում։ Ենթադրում եմ, որ առնվազն մի մասի համար պարզ չէ, թե այս պատերազմն ինչ հետևանքներ է ունենալու։

- Նախորդ 20 տարիներին ՀՀ դիվանագիտությունը բավարար քայլեր արե՞լ է՝ աշխարհին հասցնելու, թե ինչ է արցախյան հակամարտությունը և ինչ վտանգներ է պարունակում, եթե չհանգուցալուծվի։

- Իմ շփումները հիմնականում ԵԱՀԿ անդամ երկրների խորհրդարանական հարթակներում են: Ու անգամ ԵԱՀԿ-ում, որը տարածաշրջանային անվտագությունն ապահովող մարմին է, շատերի ընկալումները բավականին մակերեսային են։ Մի մասի դեպքում պատճառը հետաքրքրությունների բացակայությունն է. ասենք, զբաղվում են բնապահպանական կամ այլ խնդիրներով։ Տարիներ շարունակ Ադրբեջանի կեղծ փաստերի, կաշառք-սպառնալիքների միջոցով թյուր ընկալում է ստեղծվել, որ սա տարածքային ամբողջականության խնդիր է: Այսինքն, միջազգային հանրությունը ըստ էության չի ընկալել հակամարտության բովանդակությունը: Իհարկե, որոշակի հաջողություններ եղել են, բայց հայ դիվանագիտական շրջանակները շատ աշխատանք ունեն անելու։

- Եթե ԵՄ-ում կամ այլ երկրներում լավ չեն պատկերացնում խնդիրը, ՌԴ-ն շատ լավ է պատկերացնում։ Ուրեմն, ինչո՞ւ չի փորձում իր ազդեցությունն օգտագործելով՝ հրադադարի հասնել:

- Ւմ տպավորությամբ արևմտյան շատ երկրներ ոչ միայն լավ պատկերացնում են ՌԴ-ի առանցքային դերը, այլև դեմ չեն դրան, և ՌԴ-ն իր դերը կատարել է։ Այս տարածաշրջանում դերակատարում ունենալու հավակնությամբ ավելացել է Թուրքիան, որը փորձում է տորպեդահարել ոչ միայն ՌԴ-ի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու կարգավորման հիմքում ընկած սկզբունքները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով ԼՂ խնդրին, օրերս ասել էր, թե Սումգայիթում, ԼՂ-ում հայ ժողովրդի դեմ հանցագործություններ են իրականացվել, և ԼՂ-ի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի մոտեցումները չեն համընկնում: Ի՞նչ հետևանքներ կունենան այս հայտարարությունները ռեալ քաղաքականության մեջ:

-Այդ հայտարարությունով ևս մեկ անգամ ընդգծվում է հակամարտության էությունը. այն չի ծագել որպես տարածքային, հողային խնդիր, ինչպես պնդում է Ադրբեջանը: Այն մարդկանց. Արցախում բնակվող հայերի իրավունքների հարցն է:

- Վարչապետը նաև հայտարարեց, թե այս փուլում հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի, ուրեմն, ինչպե՞ս պետք է լուծվի։

- Այո, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել, որ ուժով չի կարող լուծում պարտադրել, դիվանագիտությունն անելիք չունի։ Խոսքը վերջին մի քանի օրերի իրողությունների մասին է, իսկ երկարաժամկետ առումով այլ լուծում չեմ պատկերացնում, քան քաղաքական կարգավորումն է։

- Այս օրերին տարբեր երկրներում քաղաքային խորհուրդները, տարածքային խորհրդարանները ճանաչեցին Արցախի անկախությունը: Կարո՞ղ է այս ընթացքը բերել նրան, որ երկրներն էլ ճանաչեն:

- Չեմ բացառում, թեև կարծում եմ, որ դա շատ դժվար և ժամանակատար գործընթաց է: Ես նաև չեմ կարծում, որ մի քանի երկրների կողմից Արցախի ճանաչումը կնշանակի պատերազմական գործողությունների դադար կամ խնդրի լուծում: Անգամ չի բացառվում, որ դրանից հետո Ադրբեջանն էլ ավելի կոշտացնի դիրքորոշումը՝ տեսնելով, որ կորցնում է Արցախը, փորձի հարցը ուժով լուծել:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ և ԱՀ նախկին նախագահների հանդիպումը:

- Դրական, որովհետև կա մի կարևոր տարբերություն, որը միջազգայն հանրությունը չի կարող ընկալել. Արցախը, թեև չճանաչված, բայց պետական միավոր է: Մի երկիր, որտեղ, տեղի են ունենում շատ ավելի ժողովրդավար ու մրցակցային ընտրություններ: Հիշեք, նախագահ Արայիկ Հարությունյանի ընտրությունը, երբ ընդամենը մի քանի ձայնի պատճառով երկրորդ փուլ եղավ: Ադրբեջանում ի՞նչ պետք է անեն, ընտանիքով՝ նախագահ-փոխնախագահ հավաքվեն՝ քննարկե՞ն: Քաղաքական համակարգի տեսանկյունից մենք գործ ունենք գնալով՝ ավելի ռեպրեսիվ դարձող, բռնապետական, իր իսկ քաղաքացիների իրավունքները չհարգող ռեժիմի հետ: Եվ, չգիտես՝ ինչու, հանդգնում է ասել, թե կարող է երաշխավորել հայերի իրավունքներն այն դեպքում, երբ տասնամյակներ շարունակ համակարգված կերպով իրականացնում են հակահայկական քարոզչություն, հետապնդում հայերին դրական վերաբերվող ադրբեջանցիներին: Խոսքը, առանց չափազանցության, ֆաշիստական երանգներ ունեցող ռեժիմի մասն է, որը 21-րդ դարում փորձում է կոնֆլիկտ լուծել ռազմական ճանապարհով: