Արտահերթ ընտրությունները՝ օրակարգից դուրս, բայց օրակարգ թելադրող

մարտի 2, 2021

Էդմոն Մարուքյանն ընդդեմ Արարատ Միրզոյանի

Մարտի 2-ին Ազգային ժողովի հերթական նիստն սկսվեց ընդդիմության նույն դժգոհությամբ՝ նիստերի օրակարգը կապ չունի երկրում առկա ներքաղաքական-սոցիալական ճգնաժամի հետ: «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներն էլ հիշել էին, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու իմքայլական պատգամավորները նախորդ շաբաթ ևս տապալեցին ԱԺ խորհրդի նիստերը, ու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ: Ասացին՝ վիրավորված են ԱԺ նախագահից:

«Դուք՝ որպես Ազգային ժողովի նախագահ, պարտավոր եք անաչառ լինել նման հարցերում, եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, չկայանա և ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չհրավիրվի, Դուք, նվազագույնը, պետք է ներկայանայիք, բացեիք այդ նիստը և իրազեկեիք՝ որպես ԱԺ նախագահ, բայց չեք կատարում Ձեր պարտականությունները: Ես նաև չեմ տեսնում Ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի լուծման համատեքստում, ի՞նչ դերակատարում ունեք ճգնաժամից դուրս գալու հարցում: Օրակարգից դուրս հարց են տալիս, ջղայնանում եք:

Կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, որ արհամարհել եք, կա՛մ էլ եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք, Դուք Ձեր առաքելությունը չեք իրականացնում»,- դիմելով ԱԺ նախագահին, հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Արարատ Միրզոյանը վիրավորվեց Մարուքյանի՝ հրաժարական տալու առաջարկությունից: Ասաց՝ նման վարքագիծը բարդացնում է հանգուցալուծմանն ուղղված վիճակը: «Ես ձեզ խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականությունների՝ այլոց ընկալման մասին, եւ զերծ մնալ իմ պարտականությունների՝ Ձեր ընկալման այդպիսի ներկայացումից: Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես անկեղծ ասեմ, չեմ կարծում, որ Ձեր առաջարկը ուղղված էր հանգուցալուծմանը: Հակառակ տպավորությունն ունեմ: Կարծում եմ՝ սա մի փոքր բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին:

Իմ պարտականությունները ես իրականացնում եմ պատշաճ կարգով և Ձեր նշած ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է, գուցե ես չեմ ներկայացել քաղաքական նկատառումներով կամ առողջական»:

Օրակարգից դուրս հարցերը՝ մինչև օրակարգի հաստատումը

Նիստերի օրակարգում 19 հարց էր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը գրությամբ տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը պետք է ընտրություն կատարի երեք թեկնածուների միջև:

Տիգրան Ուրիխանյանի դիտարկմամբ՝ օրակարգում անկարևոր հարցեր էին. «Հարգելի խորհրդարան, երկրում ճգնաժամ է և ստեղծված ներքաղաքական վիճակում խորհրդարանական կառավարմամբ երկրում խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չի կարող»: Ուրիխանյանը մտահոգված էր, որ խորհրդարանը չի կարողանում դուրս գալ ռազմական դրությունից, ինքնալուծարվել, վարչապետին անվստահություն հայտնել, քանի որ ստեղծված է բացարձակ մենաշնորհ: Նա առաջարկեց «դառնալ գործոն» ու արտահերթ ընտրություններ կազմակերպել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկները: Ասաց, որ դրանք են քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման իրենց տարբերակները: «Եկեք, նստենք, քննարկենք», -առաջարկեց Միրզոյանը:

Արտահերթ ընտրությունների թեման դարձյալ ակտուալ է

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչ մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր մարտի 1-ի հանրահավաքում, պատգամավորները քննարկում էին խորհրդարանի միջանցքներում:

Մինչ դա, հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր ֆեյսբուքյան եթերում խոսել ընտրությունների մասին: Նա Փաշինյանին առաջարկել էր վերականգնել Տիրան Խաչատրյանին Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում, հրաժարվել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մտադրությունից և երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել: Փոխարենը, իրենք հուշագիր կստորագրեն իշխող ուժի հետ՝ խոստանալով, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում ԼՀԿ-ն իր թեկնածությունը չի առաջադրի: «Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք։ Ցրե՛ք խորհրդարանը՝ գնանք ընտրության։ Դե՛, գնացեք, Նիկոլ Փաշինյանին ասեք՝ Էդմոն Մարուքյանը ցանկացած կոմպրոմիսի պատրաստ է, ցրե՛ք խորհրդարանը։ Ինչ ինքը ուզենա, պարտաստ եմ։ Ցանկացած հուշագիր ստորագրում եմ», -հայտարարել էր Մարուքյանը։

Ավելի ուշ, հանրահավաքում, Փաշինյանն էլ իր պայմանն էր ներկայացրել. «Եթե խորհրդարանական ուժերը կընդունեն դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպած մեր առաջարկը, մենք համաձայն ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Համոզված ենք՝ մեր ժողովուրդը նույնկերպ, իր ազատ կամարտահայտմամբ, ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն: Այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, այլ փնտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պիտի հաղթեք։ Հաղթող պիտի լինի ժողովուրդը։ Մնացած ուժերը՝ քաղաքական ուժերը, զինված ուժերը, բոլոր ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը»:

Այսօր արդեն Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների շուրջ խորհրդակցությունները սկսվում են: «Իրավիճակի քաղաքական հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով», -հայտարարեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ-ում շատերը հայտարարում են, որ իրենց օրակարգում կա մեկ հարց՝ Փաշինյանի հրաժարականը, Սիմոնյանը արձագանքեց. «Ես վստահ չեմ, որ այս փուլում Նաիրա Զոհրաբյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Դուք բոլորդ գիտեք, որ այդ կուսակցությունում ամեն ինչ որոշում է մեկ մարդ»: ԱԺ փոխնախագահը ակնարկում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որի հետ հանդիպումը նա չբացառեց:

Էդմոն Մարուքյանին հանդիպման առաջարկություն Փաշինյանն արդեն արել է, և Մարուքյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ համաձայնել է, ու հանդիպումը կկայանա: Հանդիպման միակ նպատակը, ըստ Մարուքյանի, «երկիրն այս ճգնաժամային վիճակից դուրս հանելու համար  ելքեր գտնելն է»։ Ընդդիմադիր պատգամավորը նաև ասաց, որ եթե համաձայնություն ունենան վարչապետի հետ, ապա հնարավոր է՝ արտահերթ ընտրություններն անցկացվեն այս տարի: