Լավրովը պիտի համակերպվի, որ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն․ Վիգեն Խաչատրյան

Հարցազրույց՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ։
- Հայաստանի սահմաններին երկու տարով դիտորդական առաքելություն տեղակայելու՝ ԵՄ որոշմանը ՌԴ ԱԳՆ–ն դժգոհությամբ է արձագանքել։ Հայտարարության մեջ նշվում է, թե Հայաստանն այդ հարցում ՀԱՊԿ-ի փոխարեն նախապատվությունը տալիս է ԵՄ-ին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
- Շատ բացասական։ Կարծում եմ, որ ՌԴ-ն՝ որպես դաշնակից, ՀՀ-ի հետ պիտի ավելի անմիջական հարաբերություններ ունենա, և ոչ թե նման հայտարարություններ անի։ Սա նշանակում է, որ ՌԴ-ի դիվանագիտությունը լուրջ խնդիրներ ունի։
- Օրեր առաջ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր նման տարակուսանք հայտնել։ Ինչո՞ւ ՀԱՊԿ-ի դիտորդներին չեք հրավիրում։
- Դա փարիսեցիություն է։ Լավրովը նախ պետք է բացատրություն տա, թե ինչու չի ընդունում, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան։ Ի՞նչն է պատճառը, որ նա գնահատական չի տալիս այդ օկուպացիային։ Լավրովի գնահատականներն ավելի շատ նման են Ադրբեջանի և ոչ թե ՌԴ արտգործնախարարի հայտարարություններին։ Տպավորություն է, որ Լավրովն Ադրբեջանի խոսնակի դերն է կատարում։ Պարոն Լավրովը պիտի համակերպվի այն մտքի հետ, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում։
- Իսկ ի՞նչ կարող է նշանակել նույն հայտարարության մեջ «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը» ձևակերպումը։
- Իմ կարծիքով դա դիվանագիտական տակտի բոլոր հնարավոր սահմանները շրջանցելու շատ տգեղ փորձ է։
- Կարո՞ղ է՝ զգուշացում է, թե ԵՄ դիտորդների ու ռուս սահմանապահների միջև լարվածություն, բախում կառաջանա։
- Դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, ինչպե՞ս կարող է նրանց միջև բախում առաջանա։ Լավ չեմ պատկերացնում, թե ռազմական ուժն ինչպես կարող է բախվել քաղաքացիական ուժի հետ։ Այդ բոլոր հարցերը պետք է ուղղել ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանին, որ մեկնաբանի իր պետության ջղագրգիռ հայտարարությունները։
- ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը օրերս կրկին հայտարարել էր, թե «ռուսական ղեկավարությունը և մեր խաղաղապահ զորախումբը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղիներ գտնելու համար»։
- Ես չգիտեմ, թե ինչ աշխատանք են տանում, բայց ՌԴ դեսպանը պետք է բացատրություն տա, թե իր պետությունն ինչու չի կատարում ստանձնած պարտավորությունները Լաչինի միջանցքում։
- Արևմտյան երկրներից ու կառույցներից հաճախ են հնչում Ադրբեջանին դատապարտող հայտարարություններ, Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ հեռախոսազանգեր ու կոչեր։ Դրանք թո՞ւյլ ճնշումներ են, որ դրական ազդեցություն չեն թողնում։
- Այդ հարցերի պատասխանները միանգամից չենք գտնի, բայց շատ կարևոր է, որ այդ ճնշումները կան։ Ես կարծում եմ, որ ժամանակի մեջ Ադրբեջանը ստիպված կլինի իր վարքագիծը փոխել ու բացել։
- Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանն ուզում է «ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը և հետո մի քանի օրով բացել, և այսպես այնքան ժամանակ, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»։ Մամուլում ու սոցցանցերում մեկնաբանություններ եղան, թե Նիկոլ Փաշինյանն այդպիսով բացահայտեց նաև իր տեսլականը։
- Ես չեմ մեկնաբանի նման էժան մեկնաբանությունները։
- ԵՄ դիտորդների տեղակայման երկու տարում ի՞նչ նպատակներ է ցանկանում լուծել Հայաստանը։
- Ամենատարբեր։ Դա բոլոր ոլորտներին էլ վերաբերում է, որովհետև մեզ պետք է հանդարտ վիճակում զարգացնել բոլոր այն ուղղությունները, որոնք երաշխավորում են ՀՀ անվտանգությունը։
- Մտավախություն չունե՞ք, որ Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու, ԵՄ դիտորդներ հրավիրելու, որոշակի անվտանգային պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ Հայաստանի պայմանավորվածությունները կարող են լուրջ լարվածություն, կոնֆլիկտ առաջացնել ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև։
- ՌԴ-ն պետք է սովորի, որ չի կարող իր խնդիրները Հայաստանի հաշվին լուծել, և պետք է վերջ տա այդ փորձերին։ Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին և գտնում ենք, որ իր խնդիրները չպիտի փաթաթի Հայաստանի վզին։
- Ամեն դեպքում ՌԴ-ն որքան էլ թուլանա, Հայաստանից ուժեղ է, ռազմաբազա և խաղաղապահներ ունի այստեղ ու կարող է մեծ խնդիրներ առաջացնել մեզ համար։
- Այո, ուժեղ է, կարող է մեր նկատմամբ շատ անդուր վարքագիծ դրսևորել, բայց այդ դեպքում պիտի հայտարարի, որ ինքը մեր դաշնակիցը չէ։ Իսկ մենք նրան որպես դաշնակցի ենք վերաբերվում։
- Իշխանության ներկայացուցիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ-ի վերաբերյալ քննադատական հայտարարություններ շատ են հնչեցրել։ Դիտարկե՞լ ե ք այդ կառույցից դուրս գալու տարբերակը։
- Մեզ մոտ տարբեր քննարկումներ են լինում, բայց դրանց մասին շատ հաղորդագրություններ չենք հրապարակում։ Հաղորդագրություններ տրվում են, երբ որոշումներ են կայացվում։ Այնպես որ, տարբեր ձևաչափերում տարբեր հարցեր են քննարկվում, բայց դրանք ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ մնալու, այլ պետության անվտանգային հարցերը սպասարկելու մասին են։
- Ինչպե՞ս հասկացաք Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հայտարարությունը, թե «Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են»։
- Հաճելի հայտարարություն էր մեզ համար։
- Ընդամե՞նը։ Անվտանգային հարցերում Ֆրանսիան ինչպե՞ս կարող է մեզ աջակցել․ կան, չէ՞, նման ակնկալիքներ։
- Ես չեմ կարծում, թե դա այն թեման է, որ մենք պետք է հարցնենք և պատասխան ստանանք։ Մտածում էինք՝ ավելի շուտ ՌԴ-ն կարող էր նման բան ասել, քանի որ մեր դաշնակիցն է։ Կարծես թե հենց ՌԴ-ն ունի մեր հակառակորդներին իր հակառակորդը դիտարկելու պարտավորություն։ Եվ դա իր կամավոր ցանկությունն է, մենք նրան չենք ստիպել նման պարտավորություն ստանձնել։