Գլխավոր դատախազը կգա ԱԺ՝ ընդդիմադիր պատգամավորների հետևից

հունվարի 25, 2023

Փետրվարի 7-ին մեկնարկող հերթական նիստերի ընթացքում Ազգային ժողովը քննարկելու է «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը:

Այդ պատգամավորներն են «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախկին գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը նախորդ տարի ամռանը բոյկոտել էր խորհրդարանում գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկումը, և չորսամսյա պաշտոնավարման ընթացքում Ազգային ժողովում սա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի առաջին փորձությունն է. սպասվում է, որ ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն նիստին ու կհնչեցնեն հարցեր:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով: Ըստ նույն օրենքի, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Ս․ Օհանյանի և Ա․ Չարչյանի դեպքում խոսքն առայժմ միայն քրեական հետապնդում հարուցելու մասին է, քանի որ միջնորդագրերին կից ներկայացվել է միայն պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծ չի ներկայացվել:

Այսպես, գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Սեյրան Օհանյանի վերաբերյալ առանձնացվել է երեք քրեական վարույթ, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարի պաշտոնում նրա գործունեության տարիների (2008-2016թթ.) ընթացքում թույլ տված օրինախախտումներին: Մասնավորապես, ըստ ներկայացված միջնորդությունների, մի քրեական վարույթով Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել, իսկ մյուս երկու գործերով նախկին նախարարը վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել: Դատախազությունն ասում է՝ Սեյրան Օհանյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ի դեպ, Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթներից մեկով անցնում է նաև ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը:

Ինչ վերաբերում էԱրմեն Չարչյանին, ապա նրան իրավապահները հիշել են 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ կալանավորված Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործից: Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, հանրությանը հայտնի էր որպես «հաց բերող». նա իր մեքենայով կտրել-անցել էր ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջացած ոստիկանական պատնեշը և ուտելիք էր հասցրել ՊՊԾ գնդում մնացած «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Նա մահացավ կալանքի մեջ:

Բանն այն է, որ ըստ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության, պատգամավոր Արմեն Չարչյանը քրեական գործով, որպես փորձագետ, ընդգրկված է եղել Արթուր Սարգսյանի մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում և 2017 թվականի փետրվարին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն:

Ինքը՝ Չարչյանը, չի մեկնաբանում իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի միջնորդությունը: Սակայն, ըստ ներկայացված միջնորդության, իրեն մեղավոր չի համարում առաջադրված մեղադրանքում:

Փոխարենը Սեյրան Օհանյանն է ակտիվ. նա դատախազի միջնորդությունը բոլոր քրեական գործերով համարում է իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդում: Բացի այդ, Ազգային ժողով դատախազի միջնորդագրերի ներկայացման ժամանակն է ուշագրավ համարում: Նրա խոսքով, դատախազի այս մտադրության մասին խոսվում է երկար ժամանակ, բայց դա Ազգային ժողով ներկայացվում է զորամասերից մեկում 15 զինծառայողի ողբերգական մահվան անմիջապես հաջորդ օրը:

«Այսօրվա իշխանությունները փոխանակ զբաղվեն անվտանգության, սահմանների պաշտպանության, Արցախի խնդրով և ամենակարևորը՝ զինված ուժերում ահասարսուռ դեպքով, փորձում են այս տեղեկությամբ շեղել։ Կարծում եմ՝ սա հերթական շոուն է, հանգիստ եմ ընդունում, երբ ստանամ փաստաթղթերը, իմանամ բովանդակությունը, հավելյալ տեղեկություններ՝ անպայման ձեզ կտեղեկացնեմ»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:

4-րդ անգամ՝ 2018-ի իշխանափոխությունից հետո

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազի մուտքը ԱԺ հաճախակիացել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Սա 4-րդ անգամն է, երբ ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ դիմում է ՀՀ Ազգային ժողովին:

Երկու անգամ գլխավոր դատախազը Ազգային ժողով էր մտել 2018-ին՝ միջնորդելով քրեական հետապնդում հարուցել այն ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Արամ Հարությունյանի նկատմամբ: 2020–ին նման միջնորդություն ներկայացվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։ Այս բոլոր միջնորդությունները ներկայացրել է նախորդ գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը։ 2012 թվականին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է միջնորդությամբ մտել խորհրդարան՝ խնդրելով խորհրդարանին տալ համաձայնություն՝ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ «փողերի լվացման» մեղադրանքով քրեական հետապնդում հարուցելու համար։ Օսկանյանն այդ ժամանակաշրջանում աչքի էր ընկնում ընդդիմադիր գործունեությամբ:

Ըստ մամուլի՝ սպասվում է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նախագահին միջնորդագրեր կներկայացնի ընդդիմադիր այլ պատգամավորների վերաբերյալ ևս։