7-րդ գումարման ԱԺ-ն իր առաքելությունն ավարտեց՝ քրեականացնելով հայհոյանքն ու վիրավորանքը

հուլիսի 30, 2021

7-րդ գումարման Ազգային ժողովը լիազորությունների ավարտին նախորդող վերջին նիստում քրեականացրեց վիրավորանքն ու հայհոյանքը և դրանց համար սահմանեց խիստ պատիժ՝ ընդհուպ մինչև կալանավորում:

Հուլիսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով՝ երկու ընթերցումը մեկ օրում, ընդունվեց 6 նախագիծ։ Նախագծերից երկուսը քննարկվում էին առաջին ընթերցմամբ, իսկ չորսն առաջին ընթերցում անցել էին գարնանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը արտահերթ նիստի և նախագծերի քննարկման հրատապությունը պայմանավորեց հաջորդ խորհրդարանին կիսատ ժառանգություն չթողնելու ցանկությամբ: «Հարցերի մեծ մասն առաջին ընթերցմամբ ընդունվել էին, և եթե 7-րդ գումարման ԱԺ-ն դրանք չընդունի երկրորդ ընթերցմամբ, ապա այդ օրինագծերը, որոնցից շատերի հրատապությունը գործընկերներիս մոտ կասկած չի առաջացնի, հետաձգվելու էր առնվազն 2-3 ամսով: Այդ իրավական վաակումից խուսափելու համար է հրավիրվել այս նստաշրջանը: Եվ ընդամենը երկու հարց կա, որոնք պահանջում են առաջին և երկրորդ ընթերցում: Սրանց կարևորությունն ու հրատապությունն էլ պայմանավորված է նրանով, որ հետաձգվել էին համաճարակի և պատերազմի պատճառով»,- բացատրեց նա:

Նիստին մասնակցում էին միայն «Իմ քայլը» խմբակցությունն ու խմբակցություններում չընդգրկված պատգամավորները: «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը», որոնք չեն լինի 8-րդ գումարման խորհրդարանում, դահլիճում չէին:

Ի դեպ, հուլիսի 30-ին ԱԺ-ում անվտանգությունը խստացված էր․պատգամավորները մտնում էին նիստերի դահլիճ՝ հատուկ սարքի տակից անցնելով։

Ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ նկատառումով

Երկու ընթերցումով քննարկված և ընդունված նախագծերից մեկը Քրեական օրենսգրքի այն լրացումն էր, որով քրեականացվեցին վիրավորանքն ու հայհոյանքը: Նիստի ժամանակ հենց այս նախագիծն առավել ուշադրության արժանացավ, և, ըստ էության, հենց այս նախագծի համար էր խորհրդարանական մեծամասնությունն արտահերթ նիստ հրավիրել:

Նախագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Վլադիմիր Վարդանյանը: ՔՕ 137-րդ հոդվածում առաջարկվում էր փոփոխություն, համաձայն որի «անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի», այսինքն՝ 100 հազարից 500 հազար դրամի չափով:

Եթե այդ արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով և պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ, պատժվում է 500 հազար դրամով: Իսկ եթե դա արվել է միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար, պատժվում է 1-3 մլն դրամով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով:

Ըստ նախագծի «հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:

«Իհարկե, ես հասկանում եմ, որ այս նախագիծը կարող է հարցեր առաջացնել երկրի ներսում և դրսում: Բայց քրեաիրավական քաղաքականության ոլորտում մենք առաջնորդվում ենք ոչ թե արձագանքներով, այլ մեր հասարակության մեջ առկա խնդիրներով: Խնդիրը դարձել է շատ ավելի պրոբլեմատիկ՝ հաշվի առնելով հեռավար եղանակով հայհոյանք հասցնելու հնարավորությունը: Սոցիալական մեդիան, տեղեկատվության արագ փոխանակումը հեռավար հայոյանքը դարձրել են շատ ավելի վտանգավոր, որովհետև այն նաև հետագա քրեածին վարքագծի դրսևորման պատճառ է»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, թե նախագիծը ոչ այնքան պատժիչ, որքան կանխարգելիչ նպատակ ունի:

Ավելի մեծ տուգանք

Խորհրդարանական մեծամասնության այս նախաձեռնությունը քննադատեցին իշխանական և ընդդիմադիր պատգամավորները: «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, թե նախագիծը «խուճուճ կերպով է գրված», պարզ չեն օգտագործված հասկացությունները. «Օրինակ՝ «հայհոյանք» ասելով՝ ի՞նչ եք հասկանում: Աճառյանի բառարանում «հայհոյանքը» մարդու նկատմամբ հայտնած ցանկացած սուտ տեղեկությունն է, մինչդեռ Դուք խոսում եք սեռական հայհոյանքի մասին։ Մյուս դեպքում, անպարկեշտ վիրավորանքի մասին եք խոսում, ո՞նց եք պատկերացնում՝ դատավորը ինչպե՞ս է որոշելու՝ նախադասությունը անպարկե՞շտ է, թե՞ ոչ»։ Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց, թե ստիպված է «շատ պարզ և պրիմիտիվ եղանակով» պատասխանել գործընկերոջը. «Հայաստանի իրավապահ, դատական մարմիններն ու յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը»։

Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են լարվածությունները, անօդաչու սարքեր են պտտվում, նախօրեին ինքը դիմել էր ԱԺ՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ և քննարկել իրավիճակը, բայց «Իմ քայլը» այլ օրակարգով է արտահերթ նիստ հրավիրել: «Երբ ես ծանոթացա նիստի օրակարգին, հասկացա, որ իզյումինկան ՔՕ փոփոխություններն են: Ես հասկանում եմ՝ ինչու է արվում, որովհետեւ նոր խորհրդարանում էքշնի և հայհոյանքի պակաս չի լինելու: Ես կարծում եմ և պնդում, որ պիտի անպայման հրավիրվի նիստ, հրավիրվի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, զինված ուժերի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, քննարկենք ստեղծված իրավիճակը: Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետոյի իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հրավիրենք այս նիստից հետո հրատապ նիստ, քննարկենք այդ կարևոր հարցը»,- հավելեց նա:

«Ինձ հետաքրքիր է, ինչպես պիտի կանխվեն իշխանությանը տրվող այսպիսի գնահատականները՝ անհայրենիք, հողատու, կապիտուլյանտ: Կամ ինչպես պետք է գնահատվի տիկին Նազարյանի ասած «իդիոտկա» արտահայտությունը: Եթե այս բառերը չենք կարողանա տանել այս օրենքի դաշտ, ապա ոչ մի բան չի լինելու»,- նկատեց Սոֆյա Հովսեփյանը:

ԲՀԿ-ից դուրս եկած և 8-րդ գումարման ԱԺ արդեն «Քաղաքացիական պայմանագիր»-ի ցուցակով անցած Սերգեյ Բագրատյանն էլ ոչ միայն կողմ էր վիրավորանքի ու հայհոյանքի քրեականացմանը, այլև կարծում էր, թե սահմանված պատժաչափերը թույլ են: «Ես համաձայն չեմ՝ կես միլիոն, մեկ միլիոն, դրանք ճիշտ չեն։ Պետք է այն կանխավարկածով լինի, որ մարդը չկարողանա վճարել այդ գումարը, այսինքն՝ լինի՝ 10 միլիոն, 20 միլիոն դրամ, որ նույնիսկ չփորձեն վիրավորելու մասին մտածել: Պետք է մշակենք այնպիսի օրենքներ, որոնք որևէ ձևով կարգելեն այս այլանդակ բարքերը սոցցանցերում և հանրային տիրույթներում»,- հավելեց նա։

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 72 կողմ ձայներով:

Սահմանափակել տեսանկարահանումը սահմանին

Վերջին արտահերթ նիստին ԱԺ-ն քննարկեց և ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որն արգելում է սահմանի մոտ կատարվող որոշ նկարահանումները: Օրինակ, անօդաչու թռչող սարքով նկարահանումները: Օրենքը խախտողը կտուգանվի 100 հազար դրամով: «Ընդունումը պայմանավորված է պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող, ԱԹՍ–ների օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու կանոնները խախտած անձանց վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ»,- բացատրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն էլ հավելեց, որ սահմանամերձ գոտու բնակիչները կամ տուրիստները նկարահանումներ են իրականացնում, ինչը առաջացնում է հարևան պետության և մեր սահմանապահ ուժերի արդարացի դժգոհությունը։ Պատգամավորը անհրաժեշտ է համարում նաև սահմանային միջադեպերի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության կանոնակարգումը: «Սահմանամերձ բնակավայրերի համայնքի ղեկավարներ, պետական պաշտոնյաներ անընդհատ տեղեկատվություն են տրամադրում լրատվամիջոցներին, և որևէ կերպ այս հարցը չի կարգավորվում։ Կարելի է օրենսդրական կարգավորում բերել, որ պետական պաշտոնյաները իրավունք չունեն տեղեկատվություն տարածել սահմանների վերաբերյալ։ Ամեն անգամ, օրինակ, Սյունիքի մարզից տեղեկություններ եմ ստացել, որ այսօր ահա ադրբեջանցիները մտան, դուրս եկան, չգիտեմ՝ ինչ արին, տարան, բերեցին և այլն։ Հասկանալի է, որ տեղեկատվությունը հնարավորինս շատ պետք է տրամադրվի մեր քաղաքացիներին, սակայն որևէ կերպ սա չի ֆիլտրվում, մոնիտորինգ չի արվում, թե արդյո՞ք սա պետական գաղտնիք պարունակում է»,- ասում է Արմեն Խաչատրյանը։

Խորհրդարանն ընդունեց նաև ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնելու, մարտական գործողությունների մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Ինչպես նաև՝ հողի նպատակային նշանակությունը փոխելու, ուղևորափոխադրման ու բեռնափոխադրման ընկերությունների վարորդների համար հանգստի և աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառելու կանոնները սահմանող նախագծերը: