Նրանք հեռանում են Ազգային ժողովից. ցուցակներում ընդգրկված չեն

հունիսի 13, 2021

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 ուժերից հատկապես 3-ի՝ խորհրդարանական «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակներում ամենաշատ ծանոթ անուններն են։ Նրանք 7-րդ, նաև նախորդ գումարումներից հայտնի պատգամավորներնն են։Սակայն երեք խմբակցություններում էլ առանցքային մի քանի գործիչներ պարզապես հրաժարվել են ընտրապայքարից՝ չընդգրկվելով կուսակցական ցուցակներում:

Որ «իմքայլականները» չեն լինի 8-րդ գումարման ԱԺ-ում

Նախ՝գործող իշխանությունը ԱԺ ընտրություններին մասնակցում է ոչ թե դաշինքով, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով, որում 150-ից ավելի թեկնածուն կա: «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ մղվել են հետին պլան՝զբաղեցնելով ցուցակի ստորին հորիզոնականները: Նրանք են՝ Հայկ Գևորգյանը, առողջապահության ևսոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, Քրիստինե Պողոսյանը, Արման Եղոյանը, Անուշ Բեղլոյանը և այլք:

Այս ընտրականցուցակի ամենավերջին՝ 157-րդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքային դեմքերից մեկը՝ Մխիթար Հայրապետյանը, ինչը հավասարազոր է ցուցակում չլինելուն:

Այդ առիթով պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Արդյո՞ք հաստատուն ու աներեր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ։

-Ավելի քան երբևէ:

Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարող է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։

- Այո»:

Այլ հարցերի պատգամավորը հրաժարվել է պատասխանել:

Խորհրդարանից հեռանում են նաև «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը, Արտակ Մանուկյանը, Սոս Ավետիսյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Միքայել Զոլյանը և Համազասպ Դանիելյանը:

Առաջին երկուսը համամասնական ցուցակը հրապարակելուց անմիջապես հետո նույն տեքստը տարածեցին. «Չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների «Իմ քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. Հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»:

Համազասպ Դանիելյանը հունիսի 9-ին հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին։ Դանիելյանը համակարգում էր «Կուսակցությունների մասին» օրենքում, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար դեռևս 2019-ին ստեղծված աշխատանքային խումբը: Մինչև վերջերս էլ նա մասնակցում էր ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին, բայց կտրուկ հրաժարվում է մեկնաբանել՝ ինչու որոշեց չշրունակել թիմի հետ քաղաքական գործունեությունը:

Երկար լռությունից հետո Տաթևիկ Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ ՔՊ-ի հետ ընտրություններին չմասնակցելը իր անձնական որոշումն է. «Իսկ պատճառների մասին այս պահին խոսելն անպատեհ եմ համարում՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական մթնոլորտը»։

Իմքայլականների հետ ՔՊ-ի ըտրական ցուցակում են նոր դեմքեր և ընդ որում՝ անկուսակցականներ՝ գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը, պաշտպանության նախկին փոխնարար Գագիկ Մելքոնյանը, «Բարգավաճ Հայաստանից» հեռացած Սերգեյ Բագրատյանը:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, որը պայծառ ապագա է խոստանում իր ելույթներում, գրեթե բոլոր հանդիպումներում քաղաքացիներին հորդորում է 60 տոկոս քվե տալ իրենց: Այդ պարագայում, եթե հաշվի առնենք, որ ցուցակի առաջին քսանյակը կգործուղվի կառավարություն, գործող «Իմ քայլի» պատգամավորական կազմը 8-րդ գումարման խորհրդարանում էական փոփոխություն չի կրի:

ԲՀԿ-ն՝ առանց ծանր հրետանու

7-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծանր հրետանի համարվող Նաիրա Զոհրաբյանն այս անգամ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում: Նա իր ավանդական երրորդ հորիզոնականը զիջել է Իվետո Տոնոյանին:

8-րդ գումարման Ազգային ժողովում խմբակցություն ունենալու հավակնություն ունեցող ԲՀԿ-ի ցուցակը դարձյալ ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը կարծես մոռացվել են, և նա ու իր թիմը անխոչընդոտ քարոզարշավ են իրականացնում: ԲՀԿ առաջնորդը այլևս կոշտ քննադատության չի ենթարկում գործող կառավարությանը, սակայն Ծառուկյանը արդեն հայտարարել է, որ ընտրություններից հետո իշխանական ուժի հետ կոալիցիո չի կազմելու:

Եթե ԲՀԿ-ին հաջողվի ընտրություններում անցողիկ ձայներ հավաքել, նրանց խմբակցության կազմը որոշակիորեն կտարբերվի գործող խմբակցությունից: Համամասնական ցուցակի անցողիկ՝ 5-րդ տեղում է Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը: Խորհրդարան են ցանկանում վերադառնալ նախկին պատգամավորներ Հրանտ Դավթյանը և Լուիզա Սարգսյանը, որոնք համարվում են Ծառուկյանի մտերիմները:

Ովքե՞ր են «լուսավորականները»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի անցողիկ դիրքերում անկուսակցականներ կան՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի գլխավոր իրավախորհրդատու Արտյոմ Գեղամյանն է 2-րդ տեղում՝ Էդմոն Մարուքյանից հետո, 7-րդ և 8-րդ տեղերում դարձյալ անկուսակցականներ Սարիկ Մինասյանն է ու Լևոն Մարտիրոսյանը: Վերջինը ՀՀԿ-ի ցուցակով մեկ անգամ արդեն եղել է ԱԺ պատգամավոր, նաև Կանադայում արտակարգ և լիազոր դեսպան: Նրա ընդգրկվելը ընտրական ցուցակում զարմանալի էր, սակայն լարված ընտրական թոհուբոհի մեջ անտեսվեց:

Զարմանալի է, որ ԼՀ խմբակցության ակտիվ պատգամավորներից մեկը՝ Աննա Կոստանյանը, համամասնական ցուցակի 15-րդ հորիզոնականում է: «Ցուցակում 15-րդն եմ և պատրաստվում եմ աշխատել առաջիկա օրերին մեր քաղաքական ուժի կարևորագույն ուղերձները տեղ հասցնելու ուղղությամբ», - հայտարարել էր Կոստանյանը:

Խմբակցության դեմքերից Տարոն Սիմոնյանի անունն ընդհանրապես ընդգրկված չէ ցուցակում, թեպետ նա ղեկավարում է կուսակցության նախընտրական շտաբը։

Տարբեր սոցիոլոգիական հարցումների ու փորձագիտական գնահատականների համաձայն՝ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժի մուտքը խորհրդարան հարցականի տակ է: Նախընտրական քարոզարշավում ԼՀԿ-ն շեշտը դրել է հանրային համերաշխություն հաստատելու մասին քարզչության վրա: