Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը, «Պատիվ ունեմ» դաշինքը քանդվում է

հունիսի 21, 2022

«Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Հայրենիք» կուսակցությունը որոշել է շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Ավելին՝ կուսակցության որոշմամբ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ–ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։

Պայքարը շարունակելու է ժողովրդի հետ

«Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»,- գրել է Արթուր Վանեցյանն իր հայտարարության մեջ։

Ա․Վանեցյանն ապրիլի 17-ին գնացել էր Ազատության հրապարակ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույց սկսել։ Ավելի ուշ նա հայտարարել էր, թե եթե Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չի վերադառնա։ «Ես դրել եմ խնդիր՝ այս պայքարում հաջողելու և մեր երկիրը, մեր մեծ հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը, անվտանգ տեսնելու, միակողմանի զիջումներ թույլ չտալու: Դրան հասնելու համար կա միջանկյալ լուծում, որը կոչվում է իշխանափոխություն»,- նստացույցից մեկ շաբաթ անց Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում անդրադառնալով մադատը վայր դնելու մասին հրապարակումներին՝ ասել էր նա։

Ա.Վանեցյանը նաև հավելել էր, թե պայքարից հետո կարող է այնպես լինել, որ մանդատը վայր դնեն կամ քաղաքական պրոցեսներից դուրս գան: Մայիսի 1-ից տևական պայքար էր սկսել նաև «Հայաստան» դաշինքը, որն էլ հանգրվանել էր Ա․Վանեցյանի հարևանությամբ՝ Ֆրանսիայի հրապարակում։ Ի վերջո «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները միավորել էին իրենց պայքարը և ամենօրյա հանրահավաքներով, երթերով ու բողոքի այլ ակցիաներով շուրջ մեկուկես ամիս փակ էին պահել Ֆրանսիայի հրապարակը։

Ա.Վանեցյանը ապրիլի 28-ին մի քանի օրով մեկնել էր արտերկիր, վերադառնալուց հետո, սակայն, աստիճանաբար նվազեցրել էր իր մասնակցությունն այդ բողոքի ակցիաներին՝ հարթակ չէր բարձրանում, ելույթներ չէր ունենում, ասուլիսներ չէր տալիս։ Իսկ ընդդիմության պայքարը մեծ հաշվով չհաջողվեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, և Վանեցյանը որոշեց մանդատը վայր դնել։ 

«Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»,- իր հայտարարության մեջ շարունակել էր Վանեցյանը՝ չմանրամասնելով, թե առաջիկայում գործունեության կամ պայքարի ինչ ծրագրեր ունեն։

Ի՞նչ են անելու ՀՀԿ-ն ու Թագուհի Թովմասյանը

Ա.Վանեցյանի կամ «Հայրենիք» կուսակցության՝ ԱԺ–ից հեռանալուց հետո խորհրդարանում է մնում ՊՈւ դաշինքի մյուս անդամը՝ ՀՀԿ-ն, որը դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ինչ է անելու՝ դո՞ւրս է գալու, շարունակելո՞ւ է աշխատանքը՝ արդեն որպես առանձին ՀՀԿ խմբակցություն կամ ո՞վ է լինելու խմբակցության ղեկավարը։ Ա.Վանեցյանի հայտարարությունը մեկնաբանելով՝ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նշել էր, թե իրենց համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել և ինքնանպատակ չեն։ «Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միեւնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ»,- գրել էր Աշոտյանն՝ առանց մանրամասնելու հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ ի սկզբանե՝ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՊՈՒ-ն ստացել էր 5,2 տոկոս ձայն։ Դա անցողիկ չէր, դաշինքների համար պահանջվում է նվազագույնը 7 տոկոս ձայն։ Բայց քանի որ ՊՈւ-ն ամենաշատ ձայներ ստացած երրորդ ուժն էր, օրենքի ուժով անցավ խորհրդարան և ստացավ 7 մանդատ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանելով դաշինքի անվանումը՝ ասել էր, թե նախընտրական ցուցակը գլխավորում է ուսադիրների պատիվը գիտակցող Ա.Վանեցյանը, դրա համար էլ այդ անունն են ընտրել։

Կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերին խմբակցությունից դուրս եկավ «Հայրենիք» կուսակցության քվոտայով մանդատ ստացած Իշխան Զաքարյանը։ Նա հայտարարեց, թե «ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ, իր որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով, եւ ինքը չի ուզում իր գործունեությունը կաշկանդել»։ Եվ խմբակցությունում մնաց 6 պատգամավոր։

«Հայրենիք» կուսակցության քվոտայով է պատգամավոր դարձել և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել նաև Թագուհի Թովմասյանը, որը դարձյալ ֆեյսբուքում, Ա. Վանեցյանի հայտարարությունից հետո գրեց. «Կարծում եմ՝ բոլորդ եք համոզվել, որ անկուսակցականի կարգավիճակով պատգամավորական իմ մանդատը այս տարիներին ծառայել և ծառայում է բացառապես ՀՀ քաղաքացուն և նրա իրավունքների պաշտպանությանը:

Այս օրերին Վարդենիսում եմ, հույս ունեմ՝ մաքուր, սառը օդը կօգնի առավել արդյունավետ որոշում կայացնել: Բայց ինչ որոշման էլ հանգեմ, բխելու է ՀՀ քաղաքացու շահերից և հաշվետու կլինեմ ձեզ»։

Հայտնի չէ նաև, թե ով է լինելու ՊՈւ–ի հաջորդ պատգամավորը՝ Ա․ Վանեցյանից հետո։ Նախընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն Գյումրիից նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։

Մանդատը վայր դնելու վերաբերյալ Ա.Վանեցյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱԺ կայքում հայտարարություն էր հրապարակել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թե ինքը ստացել է նրա դիմումը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է հայտարարության տեքստում։