Բոյկոտելու հերթը իշխանությանն է

հունիսի 1, 2022

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չի կայանա. խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ նիստին:

Դեռևս մայիսի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենք խորհրդարան գնալու են իրենց օրակարգով: Իսկ արտահերթ նիստի համար ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է: Նույն օրը հայտարարության տեքստը խորհրդարանում դրվել էր շրջանառության մեջ:

Հայտարարության նախագծով ընդդիմությունն ասում է, որ Հայաստանն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանն ու ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Նաև նշվում է՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում:

Ընդդիմադիրները հայտարարության նախագծով անհրաժեշտ են համարում Հայաստանի և Արցախի միջև «հուսալի ցամաքային կապի»անցկացումը: «Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով», -ասվում է հայտարարության նախագծի տեքստում:

Բացի այդ՝ «Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը»։ Ավելին, ըստ ընդդիմադիր պատգամավորների, այդ աշխատանքները պետք է սկսեն հումանիտար խնդիրների՝ հայ ռազմագերիների վերադարձման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման նախապայմանով:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ երկու խմբակցությունների, դրանց կարգավորման գործընթացում պետք է բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի «հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը»։ 

«Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումները շաղկապված չեն: Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»,-նշվում է հայտարարության տեքստում: 

Ընդդիմադիր երկու խմբակցություններում վստահ են՝ մեծամասնությունը չի աջակցելու իրենց այդ հարցում և չի ստորագրելու հայտարարության տակ: Ավելին, Սաղաթելյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն չունի այդքան համարձակություն ստորագրելու այդ հայտարարության տակ, քանի որ «վախենում է Ալիևից»:

«Այս հայտարարության տեքստում նշված են այն կարմիր գծերը, որոնք հնչեցվում են Ֆրանսիայի հրապարակում վերջին օրերին: Ինչո՞ւ ենք այդ նախաձեռնությամբ հանդես գալու, որովհետև Ազգային ժողովում մշտապես փորձել է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ.) մոլորեցնել, խաբել ժողովրդին, արդարանալ, թե սխալ եք հասկացել: Այդ պատճառով մենք հստակ ձևակերպված փաստաթուղթը կդնենք սեղանին, թող իրենց դիրքորոշումը հայտնեն: Այդ ժամանակ, ՀՀ այն քաղաքացիները, որոնք կասկածում էին, թե սրանք դավաճան են ու երկիրը տանում են նոր զիջումների, արդեն կհամոզվեն՝ ով ով է», -հայտարարության նախագիծը ներկայացնելու հիմնական մոտիվը Ֆրանսիայի հրապարակում ներկայացրել էր Իշխան Սաղաթելյանը: Նա նաև ընդգծել էր, որ նրանք պատրաստ են լինել խորհրդարանում սեփական օրակարգով, «որը նաև ժողովրդի օրակարգն է»: 

Նիստը բոյկոտելու հերթը մեծամասնությանն է 

Խորհրդարանական մեծամասնությունը շանտաժ որակեց ընդդիմության նման վարքագիծը և հայտարարեց, որ չի մասնակցելու նրանց նախաձեռնությամբ հունիսի 3-ին կայանլիք Աժ արտահերթ նիստին: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեկ ամսից ավելի խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի «Արցախի փրկության հռչակագրային կարգախոսներով՝ մինչ այս պահը չառաջարկելով Արցախի հարցի լուծման որևէ տրամաբանական ճանապարհ»:

«Երբեմնի իշխանություն հանդիսացող խորհրդարանական ուժերը նաև պատշաճ բացատրություններ չեն տվել իշխանության եղած տարիներին ԼՂ հարցի բանակցային գործընթացը որպես իշխանության երկարաձգման միջոց օգտագործելու, Արցախի շահերը դավաճանելու, հարցը փակուղի մտցնելու իրենց ապացուցված գործելակերպի վերաբերյալ», -հայտարարել է Հովհաննիսյանը:

Նա և իր գործընկերները վստահ են՝ խորհրդարանական ընդդիմությունը դարձյալ փորձում է Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով, ինչի համար էլ հրավիրել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

«Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնն օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ։ Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է միջխորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը՝ հրաժարվելով Արցախի և արցախահայության շահերը ներկայացնել միջազգային ամենատարբեր հարթակներում։ Սա լավագույնս քողազերծում է ընդդիմության իրական մոտիվները», -հայտարարել էր Հովհաննիսյանը՝ նշելով, թե չեն տրվելու ընդդիմության շանտաժին ու չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին:

Նա նաև չէր մոռացել հիշեցնել, որ իրենց խմբակցությունը, «օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում և ջանքերգ ործադրել խաղաղության օրակարգն առաջ մղելու համար»:

Սաղաթելյանը արձագանքել է ՔՊ-ի դիրքորոշմանը՝ հայտարարելով. «Չեն ալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնելուն: Հունիսի 3-ը լինելու է ձեր քաղաքական գերեզմանը, որովհետև սեղանին դրված հայանպաստ փաստաթղթին հայ մարդը չի կարող չմիանալ»: