ԱԺ արտահերթ նիստ՝ «սահմանին ծնվող օրենքներով»

հոկտեմբերի 28, 2020

«Այս երկրում օրենքները ծնվում են սահմաններում և խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորվելու համար». Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստի իր ելույթում պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեջբերեց Վազգեն Սարգսյանի այս խոսքերը: Պատգամավորը նոր էր վերադարձել պատերազմող Արցախից, որտեղ անցկացրել էր 10 օր:

Հոկտեմբեր 27-28-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը քննարկում էր օրենսդրական փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված էր սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությամբ և արդեն մեկ ամիս ընթացող պատերազմով:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ 3-ով փոփոխություններ էին առաջարկվում օրենքներում, 1-ը միջազգային համաձայնագրի վավերացում էր: Նախագծերը քննարկվեցին հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով, և ընդունվեցին միաձայն՝ առանց դեմ ու ձեռնպահի:

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Կոնվենցիան ստորագրվել է 1989 թվականին, գործում է 36 պետությունների համար։ Ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում։ Փոխնախարարի խոսքով՝ կոնվենցիան կարելի է օգտագործել նաև Թուրքիայի նկատմամբ, որը թեև չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն հանդիսանում է հանցակից կողմ, մասնակցություն ունի վարձկաններին ֆինանսավորելու, հավաքագրելու, ուսուցանելու և Ադրբեջան ուղարկելու հարցում։

Հոկտեմբերի 27-ին համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցել հոկտեմբերի 27-28-ի արտահերթ նիստին:

Շատ արագ, գրեթե առանց հարց ու պատասխանի և ելույթների, խորհրդարանն ընդունեց նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում,   «Պաշտպանության մասին» և կից ներկայացված մի շարք օրենքներում, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող օրինագծերը: Դրանք, որպես հիմնական զեկուցող, ԱԺ ամբիոնից ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:  

«Պաշտպանության մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխություններով ստեղծվում է աշխարհազոր: Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների դեպքում քաղաքացիները, աշխարհազորի կազմում, կամավորության սկզբունքով կարող են մասնակցել զինված պաշտպանությանը: Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ և աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը օգտագործման վերցնելու իրավահարաբերությունը: Սահմանվում են ընթացակարգ, երաշխիքներ, օգտագործման ժամանակ գույքին հասցված վնասի համարժեք փոխհատուցման պայմանները: Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում տրվող փոխհատուցման ժամկետները և չափը սահմանում է կառավարությունը:

Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծով խստացումներ են նախատեսվում ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայությունից, զորահավաքային զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար: Սահմանվում է 6-12 տարի ազատազրկում՝ գործող 4-6-ի փոխարեն: Նույնքան պատժաչափ է սահմանվում զորամասն ինքնակամ թողնելու համար: Դասալքության համար սահմանվում է ազատազրկում 8-15 տարով՝ 6-12-ի փոխարեն:

Օրինագծերը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ՝ 71, երկրորդ ընթերցմամբ՝ 68-69՝ ձայնով, դարձյալ առանց դեմ ու ձեռնպահի: