Երրորդ փորձից խորհրդարանը չեղարկեց ռազմական դրությունը

մարտի 24, 2021

Մարտի 24-ին Ազգային ժողովը ընդունեց Հայաստանում ռազմական դրությունը վերացնելու մասին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների որոշման նախագիծը:

Խորհրդարանական մեծամասնության կողմից 3 անգամ մերժված այս նախագծի քվեարկության նման ելքը սպասելի էր. արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ վարչապետն ու խորհրդարանական երկու խմբակցությունները եկել են համաձայնության, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ գործընկերներին կոչ էր արել նախագծին կողմ քվեարկել:

Խորհրդարանական ընդդիմության որոշման նախագծին կողմ էր քվեարկել 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Այսպիսով, կառավարության առաջարկով սահմանված և յոթ ամիս ձգվող ռազմական դրությունը խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ և ԱԺ-ի քվեարկությամբ մարտի 24-ին հանվեց:

«Հիրավի, անիմանալի են ճանապարհներն Աստծո», -քվեարկությունից հետո հայտարարեց նիստը նախագահող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

 

Ռազմական դրությունը հանվեց՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով

«Բանակցողներից մեկն էլ ես եմ և հայտարարում եմ, որ մենք ունեցանք հանգուցալուծում, ունենք հստակ հայտարարված ընտրությունների օր: Մարդիկ ասում են՝ ո՞նց կարող եք ընտրությունների օր հայտարարել նախապես, բայց մենք համաձայնություն ունենք վարչապետի հրաժարականի հարցի շուրջ: Վարչապետի հրաժարականի օրով պայմանավորված հաշվարկ է կատարվել մինչև ընտրության օր», -մարտի 23-ին, Ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների գործընթացը սկսում է ՀՀ վարչապետի հրաժարականից հետո: Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այս գործընթացից հետո Սահմանադրության 92-րդ հոդվածը արդեն կարգավորում է ԱԺ արտահերթ ընտրության անցկացումը: Ըստ այդմ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

Մարուքյանն ասել էր, որ ռազմական դրությունը վերացնելու մասին պայմանավորվածություն վարչապետի հետ չեն ունեցել, այլ ավելի գլոբալ հարցի մասին՝ արտահերթ ընտրությունների:

«Եթե ավելի մեծ հարցի վերաբերյալ ունենք կոնսենսուս, հետևաբար,մ ռազմական դրությունը դրան ենթակա հարց է, և պետք է ավտոմատ հանվեր», -հավելել էր նա:

«Այո, ռազմական դրությունը չէր հանվում մեկ պատճառով, որովհետև մտավախություն կար, որ ընդդիմությունը նախաձեռնելու էր Նիկոլի Փաշինյանի իմպիչմենթի գործընթացը, կհաջողեինք, չէինք հաջողի, ժողովուրդը կտեսներ, ժողովուրդը չէր տեսնի, ժողովուրդն իմաստուն է և այլն, կերևար նախաձեռնությունների ժամանակ», -իր հերթին նշել էր «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:

Դեռ անցած շաբաթ երկրում ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների նախագիծը քննարկվել էր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ու բացասական եզրակացություն ստացել։ Այստեղ իշխանական խմբակցության պատգամավորներն առաջարկել էին սպասել իրավասու մարմինի՝ կառավարության քննարկմանն ու առաջարկությանը:

Իշխող խմբակցության գործընկերները, սակայն, ծանրակշիռ հիմնավորում չէին նկատել Մարուքյանի ներկայացրած նախագծում: «Իրական հիմնավորում, ծանրակշիռ հիմնավորում, թե ինչու պետք է հանել ռազմական դրությունը, չտեսա», -հայտարարեց «Իմ քայլից» Ծովինար Վարդանյանը՝ խնդրելով ներկայացնել որևէ լուրջ հիմնավորում:

Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց, որ պատերազմն ավարտվել է, կնքվել է հայտարարություն, դրա իրականացմանն ուղղված գործընթացներ են իրականացվել, լուծվել է նաև քաղաքական խնդիրը՝ պայմանավորվել են ընտրությունների օրվա շուրջ. «Էլ ի՞նչ հիմնավորում եք ուզում»:

Ներկայացված նախագծին կողմ քվեարկելու կոչով հանդես էր եկել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պնդելով, որ ռազմական դրության երկարաձգումը չունի քաղաքական որևէ դրդապատճառ։

«Ես ցանկանում եմ նաև համերաշխություն բառն օգտագործել, թերև համերաշխության տակ բոլոր պատգամավորները չցանկանան ստորագրել, բայց առնվազն հանդուցալուծման ճանապարհ է սա, և քաղաքական կայունության այսպես թե այնպես վերականգնման` այս կամ այն ելքով: Ես առաջարկում եմ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել այս նախագծին, հանենք ռազմական դրությունը, գուցե 7 օր, գուցե 5 օր, ավելի շուտ, քանի իմաստ ուներ»։