Ընդդիմությունը, գուցե, որոշ գործիքներ սխալ է օգտագործել․ Շ․ Իսայան

մարտի 1, 2021

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ

-ԳՇ-ն հայտարարեց, որ պահանջում է վարչապետի և կառավաության հրաժարականը: Վարչապետը, ի պատասխան, իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի: Հանրահավաք հրավիրեց նաև ընդդիմությունը։ Ի՞նչպես կբնորոշեք այն, ինչ կատարվեց Հայաստանում փետրվարի 25-ին։

-Կատարվածը շատ վատ է: Մի իրավիճակում ենք, որից, փաստորեն, Գլխավոր շտաբըչգտավ այլ ելք, քան հայտարարությամբ վարչապետի հրաժարական պահանջելը՝ երկիրը ցնցումների չտանելու համար։ Այդ հայտարարությունից հետո իշխանությունը նորից սկսեց մանիպուլյացիաներ անել, հանդես եկավ տարբեր մեկնաբանություններով: Ամենավատը, ինչից մենք վախենում ենք, ժողովրդին բախումների տանելն է։ Իշխանությունը ամեն կերպ փորձում է սադրանքների միջոցով դա անել։ Երեկ գագաթնակետն էր: Վարչապետը, խոհեմության կոչելու փոխարեն, մանիպուլացրեց՝ հայտարարելով, թե ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է: Մինչդեռ յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ ռազմական հեղաշրջում անում են և ոչ թե հայտարարում ու խնդրում խաղաղ հեռանալ՝ երկիրը ավելորդ ցնցումների չտանելու համար: Ունենք շատ վատ վիճակ: Եվ կարևորն այս իրավիճակում՝ թույլ չտալ, որ արյուն թափվի։ Հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ հետպատերազմյան իրավիճակում իրավունք չունենք երկիրը տանել ավելորդ ցնցումների, բախումների: Հակառակը՝ պետք է ամեն ինչ անենք, որ դա բացառվի: Հենց այդ նպատակով ԼՀԿ-ի մեր գործընկերների հետ հանդես եկանք արտահերթ նիստի նախաձեռնությամբ, բայց խորհրդարանական մեծամասնությունը չհետևեց ընթացակարգին, ու խորհրդի նիստ չկայացավ: Իշխանությունը, ի վերջո, պետք է գիտակցի, որ սա խաղ չէ, որ ոչ մի աթոռ հայրենիքից թանկ չէ, և եթե, իսկապես, փոքր-ինչ սիրում է Հայաստանը, չպետք է իրականացնել դեպքերի զարգացման ծրագրված սցենարը։

-Այսինքն, վարչապետը փորձում էր ժողովրդի միջոցով սպառնա՞լ ԳՇ պետին, ՀՀ նախագահին, որպեսզի վերջինն ստորագրի ԳՇ պետին պաշտոնից ազատելու իր առաջարկը:

-Այո, Փաշինյանը սպառնաց: Նա շատնաժիմիջոցով փորձեց լուծել իր խնդիրը՝ որպես գործիք օգտագործելով ժողովրդին: Նա շարունակում է պաշտոնավարել՝ ժողովրդին օգտագործելով: Որևէ պարագայում մենք չենք կարող կողմ լինել այն ամենին, ինչ անում է այս իշխանությունը, բայց պնդում ենք, որ իշխանափոխությունը մեր երկրում պետք է կատարվի անցնցում:

Նիկոլ Փաշինյանը քաղաքակիրթ խոսակցության տեղ չի թողել, բայց նույնիսկ այդ պարագայում մենք հորդորում ենք խորհրդարանական մեծամասնությանը զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի սցենարներից և սահմանադրական ճանապարհով փորձել երկրում իրավիճակը կայունացնել: 

-Վարչապետն ասաց, որ չնայած ընդդիմության արմատական ու կոշտ գնահատականներին՝ պատրաստ են կոնսուլտացիաներ սկսել: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն մասնակցի այդպիսի խորհրդակցությունների:

-Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք իր հետ խոսելու բացառապես մեկ օրակարգ ունենք. դա իր հրաժարականի հարցն է: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է առանց ցնցումների հրաժարական տալ, կարող ենք քննարկել հետագա իրավիճակը, երկրում կայունության պահպանումը և այլն: Առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, իսկ մենք տեսնում ենք, որ այս պահին դրա նշանները չկան, քննարկելու որևէ տարբերակ չունենք:

-Արտահերթ ընտրությունների հարցը և՞ս չի կարող Ձեզ համար դառնալ օրակարգային:

-Քանի դեռ մեր ուժը նոր հայտարարություն չի արել, նախկին հայտարարությունները ուժի մեջ են՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը մենք բացառում ենք: 

-ԳՇ հայտարարությունը հաջորդեց շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը: Տպավորություն էր, որ հենց դա դրդեց ԳՇ-ին նման հայտարարություն անել:

-Ես չեմ կարծում, որ խնդիրը Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունն էր: Հակառակը, կարծում եմ, որ բոլոր հայտարարությունները, որ վերջերս հնչել են Նիկոլ Փաշինյանի կողմից, նաև Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը,վերջնականապես լցրել են ԳՇ-ի համբերության բաժակը: Ես վստահ ասում եմ՝ ԳՇ հայտարարության հիմքում ընկած են մեր տեսած ու կանխատեսվող արհավիրքները: Գլխավոր շտաբը գուցե այդպես փորձել է կանխել սպասվող արհավիրքը: Տիրան Խաչատրյանի հետ կատարվածը ուղղակի համընկավ մեկ այլ կարևոր՝ ռուսական «Իսկանդերի» որակին վերաբերող հայտարարության հետ: Մենք միշտ կոչ ենք արել չփչացնել հարաբերությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ:

-Այս ամենում Դուք ռուսակա՞ն հետք եք տեսնում:

-Ո՛չ, ո՛չ: Ես տեսնում եմ, որ Գլխավոր շտաբը, որի կազմում կան կարկառուն գեներալներ, մտահոգված վարչապետի հայտարարություններից՝ իրենց խոսքն են ասել, ստիպված են եղել նման քայլի գնալ: Այս ամենը որպես ռազմական հեղաշրջման փորձ ներկայացնելը դիլետանտություն է, որովհետև ռազմական հեղաշրջման փորձ անողները չէին կարող հայտարարություն անել և հորդորեին խաղաղ հեռանալ:

-Ինչո՞ւ, այսքանով հանդերձ, ընդդիմությունը չի կարողանում հավաքել բողոքավորների կրիտիկական զանգված․ այս պահը նաև իշխանությունն է պարբերաբար շեշտում։

-Փորձը ցույց տվեց, որ անգամ իշխանությունը, ունենալով բոլոր լծակները, չկարողացավ հրապարակ լցնել: Կիսադատարկ հրապարակը՝ վառ ապացույց: Գործադրվել էին վարչական բոլոր լծակները, բայց, միևնույն է, չկարողացան շատ մարդ բերել: Բացի այդ, մենք պետք է հասկանանք, որ հիմա ծանր ժամանակներ են, և ես չեմ մեղադրում իր զավակին գտնելու հույս ունեցող քաղաքացուն, որը չի գալիս հանրահավաքի: Կարող եմ միայն ասել, որ նոյեմբերից մինչև վերջերս մենք գնացել ենք մարզեր, ու ակնհայտ է, որ վերջին 10–15 օրերին ժողովրդի շոկային տրամադրությունը թուլացել է, մարդիկ ավելի բուռն են արձագանքում և ընդդիմությունից ավելի վճռական քայլեր են պահանջում, քան նոյեմբերի 10-ին էր։ Պետք չէ նեղանալ ու մեղադրել ժողովրդին: Գուցե ընդդիմությունը որոշ գործիքներ սխալ է կիրառել, ոչ արդյունավետ, ու չի կարողացել դրա պատճառով շատ ժողովուրդդուրս բերել, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ապրում են միայն թասիբով հայեր, ովքեր որևէ դեպքում թույլ չեն տա քանդել պետականությունը:

-Ցուցարարները նորից փակել են Բաղրամյան պողոտան, աղբարկղերով բարիկադներ են պատրաստում: Հնարավո՞ր է՝ իրադարձությունները զարգանան այնպես, որ ինչպես Վազգեն Մանուկյանն էր ասում, կայծակնային արագությամբ շենքեր գրավվեն:

-Պետք է ամեն ինչ անենք, որ իշխանափոխությունը տեղի ունենա Սահմանադրական, քաղաքական ճանապարհով: Այսօր էլ մնում ենք նույն սկզբունքին: Հետպատերազմական իրավիճակում մենք իրավունք չունենք ոչ սահմանադրական ճանապարհով գնալ իշխանափոխության: Հուսով ենք, որ քաղաքական ուժերը, հատկապես, իշխանությունը կլինեն խոհեմ, ու մենք այդ ճանապարհով չգնանք: