Անհաջողությունը զինվորականությանն է, թող ԳՇ-ն հրաժարական տա․ Հ․ Ասլանյան

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։
-Դուք, որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակը: Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ երկրում քաոս է:
-Ես այդպես չեմ կարծում:
-Ինչո՞ւ: Կհիմնավորե՞ք:
-Որովհետև քաոսային վիճակ չէ: Որովհետև կառավարությունը աշխատում է, Ազգային ժողովն աշխատում է: Ուրիշ բան, որ իրավապահ որոշ շրջանակներ ու լրատվական կայքեր, որոնք սնուցվում են՝ չգիտես ինչ անհայտ տեղերից, շարունակ սրում են իրավիճակը՝ չհասկանալով, թե ինչ հայրենադավ գործ են անում:
-Լրատվամիջոցները խանգարո՞ւմ են իշխանությանը:
-Լրատվամիջոցները հսկայական դեր են խաղում երկրում իրավիճակը սրելու գործում, որովհետև գաղտնիք չէ, որ լրատվամիջոցների շատ ու շատ շրջանակներ ուղղակիորեն կատարում են պատվեր: Սարսափելի է, երբ պատվերով խոսում ես հայրենիքիդ մասին:
-Կառավարություն-Գլխավոր շտաբ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այդ հարաբերությունները փչացան, ո՞րն էր խնդիրը:
-Գլխավոր շտաբը թող գնա, ինքը հաժարական տա: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև ամեն պետության մեջ, եթե պատերազմում անհաջողություն են կրում, այդ անհաջողությունը զինվորականությանն է և ոչ թե գերագույն հրամանատարինը, որը բացարձակապես այդ գործում մասնակցություն չի ունեցել: Բոլորն էլ գիտեն, որ ռազմական գործողությունները մշակվում են շտաբում, ռազմական գործողությունները կարգավովում են շտաբում: Հենց շտաբն է պատասխանատու ռազմական գործողությունների անցկացման, կազմակերպման հարցում: Թող որևէ մեկն ասի, որ գերագույն գլխավոր հրամանատարը գնացել է շտաբ և իրենց ասել է՝ այս ծրագրով պաշտպանությունը չիրականացնեք, այլ կանեք իմ ասած ձևով, այս հարձակումը չկազմակերպեք այսպես, կկազմակերպեք իմ ասած ձևով: Ոչ: Գերագույն գլխավոր հրամանատարը միայն տեղյակ եղել է կամ տեղյակ չի եղել ինչ-որ բաների մասին: Թող այդքան բարոյականություն ունենային, ու հենց իրենք էլ հրաժարական տային: Ես որպես պատգամավոր կամ որպես քաղաքացի՝ կհասկանայի իրենց, եթե Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հրաժարական տային, գնային կանգնեին փողոցում ու պահանջեին վարչապետի հրաժարականը: Քանի դեռ մնում են իրենց պոստերին, իրավունք չունեն հրաժարական պահանջելու: Դա ուղղակի խռովություն է: Դա ուղղակի պետական հեղաշրջման փորձ է:
-Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին ու ասել է, որ պետք չէ վախենալ ռազմական հեղաշրջումից:
-Ես դրան չեմ արձագանքի:
-Ձեր նշած գերագույն գլխավոր հրամանատարը, օրինակ, «Իսկանդերի» վերաբերյալ տեղեկությանը, պարզվեց, չէր տիրապետում: Այնպես չէ՞:
-Ես այդ հարցին չեմ պատասխանի:
-Լավ: Ձեր ընդդիմախոսներն ու որոշ մասնագետներ հայտարարում են, որ հեղաշրջման տարրեր չկան Գլխավոր շտաբի գործողություններում:
-Այդ մասնագետները թող գնան իրենց իրավաբանության մեջ խոսեն: Հիմա տեսեք՝ իշխանությունն ո՞ւմ է պատկանում, ժողովրդին, չէ՞: Այս ժողովուրդն է վարչապետին տվել իշխանություն, ուրեմն, միայն ժողովուրդը իրավունք ունի վարչապետից իշխանությունը հետ վերցնելու: Ոչ ոք, լսո՞ւմ եք՝ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Ժողովուրդը ինքը կորոշի՝ ում թողնել իշխանության, ում բերել իշխանության: Ուրեմն, թող բարի լինեն, Սահմանադրության այդ մի փոքրիկ կետը կարդան ու լավ յուրացնեն, որ իշխանությունը պատկանում է միմիայն ժողովրդին և իշխանություն փոխելու միակ գործոնը ժողովուրդն է:
-Ձեր ուժը ընտրությունների արդյունքում նորի՞ց մեծամասնություն կկազմի:
-Դա կորոշի ժողովուրդը: Բայց իմացեք՝ որտեղ էլ ես ու իմ ընկերները գտնվենք, անկախ նրանից՝ իշխանություն ենք, թե ոչ, աշխատելու ենք մեր հայրենիքի համար:
-Ընդդիմությունը փողոցում հանրահավաքներ է կազմակերպում, բավական շատ մարդիկ են հավաքվում: Ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել այս հարցը:
-Դա իրենց գործն է: Ես ոչինչ չեմ ուզում ասել, որովհետև աշխարհոմ մի հետաքրքիր բան կա, ոչ թե հետսովետական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում. այնտեղ ընդդիմությունը կառուցողական է լինում: Մեր ընդդիմությունը կառուցողական չէ: Այդ ընդդիմությունը միմիայն մի բանի է ձգտում՝ ամեն գնով գալ իշխանության: Իսկ ժողովուրդը շատ լավ հիշում է, թե երբ իշխանությունը նրանց ձեռքին էր, ինչ բերեց իր գլխին: Հասկանալի՞ է: Գիտակից մասսայից ոչ ոք չի ուզում, որ երկիրը թալանողները, սոցիալական անարդարություն հաստատողները, պետությունը սեփականություն դարձնողները, իշխանությունը ուզուրպացնողները, մարդկանց արժեհամակարգը ոչնչացնողները նորից գան իշխանության: Իզուր են այդ մարդիկ մտածում, թե ժողովրդի հիշողությունը կարճ է: Ժողովրդի հիշողությունը շատ երկար է ու հզոր, և այդ ժողովուրդը, որը տեսել է նրանց իշխանությունն ու թալանը, այլևս չի ցանկանում նրանց տեսնել իշխանության ղեկին: Ժողովուրդն ուզում է ապրել արժանապատիվ, վատ է, լավ է, ինքն է ընտրում: Մի անգամ վատը կընտրի, մյուս անգամ՝ լավը: Սա է ժողովրդավարությունը: Ժողովուրդը պետք է ընտրի իր իշխանությանը և վերջ: