ԱԺ հերթական արտահերթը՝ արագ, սահուն և առանց ընդդիմության

հունիսի 9, 2022

Ազգային ժողովի՝ հունիսի 9-ի արտահերթ նիստը կառավարության նախաձեռնությամբ էր, բայց մինչ օրակարգային հարցերին անցնելը «Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր Անուշ Բեղլոյանին փոխարինած Գայանե Եղիազարյանը երդվեց «հանուն համազգային նպատակների իրականացման ու հայրենիքի բարգավաճման բարեխղճորեն կատարել պատգամավորի պարտավորությունները»:

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին 14 նախագծեր, որոնցից 9-ի համար գործադիրն առաջարկել էր քննարկման 24 ժամվա ռեժիմ։

Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակում կառավարությունը հերթական փոփոխությունն էր ներկայացրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում։ Այս անգամ առաջարկում էր արդեն խոշորացված համայնքները դարձյալ միավորել՝ նվազեցնելով դրանց թիվը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով փոփոխությունը, նշեց, որ առաջարկում են արդեն միավորված 13 համայնք  կրկին միավորել և ունենալ 5 միավորված համայնք: «Մասնագիտական վերլուծություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների խոշորացումը տնտեսական, ֆինանսական, կազմակերպչական և այլ առումներով նպատակահարմար է», -հիմնավորեց նախարարը:

Միավորման արդյունքում,օրինակ,Արագածոտնի մարզի Թալին համայնքը խոշորացվում է ու իր մեջ միավորում Թալին և Արագածավան համայնքները: Այս փնջում լինելու է 34 բնակավայր՝ 37.5 հազար բնակչությամբ, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ համայնքը կներառի Ճամբարակը և Շողակաթը (15 բնակավայր, 19 հազար բնակչություն), Լոռու մարզում՝ Ալավերդի համայնքը կմիավորի Ալավերդին, Ախթալան, Օձունը և Շնողը (28 բնակավայր, 42.700 բնակչություն), Լոռու մարզում՝ Տաշիր համայնքը կներառի Տաշիրը, Մեծավանը և Սարչապետը (24 համայնք, 28 հազար բնակչություն), Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնքը կներառի Սիսիանը և Գորայքը (36 բնակավայր, 31.500 բնակչություն): Այս 13 համայնքը միասին ներառում է 141 բնակավայր: Նշվում է, որ խոշորացման այս փուլով կառավարությունը վերականգնում է խորհրդային տարիների շրջանները՝ իրենց վարչական տարածքներով:

Սանոսյանն ասաց՝ օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում Հայաստանում գոյություն ունեցող 79 համայնքների թիվը կկրճատվի՝ դառնալով 71։ Դրանցից 64-ը կլինեն խոշորացված համայնքներ:

Այս բնակավայրերի միավորմանը, արդեն գործող ավագանու լիազորությունների դադարեցումից հետո, կհաջորդեն համայնքի ավագանու ընտրությունները։ Առաջարկվում է նաև համայնքներում վերացնել գլխավոր ճարտարապետի ինստիտուտը: Նախատեսվում է, որ համայնքի գլխավոր ճարտարապետին վերապահված վարչական գործառույթները կիրականացնի համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ մասնագիտական գործառույթները՝ աշխատակազմի մասնագետները և մասնագիտական խմբերը:

Հատկանշական է, որ խոշորացման այս ծրագրում ընդգրկված համայնքներից Թալինում մեկ տարի առաջ էին տեղի ունեցել ավագանու ընտրություններ: Արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել էր, իսկ համայնքի ավագանու լիազորությունները վերջերս դադարեցվել էին: Օրենսդրական այս փոփոխությունը իշխանությանը հնարավորություն է տալիս ընտրություններից մեկ տարի անց նոր ընտրություններ են անցկացնել այդ համայնքում:

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտը, և այս անգամ էլ արտահերթ նիստում քննարկված նախագծերի վերաբերյալ առարկություններ ու քննադատություններ չհնչեցին:

Սահուն ու առանց տարակարծությունների քննարկվեց նաև«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք՝ ավելի վաղ այս օրենքում կատարված փոփոխությամբ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները անկանխիկ եղանակով կատարելու պահանջը:

Այս անգամ ներկայացված փոփոխությունը վերաբերում էր գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար դրամը:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հստակեցրել է, որ առաջարկում են սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվի օրենքի պահանջները, տվյալ գործարքը կհամարվի առոչինչ և անվավեր: Նրա խոսքով, այս դեպքում ցանկացած շահագրգիռ անձ տասը տարվա ընթացքում կարող է դիմել դատարան և պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետևանքները: Եթե դատարանը որոշի, որ գործարքն առոչինչ է, ապա գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացած արժեքը դրամով: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ այս կարգավորումը գործելու է նաև այն դեպքերում, երբ գործարքի դիմաց վճարումը մաս-մաս է կատարվում, այսինքն՝ այս դեպքում ևս գործարքն առոչինչ է համարվում:

«Այս կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով»,- նշեց Երանուհի Թումանյանցը:

Կառավարությունը կարծում է, որ այսպիսով կավելանան պետական բյուջեի մուտքերը, քանի որ կկրճատվի ստվերային շրջանառությունը:

Առանց ընդդիմախոսության անցավ նաև Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերին վերաբերող նախագծերի քննարկումը: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներյայացրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, իսկ ՍԴ դատավորների դեպքում՝ դրույքաչափի 80 տոկոսի չափով վերանայում՝ հավելավճարի տեսքով: Բացի այդ, այս նախագծով այնպես է արվում, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը լինեն հավասարաչափ:

Օրակարգում ընդգրկված նախագծերը առաջին ընթերցմամբ քննարկվեցին, քվեարկվեցին: Մինչև երկրորդ ընթերցում մշտական հանձնաժողովները օրվա ընթացքում գումարեցին նիստեր, նորից հաստատեցին նախագծերը, որոնք քվեարկվեցին ավելի ուշ: Ո՛չ լիագումար, ո՛չ հանձնաժողովների նիստերին ընդդիմադիր երկու խմբակցություններից որևէ պատգամավոր չմասնակցեց։ Նրանք,ավելի քան մեկ ամիս, շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը, տարբեր ակիցաներ են իրականացնում Երևանի փողոցներում և խորհրդարան չեն գնում: