Բացառում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա. Արթուր Հովհաննիսյան

մայիսի 5, 2022

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ:

–Մայիսի 1–ին, երբ ընդդիմությունն ազդարարեց հանրահավաքների մասին, հետևեցին ՔՊ-ական պատգամավորների արձագանքները, հեգնախառն քննադատությունը։ Տպավորություն է, թե իշխանությունը անհանգստացած է, ու խուճապ կա։ Այդպե՞ս է։

-Ես ևս արձագանքել եմ, որովհետև ընդդիմադիրների շուրթերից հնչում են անթույլատրելի արտահայտություններ: Մեր համախոհները, քաղաքացիները, ըստ էության, ակնկալում են նման արտահայտություններին համաչափ արձագանք մեր կողմից, և մենք չենք կարող թույլ տալ, որ նման սանձարձակ արտահայտություններ անեն։ Դրանք պետք է սաստվեն առնվազն խոսքի մակարդակում: Սրանով են պայմանավորված եղել մեր արձագանքները։ Տեսել եք՝ մեր խմբակցության պատգամավորների նկարներն են այրում: Ո՞նց չարձագանքենք, ո՞նց հանրությանը չասենք, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում: 

–Հանրությունը դա չի տեսնո՞ւմ, որ որոշեցիք արձագանքել:

–Հանրությունը տեսնում է, բայց մենք՝ որպես պատգամավորներ, պետք է հստակ և հասցեական գնահատականներ հնչեցնենք, պետությունն էլ պետք է հստակ ու հասցեական գործողություններ իրականացնի ցանկացած երևույթի դեմ, որը դուրս է ժողովրդավարության տրամաբանությունից: Ինչ վերաբերում է խուճապային տրամադրություններին, ապա Ձեր հարցի մեջ, թերևս, պատասխանն էլ կար․դա ընդամենը տպավորություն է:

–Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ արդեն չկա Նիկոլ Փաշինյան, չկա ՔՊ, ամեն ինչ վերջացած է: Նրանց այսպիսի վստահությունը մտահոգվելու առիթ չէ:

–Դա վստահություն չէ, դա սուտ է, պղպջակ, որը մարդիկ փչում-փչում են, առաջին հերթին՝ իրենց, հետո իրենց կողքիններին հավատացնելու համար: Սա նույն պղպջակն է, որն ընդդիմությունը, որպես նախկին իշխանություն, փչել էր և դրա մեջ ապրում էր, և 2018-ին այն պայթեց իրենց գլխին: Այս պղպջակը ևս պայթելու է իրենց գլխին, որովհետև հանրությունն ամեն բան շատ լավ տեսնում է։ Հայտարարելով չէ։ Կարող եք հայտարարել՝ մենք ամենամեծ հանրահավաքն ենք անցկացնում, բայց իրականում դա ամենամեծը չէ: Կարող եք հայտարարել, որ քաղաքը պարալիզացված է, բայց բոլորովին այդպես չէ։ Կարող եք հայտարարել, որ Չինգիզ խանն եք, դրանից Չինգիզ խան չեք դառնալու: Կարող եք հայտարարել, որ ոչ թե մանր, այլ խոշոր ձուկ եք, բայց դրանից ավելի խոշոր չեք դառնալու: Դեմքի վստահության նշանները դեռ չեն նշանակում, որ այդ խոսքը ծանրակշիռ է ու ճշմարիտ։

–Արթուր Վանեցյանն էլ օրերս հայտարարեց. «Մենք ասել ենք, որ շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը»: 

–Չեմ ուզում անդրադառնալ հատվածական հայտարարություններին, որովհետև ընդդիմադիրների խոսույթում և գործողություններում բացակայում է տրամաբանությունը: Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են անում Երևանի փողոցներում այսօր և ինչ նպատակ են հետապնդում:

–Նրանք հայտարարում են, որ Արցախն են փրկելու: 

–Արցախը չեն փրկելու, որովհետև նրանք Արցախի համար արել են հակառակը: Ամեն ինչ արել են, որ այսօր մենք հայտնվենք այս իրավիճակում: Իրենց միակ մոտիվացիան իշխանության զավթումն է: Մենք ասում ենք՝ Հայաստանում այլևս հնարավոր չէ իշխանություն ձևավորել՝ անկախ ժողովրդի կամքից: Չեք կարող բերել և կրկին Արցախի հարցն օգտագործելով, որպես ներքաղաքական դիվիդենտներ հավաքելու գործիք, փորձեք մարդկանց վախերի, հույզերի հետ խաղալով ինչ-որ գործողությունների գնաք, իշխանություն զավթեք։ Դա անհնար է, Հայաստանում այդ նարատիվը վերացել է: Ժողովուրդն է որոշում Հայաստանի ապագան։ Սա իրենք լավ չեն հասկանում:

–Այս իրավիճակում ոմանք չեն բացառում նաև իշխանություն-ընդդիմություն պայմանավորվածությունը։ Դա, ասում են, կնպաստի դրսում Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը, եթե առաջանա ինչ-որ գործողություններից հետ պահելու խնդիր։ 

–Նախ, ընդդիմադիրների գործողությունները որևէ կերպ չեն նպաստում Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդմանը։ Բոլոր այցերից առաջ տեսնում ենք բոլորովին հակառակ մեսիջներ և գործողություններ, որոնց նպատակը արտաքին դաշտում  Հայաստանի դիրքերը թուլացնելն է, բայց դա չի ստացվում և չի ստացվելու։ Հետևաբար, Ձեր մտքի հետ համամիտ չեմ: 

–Կարծում եք՝ ընդդիմադիրները կվերադառնա՞ն խորհրդարան:

–Ես չեմ պատկերացնում, թե այս ամենից հետո նրանք ինչպե՞ս են գալու խորհրդարան, բայց անհամբեր սպասում եմ նրանց։ Երբ նրանք գնում են կիլոմետրերով հեռու, բարձրախոսով դիմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, վերջին շանսեր են տալիս, մեր արձագանքը հետևյալն է՝ եկեք մոտիկ, գոնե 2-3 մետր հեռավորության վրա նայեք մեր աչքերին ու նոր արեք այդ հայտարարությունները: Արագ-արագ վազելով, կիլոմետրերով փախչելով ինչ-որ հայտարարություններ անելը ոչինչ չի տալու: Մենք ուզում ենք հասկանալ՝ դուք ունե՞ք այդ վստահությունը, որ գաք մեր դիմաց նստեք ու այդ արտահայտություններն անեք: Չունեք, որովհետև դատարկ են ձեր մտքերն ու խոսքերը։ 

–ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմության շարքերից շատերն այս դահլիճ չպետք է վերադառնան: Դուք գիտե՞ք, թե որ պատգամավորների մասին է խոսքը: 

–Չգիտեմ՝ պարոն Սիմոնյանն ում նկատի ուներ, բայց բազմաթիվ պատգամավորներ ինչ-որ հայտարարություններ են արել, մեկ ժամ հետո լրիվ ուրիշ բան են ասել: Մենք ընդդիմության խոսքին չենք հավատում: Վառ օրինակ իրենց շարքերից ևս մեկ ընդդիմադիր, որ դավաճանել է ժամանակին մեր թիմին՝ Թագուհի Թովմասյանը, հայտարարեց՝ ես տուն չեմ գնալու, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել։ Նա օրեր առաջ մեզ հետ Ժնևում գործուղման էր, իրեն շատ լավ էր զգում, շատ երջանիկ էր, ժպիտով քայլում էր Ժնևի փողոցներում: Ի զարմանս ինձ, Ժնևում չփակեց ոչ մի փողոց, չնայած ես հորդորում էի դա անել, օգնել իր ընկերներին: Ուզում եմ ասել, որ դա այդ մարդկանց տեսակն է, իրենք և՛ ժողովրդին են խաբում, և՛ իրար են խաբում: Այնքան են խաբում, որ խճճվում են այդ ստի մեջ, պղպջակն ավելի է փչվում։ Վերջում, այն պայթում է ու, ցավոք, ժողովրդի գլխին, բայց սա այդ դեպքը չէ: 

–Կարծում եք՝ Հայաստանում չկա՞ քաղաքական ճգնաժամ:

–Որևէ ճգնաժամ ՀՀ-ում գոյություն չունի: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Հայաստանի կառավարությունը, բոլոր պետական մարմինները բնականոն աշխատում են, ԱԺ-ում լիագումար նիստերի օր է։ Մենք մեր օրակարգով առաջ ենք շարժվում, սոցիալական, տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ հասարակության բարեկեցությանն ուղղված որոշումներ ենք ընդունում, քննարկումներ ենք իրականացնում: Ընդ որում, ավելի արդյունավետ, քան ընդդիմադիրների ներկայությամբ: 

–Բացառո՞ւմ եք, որ նրանց փողոցային պայքարը հաջողությամբ պսակվի․ի վերջո, 2018-ի նույն գործիքակազմն են կիրառում:

–Տեխնոլոգիան չէ այս ամենի գաղտնիքը: Եթե դու ուզում ես փողոց փակել, չես կարող դա անել 2020–ի արտադրության 2 «Լեքսուս»-ով: Փողոցը փակում են մարդիկ: Մարդիկ պետք է գան, տեսնեն, որ իրենց հայրենակիցները փողոց են փակել, դուրս գան իրենց մեքենաներից, ինչպես եղել է 2018-ին: Հիմա այս մարդիկ գալիս են փողոց թիկնապահներով, թանկ շորերով․ վստահ եմ, որ իմ աշխատավարձից էլ են թանկ այս ակցիաների մասնակիցների շորերը: Վերջին թվերի արտադրության հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ մեքենաներով գալ փողոց փակել ու ժողովրդին ասել՝ զարթնիր լաո, հետո ասել՝ ջհանդամը զարթնես, սրանով մենք ինչի՞ մասին ենք խոսում: Այս մարդկանց կարգախոսն է՝ «Զարթնի՛ր, լաո»: Լաոն ո՞վ է, լաոն հայ ժողովրդի հավաքական կերպարն է, և երբ ասում են՝ զարթնի՛ր լաո, դրանով ասում են՝ զարթնի՛ր, ժողովուրդ: Բա հետո որ ասում են՝ ով եկել եկել է, իսկ ով չի գալիս՝ ջհանդամը գա, հիմա լաոն ի՞նչ անի՝ զարթնի՞, թե՞ ջհանդամ լինի: Կամ որ քաղաքացիներին հայհոյում են․Գեղամ Մանուկյան անունով ոմն դաշնակ, որի լեզուն միշտ մտքից առաջ է ընկնում, ուսանողներին ասում է՝ գալիս եք, եկեք, չեք գալիս, թքեք ձեր երեսին: Դրանից հետո գոռում է՝ միացեք, ո՞ւմ ես ասում՝ միացեք, ես չեմ հասկանում:

–Իսկ իշխանությունը գոնե իրեն վերախմբագրելու առիթ տեսնո՞ւմ է այս փուլում:

–Ցանկացած բանական մարդ այս մոլորակի վրա ամեն օր պետք է իրեն վերախմբագրի, առավել ևս՝ իշխանությունը: Մենք անընդհատ մեր սխալների վրա սովորելով, սխալներն ընդունելով, առողջ քննադատությունը լսելով՝ շարժվում ենք առաջ: Դուք հարցնում եք՝ կհաջողի՞ ընդդիմությունը թե ոչ: Այո, նույն տեխնոլոգիաներն օգտագործում են, բայց կարևորն այն է, որ տեխնոլոգիայի տակ միտք լինի: Այսինքն՝ ո՞ւր ես տանում մարդկանց այդ տեխնոլոգիաներով: Ասենք՝ եկան այդ մարդիկ, հետո՞: Կամ մենք գնացինք, հետո՞: Չկան այս հարցերի պատասխանները, միակ նպատակը իշխանազավթումն է, և նաև հստակ է, որ մի քանի շաբաթներ տևող անոնսներից հետո, թե հեսա հուժկու հանրահավաք է լինելու, բան չի մնացել, ժողովրդի աջակցությունը չստացան: Իսկ առանց ժողովրդի աջակցության Հայաստանում որևէ քաղաքական գործընթաց չի կարող տեղի ունենալ: Ժողովուրդն իր վերաբերմունքով և գնահատականներով կճնշի իր հետ կապ չունեցող ցանկացած գործողություն:

–Բացառո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:

–Բացառում եմ: