Ե՞րբ քաղաքական գործընթացը կտեղափոխվի խորհրդարան

Փետրվարի 25-ին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հերթական անգամ հանդես եկան արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Չնայած նրանք հավաքել էին նիստը հրավիրելու համար անհրաժեշտ թվով ստորագրությունները, այն չկայացավ, քանի որ ԱԺ խորհրդում մեծամասնություն կազմող իմքայլականները խորհրդարան չեկան՝ խորհրդի նիստում հաստատելու արտահերթի օրակարգը: Ընդդիմադիրները մտադիր էին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու համար ԳՇ գեներալների՝ փետրվարի 25-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը:
Վարչապետի հրաժարականի ևս մեկ պահանջ՝ Զինված ուժերից
Անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ 2021թ. փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարության տակ ստորագրել էին ԳՇ գրեթե ողջ հրամանատարական կազմը ղեկավար Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ՝ մեծ մասը գեներալներ:
Նրանք իրենց պահանջը պայմանավորել էին նախ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությամբ, որի ազատման հրամանը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր 1 օր առաջ՝ փետրվարի 24-ին, Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա: Իսկ Նիկոլ Փաշինյանը Տիրան Խաչատրյանին պաշտոնանկ էր արել «Իսկանդերի» չկրակելու կամ 10 տոկոսով կրակելու մասին իր հայտարարությունը ծիծաղելով մեկնաբանելու համար:
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ ԶՈւ-ն երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- նշված էր հայտարարության մեջ:
Հայտարարությունից հետո վարչապետը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկություն էր ներկայացրել նախագահին, բայց վերջինս դա դեռ չի ստորագրել՝ պարզաբանելով, որ դրա համար 3 օր ժամանակ ունի:
Իսկ ընդդիմության՝ մասնավորապես Վազգեն Մանուկյանի գլխավորած «Հայրենիքի փրկության» շարժման անդամները ողջունել էին ԳՇ-ի այդ հայտարարությունը: Չուշացավ նաև վարչապետի պատասխանը՝ նա գեներալների հայտարարությունը համարել էր հեղաշրջման փորձ:
«Մենք եկել ենք մի փուլի, երբ մեր բոլոր բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել: Եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ: Մենք պիտի իմանանք մի քանի հարցերի պատասխաններ՝ կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված: Պիտի իմանանք, թե ինչ կապեր են եղել մի շարք բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև: Ովքեր էին, որ փոխանակ մարտերը վարեն, պնդում էին, որ պետք է իշխանության հարցերը լուծել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհներին կոչ արեց ժամը 16:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում:
Վերջ թավիշին
Հանրահավաքի ժամանակ հրապարակում էր գրեթե ողջ իշխանությունը՝ նախարարները, «Իմ քայլի» պատգամավորները, մարզպետերն իրենց համախոհներով: Ելույթ ունեցավ միայն Նիկոլ Փաշինյանը՝ մոտ 30 րոպե, և ԶՈւ բոլոր զինվորներին, սպաներին ու գեներալներին հրամայեց զբաղվել իրենց գործով՝ ՀՀ սահմանների և անվտանգության պաշտպանությամբ: Ասաց, որ ԶՈւ-ին ոմանք փորձել են ներքաշել հակասահմանադրական՝ քաղաքական գործունեության մեջ: Նա համոզմունք հայտնեց, որ շատ գեներալներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենց ղեկավարների հրամանի ներքո: Ի դեպ, ԳՇ-ի այդ հայտարարությանը չէր միացել Պաշտպանության նախարարությունը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Հանրապետության նախագահի հետ և ասել, որ Օնիկ Գասպարյանին ազատելու իր միջնորդությունը պետք է ստորագրի:
«Եթե նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, միանում է պետական հեղաշրջմա՞նը: Երկրորդ տարբերակն էլ Օնիկ Գասպարյանի հրաժարականն է, որին ես նշանակել եմ ԶՈւ ԳՇ պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ հարյուր տոկոս վստահությամբ: Հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վարվել: Կամ Օնիկ Գասպարյանն ինքը թող ուղղակի հրաժարական տա: Ժողովրդին պետք չէ անընդհատ ցնցումների ենթարկել: Պետք չէ, Օնիկ ջան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ թույլ չի տաբանակը հանել ժողովրդի դեմ:
Նա քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել ակցիաները և իրավիճակը հանգուցալուծելու համար կոնսուլտացիաներ սկսել: Փաշինյանը նաև ընդգծեց, որ վերջ է դրվելու թավիշին. «Իսկ դա նշանակում է օրինականության միարժեք հաստատում»:
Վերջին փուլը
Զուգահեռաբար հանրահավաք էր անցկացնում նաև ընդդիմությունը՝ Ազատության հրապարակում: Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ «վերջանում է Նիկոլ Փաշինյանին դեն շպրտելու փուլը, և մոտենում է հայրենիքը վերականգնելու փուլը»: Անդրադառնալով ԳՇ հայտարարությանը՝ նա ասաց, որ դա ռազմական հեղաշրջում չէ, որ բանակն ունի ՀՀ-ին սպառնացող ամենակարևոր թշնամուն նշելու սահմանադրական իրավունքը: Եվ որ դա Նիկոլ Փաշինյանն է: Վազգեն Մանուկյանը նաև Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և պետական մյուս կառույցներին կոչ արեց միանալ բանակին: Նա «Իմ քայլի» պատգամավորներին կոչ արեց դուրս գալ խմբակցությունից:
ԳՇ գեներալների հայտարարությունը հեղաշրջման փորձ չի համարում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վերջինս նաև ՀՀ նախագահին կոչ արեց չստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե Իսկանդերի մասին իր հայտարարությամբ Փաշինյանը փորձեց սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների միջև. «Բայց դա նրան չի հաջողվելու։ Մենք կանգնում ենք մինչև վերջ և վերջին վճռական հարվածն ենք հասցնում նրան։