ԱԺ նիստերը՝ ըստ անհրաժեշտության և արտակարգ ռեժիմով

հոկտեմբերի 27, 2020

Արդեն մեկ ամիս, ինչ հանրապետությունում հայտարարված է  ռազմական դրություն, Ազգային ժողովը աշխատում է չկանոկարգված գրաֆիկով. անսովոր հաճախականությամբ հրավիրվում են արտահերթ նիստեր, իսկ հերթականները տևում են աննախադեպ կարճ: ԱԺ հոկտեմբերի 27-ի հերթական նիստն էլ ընթացավ արագացված կարգով, գրեթե առանց քննարկումների: Օրակարգում երկրորդ ընթերցման ներկայացված նախագծեր էին և մի քանի վարկային համաձայնագրեր, որոնց քննարկումը անհրաժեշտություն էր ժամկետային առումով:

Աշխատանքային օրվա ավարտին հայտնի դարձավ, որ կառավարությունը հանդես է եկել արտահերթ նիստի նախաձեռնությամբ, որի օրակարգում բացառապես ռազմական դրությամբ ու պատերազմով պայմանավորված հարցեր էին:  

Վարկեր՝ ռազմական դրության օրերին

Օրակարգում ընդգրկված 5 վարկային պայմանագրերը ընդունվեցին միաձայն: Դրանցից 3-ով նախատեսվում էր արդեն գործող վարկային պայմանագրերի ժամկետների երկարաձգում:

Այսպես, ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանիին տրամադրել 17 մլն 9 հարյուր հազար եվրո լրացուցիչ ֆինանսավորում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, ներկայացնելով համաձայնագիրը, ասաց, որ առաջարկվում է շարունակել Հայաստանի համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացումը։ Նմանատիպ նախորդ ծրագրով՝ 30 մլն դոլար արժեքով, վերակառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ։

Մյուս համաձայնագրի՝ ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի վերաբերյալ, փոխնախարարն ասաց, որ կա համաձայնություն դրա գործունեության ժամկետը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը երկարեցնելու շուրջ:  Ծրագիրն ուղղված է 11 քաղաքների և 41 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգմանը: Նախատեսվում է  555 կմ փողոցային ջրագծի, 36,5 կմ կոյուղագծի վերանորոգում, 27 հազար անհատական ջրաչափական հորերի տեղադրում:

Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014 թվականին, մասհանման սահմանված ժամկետը 2018 թվականն է եղել, ընդհանուր 30 միլիոն եվրո գումարից մասհանվել է 6,5 միլիոն եվրոն: Երկարաձգման համար Հայաստանը պարտավորվում է վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 960.000 եվրո:

Երրորդ համաձայնագիրը՝ ստորագրված Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թ. հունիսին, վերաբերում էր «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» ծրագրին: Սահմանված մասհանման ժամկետում մասհանվել է 2,9 միլիոն եվրո գումար, չմասհանված միջոցները կազմում են 47 միլիոն եվրո:

Վաչե Տերտերյանն ասաց, որ այս երկարաձգման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1,300,000 եվրո:

Երկարաձգման առաջարկով հաջորդ համաձայնագիրը ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայանների վերաբերյալ էր:

Ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: 2017թ. որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ծրագիրը և ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել դրա տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները:

Հարցեր չհնչեցին: Մտքերի փոխանակման փուլում ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը դժգոհեց, որ վարկային համաձայնագրերի երկարաձգման համար պետությունը պարտավորվում է տուգանքներ ու երկարաձգման հատուցման վճարներ մուծել։

Օրինակ, նրա խոսքով, KFW բանկի հետ ֆինանսական համաձայնագրերի երկարաձգման արդյունքում պետությունը 155 միլիոն 462 հազար եվրոյի չափով լրացուցիչ վարկային միջոցներ է ներգրավելու: «Երեք ծրագրերի գծով վարկային միջոցները ժամանակին չօգտագործելու, չմասհանելու համար պետությունը պետք է վճարի 383 հազար 656 եվրո, երկարաձգելու համար հատուցման վճարը 3 միլիոն 440 հազար է»,-նշեց պատգամավորը:

Խաչատրյանի խոսքով, երբ մի գյուղապետ 100 հազար դրամ արժողությամբ աթոռ է տանում իր տուն, դատապարտվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Պատգամավորը վերջերս պատահած մի դեպք պատմեց՝ ռազմական դրության ժամանակ սահմանամերձ Ճամբարակում վաշտի հրամանատարը հանձնարարել է տղաներին անտառից ցախ բերել,  քանի որ դիրքերում ցուրտ է, և տղաները Տավուշի անտառ են գնացել, ըստ երևույթին, ծառ կտրել, անտառտնտեսությունը առգրավել է ցախը և մեքենաները, հարուցվել է քրեական գործ:

«Եթե կարողանում ենք ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրեական գործ հարուցել, ինչպես հասկանանք այն, որ ՀՀ-ում ծրագրերը ոչ արդյունավետ կազմակերպելու պատճառով պետության համար առաջանում է շուրջ 3 միլիոն 800 հազար դոլարից ավելի ծախս կատարելու պարտավորություն»,-կառավարության ներկայացուցչին հարցրեց պատգամավորը:

Վաչե Տերտերյանը, որպես վարկային համաձայնագրերի ժամկետների ուշացման և ծրագրերի դանդաղ ընթացքի պատճառ, նշեց մրցույթների հետ կապված դժվարությունները. «Առնվազն մի անգամ, համարյա մեկ տարով ծրագիրը հետաձգվել է, որովհետև ներկայացված գնային առաջարկությունները մեր գործընկեր ֆինանսական կառույցին թվացել է չհիմնավորված բարձր, ինչի հետևանքով մրցույթը չեղյալ է համարվել»:

5-րդ համաձայնագիրը կնքվել է ՀՀ-ի և Ճապոնիայի միջև՝ հունիսի 30-ին:  «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրի նպատակը Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը զարգացումն է:

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական յեն (շուրջ 3,8 միլիոն դոլար) դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական օգնություն տրամա