ՔՊ-ն նիստը տապալեց, ընդդիմությունը երթ արեց, Ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց

հունիսի 3, 2022

Նիկոլ Փաշինյանի վարչապետության չորս տարիների ընթացքում առաջին անգամ մայիսի 3-ին Ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցների նկատմամբ։

Ընդդիմությունը Հանրապետության հրապարակից երթով հասել էր Պարոնյան փողոց` կառավարության առանձնատների մոտ, որտեղ բնակվում են Նիկոլ Փաշինյանն ու ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բայց հենց կառավարության առանձնատների մոտ բախում սկսվեց երթի մասնակիցների ու հասարակական կարգը պահպանող ոստիկանների միջև։ Ոստիկանները հատուկ միջոց կիրառեցին՝ օդ արձակելով ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ։

Նիստը տապալվեց

Մինչ դա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալել էր ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստի առաջին փորձը։ Իշխող ուժը ներկայացնող պատգամավորները պարզապես չէին եկել դահլիճ և քվորում չէին ապահովել։

Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի գրանցում, նիստին ներկա էր ընդամենը 33 պատգամավոր՝ ներառյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ընդդիմադիր 35 պատգամավորներից դահլիճում էին 32-ը, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հայաստան» խմբակցությունից ևս մեկ պատգամավոր ներկա չէին։ Իշխան Սաղաթելյանն այդ պահին Ֆրանսիայի հրապարակում էր։

Զուգահեռաբար ԱԺ-ում շարունակվում էր 2021թ․ բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը, որին չէին մասնակցում ընդդիմադիր երկու խմբակցությունները։

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը հրավիրվել էր հունիսի 3-ին։ Օրակարգում երկու խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծն էր։

Նրանք իշխանություններից պահանջում էին ԱԺ որոշման մակարդակով ամրագրել, որ ՀՀ-ն աջակցում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ միջազգային ճանաչմանը։ «ՀՀ համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»,- նշված էր հայտարարության նախագծում։

Ընդդիմությունն իշխանություններից նաև պահանջում էր ամրագրել, որ Հայաստանի ու Արցախի միջև պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ, որ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումից հետո, և սահմանազատման արդյունքում պետք է բացառել ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։

Հայտարարությամբ պահանջվում էր նաև հայ–թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց չկապել։ Անդրադարձ կար Ցեղասպանությանը․ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը»։

ՔՊ-ն դեռևս անցած շաբաթ էր հայտարարել, որ չի մասնակցի ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյում գրառում էր կատարել, թե խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձում է Արցախի հարցն օգտագործել ներքաղաքական նպատակներով: «ՔՊ-ն չի տրվելու ընդդիմության շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցով արտահերթ նիստին։ Միաժամանակ, հայտարարում ենք, որ ՔՊ-ն, օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում և ջանքեր գործադրել Խաղաղության օրակարգը առաջ մղելու համար»,- գրել էր նա:

Փաշինյա՞նը, թե Քոչարյա՞նն է Արցախը բանակցություններից հանել

Նիստերի դահլիճից դուրս գալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե մարդիկ, որոնք գիտակցում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է հասկանան, որ այդ ճանապարհից խուսափելու ելքն այս իշխանությունների հեռացումն է։ Նա նաև ասաց, թե Արցախը բանակցություններից դուրս է թողել հենց Նիկոլ Փաշինյանը։

«Դուք տեսե՞լ եք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ստորագրությունը, որտեղ Արցախը չկա։ Մադրիդյան սկզբունքները չեն ավարտվել փաստաթղթով։ Այդպիսի փաստաթուղթ ստորագրել է միայն Նիկոլ Փաշինյանը, սա փաստ է»,- հավելեց նա։

Տարիներ շարունակ Արցախը բանակցություններից դուրս թողնելու մեղադրանքը վերագրվել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, որը դառնալով ՀՀ նախագահ՝ ինքն է բանակցել ոչ միայն Հայաստանի, այլև ԼՂՀ-ի կողմից։ Իսկ վերջին փաստաթուղթը, որտեղ կար Արցախի ստորագրությունը, 1994թ․ հրադադարի համաձայնագիրն էր։

