Նոր խորհրդարանը լրացնում է հնի բաց թողածը և ընտրում վճռաբեկ դատարանի դատավոր

8-րդ գումարման Ազգային ժողովը հենց առաջին աշնանային նստաշրջանում փորձում է լրացնել նախորդ գումարման խորհրդարանից մնացած բացերը: Դրանցից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն էր:
Հայաստանում դատական համակարգի անկախությունն ապահովող Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնի համար առաջադրել էր 3 դատավորի՝ Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Սեպտեմբերի 14-ին ԱԺ նիստում դատավորների թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:
Թեկնածուներից մեկը Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն է: Նա 46 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավագետ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է։Երկրորդ թեկնածուն՝ Հրաչ Այվազյանը, Վարչական դատարանի դատավոր է, 47 տարեկան է, աշխատել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում: Երրորդ թեկնածուն կին է՝ Լիանա Հակոբյանը: Նա 45 տարեկան է, աշխատել է Սահմանադրական դատարանում:
Հարցեր Ջհանգիրյանին
Թեկնածուներին ներկայացնելու ժամանակ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին ուղղված պատգամավորների հարցերը դատական իշխանության անկախ կամ կախյալ լինելու, Ջհանգիրյանի անցյալի ու կուտակված ունեցվածքի մասին էին:
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանին հետաքրքրում էր՝ դատական իշխանությունն ինչո՞ւ է դարձրել «գրպանային իշխանություն»:
«Ուզում եմ Ձեզանից հետաքրքրվել այն բոլոր մտահոգիչ լուրերի մասին, որոնք պտտվում են Ձեր այսօրվա գործունեության շուրջ։ Մասնավորապես, որ Դուք դատական իշխանությունը դարձրել եք «գրպանային իշխանություն» ու բացառապես Ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսելվճիռներ կայացնել»,-դիմելով Ջհանգիրյանին՝ ասաց պատգամավորը:
Ի պատասխան Ջհանգիրյանն ասաց, որ ինքը չի կարող մասնակցել Ազգային ժողովի ոչ աջ հատվածի, որ ձախ հատվածի, ոչ էլ կենտրոնում նստած հատվածի քաղաքական քննարկումներին ու հավելեց. «Ես իրավունք չունեմ, ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական որևէ գնահատականից, բայց Դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում, ու ես պարտավոր եմ դրան պատասխանել: ԲԴԽ-ն որևէ դատավարական գործառույթով օժտված չէ: Մենք, տիկին Թովմասյան, նաև հեռախոսով ենք խոսել, կալանավորներից մեկը, չեմ ուզում անունը ասել, Ձեզ ասել է, որ ես ճնշել եմ դատավորին, որպեսզի այս կամ այն որոշումը կայացնեն: Ինքս երկրորդ նախագահի ժամանակ, այնուհետև՝ նաև երրորդ նախագահի ժամանակ հանիրավի անցկացրել եմ բանտում, ես արդարացվել եմ 12 տարի անց, ու իմ իրավունքների խախտումը ճանաչել է նաև Եվրոպական դատարանը, ու ես չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարող եմ ճնշել դատավորներին, որ ապագայում ևս Հայաստանն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»։
«Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանի հարցը վերաբերում էր Հոկտեմբերի 27-ի գործին: Նա հիշեցրեց հարցազրույցներից մեկում Ջհանգիրյանի հայտարարությունը՝ «Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա-չկա` բացահայտված է, և ամեն ինչ քրեական գործի նյութերում է՝ թե՛ հիմնական, որը գնացել է դատարան, թե՛ անջատված մասի գործի նյութերում է» ու հետաքրքրվեց. «Եթե ասում եք, որ բացահայտված է, այդ դեպքում ինչու են իշխանության ներկայացուցիչները անընդհատ շահարկում այդ գործի չբացահայտված լինելը»: Ի պատասխան Ջհանգիրյանն ասաց, որ պնդում է իր նախկին հայտարարությունը՝ այն, ինչ քրեական գործի մեջ է, բացահայտված է, և հավելեց. «Ես չեմ ասել, որ բոլոր հանցակիցները, պատվիրատուները բացահայտված են, այլ ասել եմ՝ ինչկա-չկա, այդ գործի մեջէ: Խնդրում եմ՝ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»:
Նույն խմբակցությունից Արեգնազ Մանուկյանին էլ հետաքրքրում էր՝ որտեղի՞ց Գագիկ Ջհանգիրյանին այդքան գումար «հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն կառուցելու համար»:
«Դուք այդ տան գինը նվազեցնելու համար այն գոմ անվանեցիք: Ի դեպ, Ձեր նշած այդ գոմում հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված», -հավելեց Մանուկյանը:
Ջհանգիրյանը պարզաբանեց, թե տունն իր որդունն է, և Իրաքի դեսպանատունը վարձակալում է այն իր որդուց: Ասաց նաև, թե ինչու է տունը գոմ անվանել․«որովհետև այդ տան կողքի առանձնատները ապարանքներ են: Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատակիցները, որ իրենք նման պայմաններում են բնակվում», -հավելեց Ջհանգիրյանը:
Նույն պատգամավորին նաև հետաքրքրում էր՝ ինչպե՞ս է ԲԴԽ-ում պաշտոնավարման ընթացքում Ջհանգիրյանը որդու համար Կասկադում 600 000 դոլարով բնակարան է ձեռք բերել։ ԲԴԽ նախագահը պատասխանեց․«Դա կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, այդ փողերն էլ կամ իրենք են տվել, կա մոչ, ես չգիտեմ, իրենց հարցրեք (մատնացույց է անում դահլիճում նստած ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին)․․․ըհը․․․իմ խնամին է։Իր աղջիկն իմ հարսն է»։ Արեգնազ Մանուկյանը, սակայն, շարունակեց․«Հասկանալի է, բայց փաստորեն Ձեզ կաշառք է տվել, Դուք պաշտոնյա եք»։
Ջհանգիրյանը չթաքցրեց զարմանքը. «Ի՞նչ կապ ունի, ազիզ ջան․․․տղաս չափահաս է, արդեն առանձին են ապրում, երկու երեխա ունեն, երրորդին են ուզում ունենալ: Ի միջի այլոց, հիփոթեքով է ձևակերպված այդ բնակարանը։Նման գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել, դա երևակայության արդյունք է»։
Թեկնածուները՝ դատական համակարգի մասին
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից Հովսեփ Բեդևյանի կարծիքով հիմա դատավորի աշխատանքը գրավիչ չէ, որովհետև աշխատավարձը և մյուս սոցիալական երաշխիքները շատ ցածր մակարդակի վրա են․
«Լավ մասնագետը, բնականաբար, ձգտում է գնալ մասնավոր սեկտոր, որովհետև այնտեղ շատ է վաստակում։ Գրավիչ չէ նաև հասարակության կանխակալ տրամադրվածության պատճառով։ Դատական համակարգը հասարակության վստահության խնդիր ունի։ Բացի այդ, դատարանների գերծանրաբեռնվածությունն է։ Ցածր աշխատավարձով գերծանրաբեռնված աշխատանքը գրավիչ չէ»,- բացատրեց դատավորի թեկնածուն:
Նրա խոսքով՝ հենց այդ խնդիրներով է պայմանավորված, որ իրավաբանները չեն ցանկանում դատավոր դառնալ։
Հովսեփ Բեդևյանն ընդգծեց, որ պետության առջև ծառացած գերխնդիրը՝ ստեղծել իրապես անկախ, անաչառ, բարձր արդյունավետությամբ աշխատող դատական համակարգ, ամբողջությամբ լուծվածչէ:
«ՀՀ դատական համակարգը դատաիրավական բարեփոխումների նոր, երկարատև, հստակ ծրագրված, հիմնավորված, լուրջ ֆինանսական ներդրում, տեղական ու արտասահմանյան փորձագետների մասնակցություն ենթադրող փուլի կարիք ունի, որը կընդգրկի պահանջվող չափորոշիչներին համապատասխան դատական իշխանության ձևավորմանն ուղղված գործողությունների ամբողջ շրջանակը՝ սկսած բարձրագույն իրավաբանական կրթության համակարգի բարեփոխումներից, վերջացրած դատարանների նյութատեխնիկական արդիականացմամբ», -տեսլականը ներկայացրեց Բեդևյանը:
Թեկնածու Հրաչ Այվազյաննէլ անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կարգին. «Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության նախատեսված ձևաչափը երբեմն քննադատվում է՝ թիրախավորելով այն, որ նշանակման այս մեթոդները քաղաքականացման և իշխանական մյուս թևերից կախվածության վտանգ են պարունակում, սակայն ընտրության իրավասության այս ձևաչափը խորհրդարանին վերապահելն ընդգծում է խորհրդարանական կառավարման ժողովրդավարական ձևն ու նշանակությունը: Մասնավորապես, քվեարկությամբ հավանական թեկնածուի ընտրությունը ժողովրդավարության և օրինականության ինստիտուտային լրացուցիչ քվեով հավելյալ վստահություն է հաղորդում՝ ամրապնդելով դատական իշխանության նշանակությունը»,- ասաց Այվազյանը:
Այվազյանի ներկայացմամբ՝ դատական իշխանության դերի և նշանակության պատշաճ որակի հասնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետք է վերանայել դատարաններում ծանրաբեռնվածության թեթևացման միջոցառումները և ապահովել անհրաժեշտ լուծումների շարունակական արդիականացում:
«Դատական համակարգում համար մեկ խնդիրը դատարանների ծանրաբեռնվածությունն է՝ դրանից բխող մի շարք ածանցյալ բացասական հետևանքներով», -իրեն մտահոգող խնդիրը ելույթում մատնանշեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանը
Նրա խոսքով՝ դատարաններում խախտվում են ողջամիտ ժամկետում գործերի քննության իրավունքները, ինչի վկայությունն է Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը:
Թեկնածուի խոսքով՝ դատարանների ծանրաբեռնվածությունը բացասական ազդեցություն է ունենում դատարանների աշխատանքի, դատական ակտերի որակի վրա: «Անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, ներդնել մեխանիզմներ, որոնք կմեղմեն դատարանների ծանրաբեռնվածությունը՝ այդ թվում ավելացնելով դատարանների թվաքանակը: Մասնավորապես, վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը մեղմելու միջոց կարող է հանդիսանալ վարչական կարգով բողոքարկումը՝ որպես վարչական դատարան դիմելու պարտադիր պայման»,- ասաց Հակոբյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չմասնակցեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ կքվեարկեն իրենց խղճի մտոք: «Պատգամավորները ազատ են իրենց դիրքորոշումը արտահայտելիս», -հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնի համար դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը: Քվեարկությանը մասնակցել էր 88 պատգամավոր: Հովսեփ Բեդևյանի օգտին կողմ էին քվեարկել 80-ը: