Գնդակը ԲՀԿ-ի դաշտում է․ Հ․ Հակոբյան

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ
- Նախագահ Արմեն Սարգսյանն առարկություններով հետ է ուղարկել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Վարչապետն էլ իր հերթին վերադարձրեց նախագահի առարկությունները։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր է տեսնում Արմեն Սարգսյանը Արտակ Դավթյանի նշանակման դեպքում:
- Չեմ կարող ասել, ամեն դեպքում՝ խնդրի լուծումը շուտով կլինի։ Օնիկ Գասպարյանի դեպքում էլ նույն պատմությունը եղավ՝ նախագահը հետ ուղարկեց առարկություններով, վարչապետն էլ վերադարձրեց, բայց նա իրավունքի ուժով համարվեց ազատված։
- Վարչապետի ու Գլխավոր շտաբի միջև կոնֆլիկտը, կարծեք, չի լուծվում։ Հնարավո՞ր է՝ ինչ-որ պահի բանակը վարչապետին դեմ դուրս գա։
- Բանակի և վարչապետի միջև կոնֆլիկտ չկա, կոնֆլիկտը եղել է ԳՇ պետի և մի քանի բարձրաստիճան սպաների ու վարչապետի միջև, բայց նրանք ողջ բանակը չեն։
- Քառասունից ավելի գեներալներ ու բարձրաստիճան զինվորականներ էին ստորագրել վարչապետի հրաժարականի պահանջի տակ։ Դա մեծ թիվ է։
- Բայց բանակում միայն այդ սպաները չեն։ Պետք է նաև հասկանալ, թե այդ բարձրաստիճան սպաներն ինչ հանգամանքներում են ստորագրել այդ պահանջի տակ։
- Ճի՞շտ են տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միջորդավորված քննարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, բայց քանի դեռ համաձայնության չեն եկել, տեղեկություններ չեն հրապարակվում։
- Միգուցե, ճիշտ են: Միգուցե «Իմ քայլից» և ԲՀԿ-ից կան մարդիկ, որոնք տարբեր թեմաներով քննարկումներ ունենում են, բայց ես նման տեղեկություն չունեմ։
- Իսկ այդ թեմայով քննարկումներ լինո՞ւմ են ԲՀԿ-ի ու «Իմ քայլի» միջև։
- Դեռ ոչ, պաշտոնական քննարկումներ, որպես այդիսին, չկան։ Կարծում եմ՝ այդ քննարկումները նախ պետք է տեղի ունենան վարչապետի ու Գագիկ Ծառուկյանի միջև։
- Գագիկ Ծառուկյանն ամռանը հայտարարել էր, թե իշխանության դեմ պայքարում մինչև վերջ գնալու է, որ «անբարոյականի տղա կլինի, եթե հետ կանգնի»։ Տարեվերջին էլ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե պահանջել է նրա հրաժարականը։ Այսքանից հետո՝ նրա և վարչապետի միջև համաձայնություն կլինի՞։
- Չեմ կարող ասել։
- Այս կոշտ հայտարարությունները գուցե թույլ չե՞ն տալիս, որ արտահերթ ընտրությունների շուրջ ձեզ հետ համաձայնության գա։
- Հնարավոր համարում եմ, որ նաև դա լինի պատճառը, բայց ավելի կոնկրետ թող ԲՀԿ-ից պատասխանեն, թե ինչ պատճառով է այդ հանդիպումը ձգձգվում։ Ամեն դեպքում, վարչապետի կողմից առաջարկը հնչեցվել է, և հիմա գնդակը ԲՀԿ-ի դաշտում։ Նրանք պետք է հասկանան՝ գա՞ն բանակցությունների, թե՞ շարունակեն խտրական վերաբերմունք ցուցաբերել։
- Իսկ ձեզ համար պարտադի՞ր է ԲՀԿ-ի համաձայնությունն ունենալը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իշխանության հետ կգան ցանկացած կոնսեսուսի՝ չեն առաջադրի վարչապետի թեկնածու և չեն պաշտպանի առաջադրված որևէ այլ թեկնածուի։ Դա բավարար չէ՞։
- Մենք կարող էինք անգամ առանց ԼՀԿ-ի հետ համաձայնության գնալ արտահերթ ընտրությունների, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ, պետք է ուղղված լինի այս լարված մթնոլորտի թուլացմանը։ Իսկ այս լարված մթնոլորտում դերակատարում ունի նաև ԲՀԿ-ն՝ մասնակցելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող գործընթացներին։ Լարված մթնոլորտում դերակատարում ունի նաև ԼՀԿ-ն՝ խորհրդարանական գործունեությամբ։ Եվ որպեսզի ճիշտ հասկանանք, թե ինչպես պետք է թուլացնենք լարվածությունը, կամ ինչ նպատակով պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գոնե դրա մասին հուշագիր պիտի ստորագրվի։ Այլապես, եթե մենք գնանք արտահերթ ընտրությունների, բայց դրանից հետո չկարողանանք թուլացնել այս լարվածությունը, ընտրությունների իմաստը կորում է։
- Իսկ արտախորհրդարանական ուժերի կարծիքը էական չէ՞ ձեզ համար։
- Քննարկումների առաջարկն առաջին հերթին արվել էր խորհրդարանական ուժերին, հետո՝ արտախորհրդարանականներին։ Եթե ցանկություն ունենան, ապա նրանց հետ էլ քննարկումներ կլինեն։ Ամեն դեպքում, կարծում եմ, եթե խորհրդարանական ուժերը համաձայնության գան, դա արդեն բավարար է։
- Իսկ ե՞րբ եք նախատեսում արտահերթ ընտրությունները։ Ամռա՞նը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի ավարտին, թե՞ սահմանադրական փոփոխություններից հետո, որը, ըստ վարչապետի, պետք է տեղի ունենա հոկտեմբեր ամսին։
- Չեմ կարող ասել, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են։ Ի վերջո, այս պահի դրությամբ դեռ հստակ չէ՝ գնո՞ւմ ենք ընտրությունների, թե՞ ոչ։
- Այս իրավիճակում դուք, կարծես, մնացել եք մենակ, և ձեզ դեմ են խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերը։ Դա մտահոգիչ չէ՞։
- Մենք միայնակ չենք, քաղաքացիները մեզ հետ են, և մենք հաշվետու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ոչ թե այդ կուսակցություններին։
- Բայց այսօր ոչ թե քաղաքացիների շուրջ 80 տոկոսն է ձեզ հետ, ինչպես 3 տարի առաջ, այլ, ըստ ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների՝ ձեր օգտին պատրաստ է քվեարկել բնակչության ընդամենը 33 տոկոսը։
- Բայց նույն այդ հարցումների համաձայն որևէ այլ ուժի ավելի շատ աջակցություն չկա՝ երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որին կողմ էր արտահայտվել հարցվածների ընդամենը 3 տոկոսը։