ՊՈւ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ չկայացած նիստից հետո ասաց, թե պետք է խաթարել այն բանակցությունները, որոնց արդյունքում Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։

«Իշխող ՔՊ-ն հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը»,- արդեն Ֆրանսիայի հրապարակում հարթակից հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նա նաև հավելեց, թե նիստի տապալման որոշում կայացնողը ՔՊ-ն չէ։ «Մենք  գիտենք՝ ով է իրենց հրահանգ տվողը, ով է որոշումների տերը, դրա համար այս պահին գնում ենք ոչ թե ԱԺ, այլ դեպի կառավարություն։ Գնում ենք մոտիկից ներկայացնելու մեր պահանջները»,- հայտարարեց նա և երթն առաջնորդեց դեպի կառավարության շենք։

Հասնելով տեղ՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե այն պահին, երբ իրենք շարժվում էին դեպի կառավարություն, 5 րոպե հետո Նիկոլ Փաշինյանը «փախել է էստեղից»։ «Բայց դա իրեն չի փրկում: Կառվարության շենքում կան մի քանի հարյուր աշխատակիցներ, կառավարության անդամներ, որոնք այս պահին շրջափակման մեջ են: Եվ ասում ենք՝ Նիկոլ, ո՞ւր ես փախել, չգիտենք, արի էստեղ ու հարցերին պատասխան տուր: Եթե այդքան համարձակություն չունես, պատրաստ ենք քո ուզած տեղը հանդիպելու, բայց երկար փախչել չես  կարող: Շարունակելու ենք շենքի շրջափակումը, մինչեւ ստանանք մեր հարցերի պատասխանը: Մինչեւ 20.00-ն ԱԺ նիստ հրավիրելու հնարավորություն կա»,- ասաց նա և ցուցարարներին կոչ արեց ոստիկանների հետ կոնֆլիկտի չգնալ։

Ընթացքում մամուլում հրապարակում եղավ, որ Նիկոլ Փաշինյանը սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մոր հոգեհանգստի արարողությանը։

Փաշինյա՞նը, թե՞ Սաղաթելյանն է պատասխանատուն

Կառավարության շենքը շրջափակելուց մոտ 2 ժամ անց Իշխան Սաղաթելյանը հրահանգեց հետ քաշվել և շարժվել դեպի Պարոնյան փողոց՝ կառավարության առանձնատներ։ Հասնելով այնտեղ՝ ցուցարարները գոռում էին «դուրս արի՛, վախկո՛տ»։ Ինչ-որ պահի բախում սկսվեց ցուցարարների և ոստիկանների միջև, և երբ իրավիճակը սրվեց, ոստիկանները մահակներով հարվածեցին երթի մասնակիցներին, հետո արդեն հատուկ միջոց կիրառեցին։

Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառման, ոստիկանները «մոտ 5 լուսաձայնային նռանակի կրակոց են արձակել»։ Ըստ Ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանի՝ երթը հանգիստ չէր, ցուցարարները քարեր են նետել իրենց ուղղությամբ, իրենք էլ հատուկ միջոց են կիրառել։

Բախումից հետո ոստիկաններն ու ցույցը առաջնորդողները բանակցեցին և պայմանավորվեցին՝ առաջինները բացում են փողոցը, ցուցարարները գնում են Ֆրանսիայի հրապարակ։ «Ոստիկանությունը դիմեց սադրանքի, այն, ինչ Նիկոլը վաղուց երազում էր»,- ճանապարհին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Բախումների ողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյան անունով դաշնակը»,- ֆեյսբուքում գրել էր ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Իսկ Առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ բախման հետևանքով տուժել են երթի մասնակիցներ և ոստիկաններ։

Կեսգիշերին հայտնի դարձավ, որ բժշկական կենտրոն է տեղափոխել 50 մարդ, նրանցից 36-ը՝ ոստիկան։