Ճնշո՞ւմ դատարանների վրա, թե՞ բարեփոխում դատական համակարգում

Ազգային ժողովը փետրվարի 9-ին ձայների 66 կողմ, 22 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց Դատական և Քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:
Լրացումներից մեկի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարող է պատասխանատվության ենթարկել 10 անդամների առնվազն 5 կողմ ձայներով։ Գործող օրենքով պահանջվում էր ԲԴԽ՝ առնվազն 7 անդամի համաձայնությունը։ Ընդ որում, եթե տվյալ նիստում դատավորները 10-ից պակաս են, ապա բավարար է 5 անդամի համաձայնությունը։ Հարցը քննելու համար քվորում ապահովելու դեպքում սահմանված 10 անդամի փոխարեն նախագիծը բավարար է համարում առնվազն 7 անդամի ներկայությունը։ Այսինքն, ավելի են մեղմացվել կամ ընդլայնվել դատավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները։
Լրացումների նախագիծը հեղինակել էին խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Վահագն Հովակիմյանը։
Ճնշում դատավորների վրա
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները կարծում են, որ հենց այդ կարգավորումները «շատ վտանգավոր» փոփոխություններ են, քանի որ նվազեցնում են դատական իշխանության անկախությունը։ Հատկապես երբ ԲԴԽ 10 անդամից 5-ին ընտրում է խորհրդարանը, հիմնականում՝ խորհրդարանական մեծամասնությունը՝ իր առաջադրած թեկնածուներին։ Մյուս հինգին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը։
Ընդդիմությունը վստահ է, որ այդ դրույթներն ընդունելով՝ իշխանությունները կարող են հետապնդումներ սկսել դատավորների նկատմամբ։ Եվ հիշեցնում են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Մանվել Բախշիյանին կալանավորելու իրողությունը։
«Ի վերջո, ԲԴԽ ղեկավար ղեկավար Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների ապօրինի կասեցման պատճառով ԲԴԽ-ում մնացել է ընդամենը 9 անդամ։ Ներկայացված փոփոխություններն, ըստ էության, թույլ կտան իշխանություններին ԲԴԽ անդամների ընդամենը 5 ձայնով քրեական պատասխանատվության ենթարկել իրենց համար ոչ ցանկալի դատավորներին»,- հայտարարեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Աղվան Վարդանյանն էլ ասում էր, որ այս փոփոխությունը կատարվել է շատ հապճեպ, քանի որ առաջին ընթերցման տարբերակում այն չի եղել։ Առաջին ընթերցման նախագիծը, որն ընդունվել էր հունվարի 18-ին, ենթադրում էր ԲԴԽ անդամների ծանրաբեռնվածության նվազեցում։ «Անգամ հանձնաժողովում քննարկելուց հետո, երբ սահմանված էր դրույթ, որ նույնիսկ 4 հոգով կարող են նման ճակատագրական որոշումներ կայացնել, մի փոքր մեղմվել է, դարձվել է 5 հոգի։ Բայց ակնհայտ է, որ սա դառնալու է գործիք դատարանների անկախությունը ճնշելու, դատավորներին լիազորություններից զրկելու, կալանավորելու և քրգործեր հարուցելու համար։ Հիշեք, որ ամեն ինչ վերջ ունի։ Եվ նման լուծումներով գնալ այսպիսի քաղաքական հետապնդումների՞։ Վաղը դա կարող է շուռ գալ 180 աստիճանով»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։
Իրական բարեփոխում դատական համակարգում
«Պարո՛ն Վարդանյան, ճիշտ եք, ամեն ինչ վերջ ունի, և կոռուպցիայի դեմ պայքարում մեր թիմը վերջ է տալու այն երևույթներին, որոնցով առաջնորդվում էին այս կողմում նստած մեր գործընկերները։ Անցած շաբաթ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը, և որքան էլ դուք դրան դեմ քվեարկեք, հստակ արձանագրվել են հեղափոխությունից հետո իրականացված բոլոր բարեփոխումները։ Մասնավորապես, ողջունվել է դատավորների անկախությանն ուղղված բոլոր քայլերը, որոնք նախաձեռնել է մեր կառավարությունը։ Հստակ արձանագրվել են ԲԴԽ-ի անկախությանը միտված և նրա լիազորությունների շրջանակը բարելավող քայլերը»,- Աղվան Վարդանյանին հակադարձեց «Քաղաքացիական պայմանագրից» Սոնա Ղազարյանը։
Փոփոխությունների համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը դատավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունների ընդլայնումը բացատրեց հակառակ տեսանկյունից՝ նախկին կարգավորումներով ԲԴԽ նիստի համար տարբեր պատճառներով միգուցե հնարավոր չլիներ քվորում ապահովել կամ կարգազանց դատավորին պատասխանատվության ենթարկել։
«Եղել են կամ կարող են լինել իրավիճակներ, երբ ԲԴԽ անդամների թիվը ԱԺ-ում չընտրվելու պարագայում իջնի, օրինակ, 6-ի, և քաղաքական կոնսեսուսի բացակայության պայմաններում բավականին երկար անդամ չընտրվի։ Կամ դատավորների ընդհանուր ժողովը չկարողանա նիստ գումարել, անդամ ընտրել, ու նորից ԲԴԽ դատավորների թիվը 6-ից նվազի։ Եվ ցանկացած դատավոր կարող է անել ամեն ինչ՝ լավ իմանալով, որ մոտակա ամիսներին ԲԴԽ-ն չի կարողանա նիստ գումարել։ Մենք եղել ենք նման իրավիճակում։ Հարգելի՛ գործընկերներ, մի՛ ստեղծեք տպավորություն, որ սա ճնշում է դատական իշխանության նկատմամբ»,- հորդորեց Վլադիմիր Վարդանյանը։
Նրա պարզաբանմամբ՝ վերջին փոփոխությունները ոչ թե Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո են ընդգրկվել նախագծում, այլ ընդունվել են նիստի ժամանակ՝ կառավարության ներկայացուցչի առաջարկով։ Եվ ընդգծեց, որ 2-3 տարի առաջ Վենետիկի հանձնաժողովն է դիտողություն արել, որ դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար սահմանված՝ ԲԴԽ 7 անդամի կամ անդամների 2/3-ի կողմ ձայների պահանջը շատ բարձր շեմ է, և անհրաժեշտ է մեղմել այն։
Կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգորի Մինասյանն էլ հավելեց, թե որքան էլ ընդդիմադիր պատգամավորները փորձում են ներկայացնել, որ փոփոխությունները ճնշում են դատական իշխանության նկատմամբ, այնուամենայնիվ, դրանք բարեփոխումներ են, որոնք միտված են դատական համակարգն ավելի լավը դարձնելուն։ Նրա ներկայացմամբ՝ այդ փոփոխություններով ԲԴԽ-ն ավելի լավ կկատարի իր լիազորությունները։ «Մենք ելնում ենք նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումից։ Այդ կառույցը կարծում է, որ դատավորների նկատմամբ դիրքորոշում ապահովելու 2/3 շեմը շատ բարձր է»,- Վլադիմիր Վարդանյանի միտքը կրկնեց փոխնախարարը։
Քննարկման ավարտին ընդդիմությունն առաջարկեց նախագիծը չդնել քվեարկության, հետ վերցնել, մասնագիտական քննարկում իրականացնել ու նոր տարբերակ մշակել։ «Հայաստան» խմբակցությունն անգամ քվեարկումից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց, որից հետո խորհրդարանական մեծամասնությունը քվեարկեց կողմ, և նախագիծն ընդունվեց։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քվեարկեցին դեմ։