Ինչո՞ւ չեղարկվեցին «Հայաստան» խմբակցության լսումները

ապրիլի 21, 2022

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները, որ պետք է կայանային ապրիլի 21-ին, չեղարկվել են: Ընդդիմադիր խմբակցությունը դա համարում է իշխանությունների «ապօրինի» որոշում, սակայն Ազգային ժողովի աշխատակազմից ասում են՝ պատճառները տեխնիկական են: 

Ազգային ժողովի «Հայաստան»խմբակցությունը պատրաստել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որն առաջարկում էր քննարկել խորհրդարանական լսումներում: 

Ըստ այդ նախագծի` ընդդիմադիր խմբակցությունը առաջարկում է Հայաստան-Թուրքիահարաբերություններըկարգավորելփուլայինեղանակով՝ միևնույն ժամանակ համոզված պնդելով, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու համար: Բացի այդ, «Հայաստանը» նաև պնդում է, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են էթնիկ ազգակցության և ուժի դիրքերից բխող միջազգային սկզբունքներին ու նորմերին հակասող քաղաքականություն:

Այսպես, ընդդիմությունն առաջարկում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։ 

Այնուհետև, Հայաստան-Թուրքիա հետագա հարաբերությունները, ըստ նախագծի, պետք է կառուցվեն՝ նկատի ունենալով 7 ելակետային կետեր։ Դրանցից առաջինի համաձայն՝ Հայաստանի քայլերը պետք է ներդաշնակ լինեն Սահմանադրական դատարանի 2010-ի հունվարի 12-ի որոշման մեջ ներակայացված իրավական դիրքորոշումներին և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին։

Երկրորդ կետի համաձայն, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասանության իրողությունը։ 

Երրորդ կետով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է առաջնորդվել Հայաստանի և Սփյուռքի միասնական կամքով՝ «Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում»։ 

ԱԺ հայտարարության նախագծում նաև նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ենթակա է լուծման՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար և համընդհանուր նորմերի: 

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել և ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը։ Այդ հարաբերությունների հաստատումը չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և այն երաշխավորելու Հայաստանի հանձնառության կատարմանը», նշվում է «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծում: 

Ապրիլի 21-ին խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին խորհրդարանի լրատվական ծառայության պաշտոնական հայտարարությունից երկու օր անց հաղորդվում է, որ դրանք չեն անցկացվի՝ «տեխնիկական խնդիրների պատճառով»: Այս տեղեկությանը հաջորդում է «Հայաստան» խմբակցության հայտարարությունը, որով լսումները չեղարկելու մասին որոշումը որակվում է ապօրինի:

«Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն:

Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին նվիրված խորհրդարանական լսումները նախատեսված էր անցկացնել ապրիլի 21-ին: Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս:

Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով», -նշվում է ընդդիմադիր խմբակցության հայտարարության տեքստում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չարձագանքեց ընդդիմության հայտարարությունը մեկնաբանելու՝ Parliamentmonitoring.am-ի խնդրանքին: Ազգային ժողովի լրատվական ծառայությունից մեզ ասացին, որ իսկապես տեխնիկական խնդիրներ են առաջացել, և լսումները ապրիլի 21-ին նշանակելը թյուրիմացության հետևանք է եղել:

«Քանի որ ապրիլի 21-23-ը Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստն է տեղի ունենալու Ստեփանավանում, ամբողջ տեխնիկական սպասարկումը գտնվելու է այնտեղ: Իրականացվելու են նախապատրաստական աշխատանքներ, իսկ ապրիլի 22-ին էլ տեղի է ունենալու հանձնաժողովի նիստը: Խնդիրն այն է, որ տեխնիկական ողջ անձնակազմը սպասարկելու է միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անխափան նկարահանումների ընթացքը: ԱԺ աշխատակազմի ղեկավարը ընդդիմությանը խնդրել է մի քանի օր հետաձգել լսումների անցկացումը», - Parliamentmonitoring.am-ին իրավիճակը ներկայացրեց ԱԺ տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանը։

«Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կկայանա առաջիկայում, որի մասին հավելյալ կտեղեկացնենք»,-նշել էր «Հայաստան» խմբակցությունը իր հայտարարության մեջ: