ԼՀԿ-ի նախագծերը մերժվեցին, կընդունվեն կառավարության ներկայացվածները

Հայաստանում դեռևս նախորդ տարի սեպտեմբերի 27-ից հաստատված ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների հերթական նախաձեռնությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում տապալվեց. «Իմ քայլի» պատգամավորները նախագծին դրական եզրակացություն չտվեցին, այն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը ներկայացնելիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ ռազմական դրությունը պահելու հիմքերը վերացել են, ուստի, առաջարկում են վերացնել այն:
«Ռազմական դրությունը, ըստ էության, իր ամբողջ ծավալով չի համապատասխանում ստեղծված իրավիճակին: Ավելին, լուրջ խոչընդոտ է քաղաքական զարգացումներն ավելի հասկանալի ճանապարհով տանելու համար»,-ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը ներկայացնելիս ասաց Աբովյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել փաստաթղթին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ռազմական դրությունը խանգարում է քաղաքական զարգացումներին՝ հաշվի առնելով այն, որ Բաղրամյան պողոտայի մի հատվածը և Դեմիրճյան փողոցը ցուցարարները փակ են պահում: «Ինչքան ուզում են, միտինգ են անում, փողոցները փակում են, այդ առումով որևէ խոչընդոտ կա՞: Վերջին հաշվով, ռազմական դրության որոշ դրույթներ մեղմացվել են, և քաղաքական զարգացումների համար որևէ խոչընդոտ կա՞», -հետաքրքրվեց Քոչարյանը:
Աբովյանը դրական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ ռազմական դրության պահպանումը Հայաստանում բացառապես քաղաքական նպատակ է հետապնդում:
«Օրինակ՝ ռազմական դրության ժամանակ վարչապետը հրաժարական չի կարող տալ: Օրենքը արգելում է: Այդ առումով խոչընդոտ կա», -նշեց Աբովյանը:
Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին՝ Քոչարյանն ասաց, որ ռազմական դրությունը՝ այսպես, թե այնպես, պետք է փոխվի, քանզի իշխանությունը այս փուլում քաղաքական լուծումներ է փնտրում:
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նկատեց, որ օրինագծի հիմնավորումներում չկան հարցերի պատասխաններ՝ արդյո՞ք ցուցարարներն ունեցել են խոչընդոտ փողոցներ փակելու, հրապարակներում ցույցեր անելու, շենք-շինություններ շրջափակելու հարցում: Ավելին, ըստ իշխանական պատգամավորի, կան քաղաքացիներ, որոնց «արդեն հոգնեցրել են փակ ճանապարհները, երևեկությունը պարալիզացնելը»: «Այսօր, այո, հանրային պահանջ կա, որ ավելի կտրուկ և կոշտ մեթոդների դիմեն հասարակական կարգը պահպանող ծառայությունները և ապահովեն քաղաքացիների բնականոն կյանքը», -ասաց Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում դեռ գործընթացներ են ծավալվում, Ադրբեջանը և Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, ռազմական դրությունը պայմանավորված է հենց այս հանգամանքով:
«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանը նկատեց, որ քաղաքական լարվածությունը կարող է թուլանալ միայն քաղաքական գործիչների հռետորաբանության փոփոխության պարագայում, իսկ ռազմական դրությունը չի կարող խոչընդոտել դրան:
«Միանշանակ համաձայն եմ, որ պետք է գնալ իրավիճակի ստաբիլացման, բայց քաղաքական դաշտի լարվածության թոթափման ամենագլխավոր պայմաններից մեկը քաղաքական գոծիչների կողմից հռետորաբանության փոփոխությունն է, որովհետև մի օրենսդրական փոփոխություն չի կարող լինել խոչընդոտ, որ, օրինակ, հրապարակներում չհնչեն բռնության, ընդհուպ ահաբեկչության մոտեցող կոչեր», -հավելեց Կոնջորյանը:
Իշխանության պատգամավորները դեմ քվեարկեցին ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագծին, բայց հայտնեցին, որ 7-10 օր տարբերությամբ կառավարությունն ինքը կհանի ռազմական դրության ռեժիմը: Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ են գնում, իսկ արտահերթ ընտրությունները չեն կարող լինել ռազմական դրության պայմաններում, ուստի, իշխանությունը շուտով կհանի ռազմական դրության ռեժիմը:
ԼՀԿ-ի ներկայացրած մեկ նախագիծ ընդունվեց, երկուսը մերժվեցին
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված էին միայն ընդդիմության հեղինակած նախագծեր: Դրանցից երեքով ԼՀԿ-ն փոփոխություններ էր առաջարկում նույն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Ընդունվեց միայն մեկը:
Դրանով առաջարկվում է ավելացնել պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքային շեմը՝ գործող 45-ի փոխարեն դարձնել 63, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար սահմանվում է մինչև 65 տարեկանը:
«Պատերազմից անմիջապես հետո մենք խնդիր ունենք մեր բանակը ավելի շատ պայմանագրային զինծառայողներով համալրելու: Եվ Կապանում, Գորիսում ապրող մեր հայրենակիցներից ստացել ենք առաջարկություն, որ օրենքի համապատասխան դրույթը, որի համաձայն՝ 45 տարեկանից հետո անհնար է շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը, փոփոխել ու ներկայացնել օրենքի նախագիծ, որով հնարավորություն տրվի բարձրացնել այդ շեմը: Մենք առաջարկում ենք շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը»,-«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց Մարուքյանը:
Ընդ որում, նա նկատեց, որ բարձրագույն սպայական կազմի համար շեմը բարձր է:
«Եթե մարդը գեներալ է, ուզում ենք պահել բանակում, բայց եթե, օրինակ, ենթասպա է, 45-ից հետո ասում ենք՝ զորացրվիր»,- նշեց Մարուքյանը:
Նախագծին կառավարությունն առարկություններ ուներ: Փոխնախարարը Արման Սարգսյանն ասաց, որ կառավարությունն այս ոլորտում փոփոխություններ կատարում է, և փորձելու են ստեղծել ավելի ճկուն համակարգ: Այդուհանդերձ, առաջին ընթերցմամբ նախագիծն ԱԺ-ում քննարկելուն դեմ չէին, ի տարբերություն ԼՀԿ-ի մեկ այլ նախագծի:
Մերժված նախագծերից մեկով ԼՀԿ-ն առաջարկում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվի փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց: Նախագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ գործող կարգավորմամբ, չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարվա համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդի փոխհատուցում չէր տրամադրվում: ՍԴ-ն 2018-ին այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առարկեց՝ նկատելով, որ մարդը կարող է ամեն տարի իր հասանելիք արձակուրդից չօգտվել, ինչի արդյունքում պետության վրա մեծ բեռ կարող է կուտակվել: Սիմոնյանի կարծիքով՝ կարելի է գալ համաձայնության և գումարը տալ ոչ թե միանգամից, այլ մասերով:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը առաջարկեց սպասել, մինչև կառավարությունը համալիր լուծումներով կներկայանա խորհրդարան: