Պետությանը պատճառած վնասը փոխհատուցելու մեր խոստումն իրագործելու համար պետք է սահմանել դատախազների արժանապատիվ վարձատրություն․ Բաբկեն Թունյան

մարտի 7, 2023

Հարցազրույց՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հետ։ 

–Կառավարությունը որոշել է 92 տոկոսով բարձրացնել դատախազների աշխատավարձը՝ հավելավճարի տեսքով: Ինչպե՞ս է իշխանությունը հիմնավորում աշխատավարձի նման կտրուկ բարձրացումը: 

–Ոչ մի աշխատավարձ ինքնանպատակ չէ, ու դատախազներն էլ աշխատում են ոչ թե գործող իշխանությունների համար, այլ պետության շահերի և փորձում են վերականգնել պետությանը հասցված վնասը: Դատախազների լավ աշխատանքի օգուտը, որ պետությունն ու քաղաքացին ստանալու են, հարյուրապատիկ կամ հազարապատիկ ավելի շատ է լինելու, քան իրենց տրված լրացուցիչ վարձատրության չափը: Մենք խոստացել են վերադարձնել պետությանը պատճառված վնասը, և որպեսզի քաղաքական այդ խոստումը հնարավոր լինի իրագործել, պետք է դատախազների համար սահմանել արժանապատիվ վարձատրություն: Գիտենք, որ դա նրանց միանգամից չի դարձնի գերպրոֆեսիոնալ կամ մոտիվացված, բայց սա ընդամենը միջոցներից մեկն է, որպեսզի նորմալ կադրերը մնան դատախազությունում և իրենց գերծանրաբեռնվածությանը համարժեք վարձատրվեն: Հակառակ պարագայում նրանք կգնան պետական համակարգից: Սա չի նշանակում, որ մյուսներին անտեսում ենք, և պետք չէ հակադրել դատախազների աշխատավարձերի բարձրացումը մնացածի հետ այս ընթացքում ամենատարբեր ուղղություններով՝ սկսած զինվորականներից, ուսուցիչներից, բոլոր տեղերում աշխատավարձի բարձրացում է եղել՝ ներառյալ նվազագույն աշխատավարձը, բազային աշխատավարձը։ Սա նաև կոռուպցիայից հետ պահելու միջոց է։ Չեմ ասում, թե աշխատավարձը բարձրացնելով միանգամից կոռուպցիայի դեմն առնելու ենք, բայց եթե մարդը բավարար չի վարձատրվում, իր նվազագույն կարիքները չի հոգում, կատարած աշխատանքին համարժեք չի վարձատրվում, դա կարող է նպաստել կոռուպցիայի դրսևորմանը։ 

–Այսինքն, սա հակակոռուպցիոն պայքարին ուղղված հերթական քա՞յլն է: 

–Ոչ, դա առաջին հերթին պետական համակարգում աշխատող մարդկանց պրոֆեսիոնալիզմն և ծանրաբեռնվածությունը հավուր պատշաճի գնահատելու համար է: 

–Եվ շա՞տ ունենք դեպքեր, որ ցածր աշխատավարձի պատճառով մարդիկ լքել են համակարգը: 

–Շատ դեպքեր ունենք և ոչ միայն իրավական համակարգից։ Նաև ֆինանսական ամենատարբեր ոլորտներում կան լավ մասնագետներ, որոնց մասնավոր հատվածը ավելի բարձր աշխատավարձ է առաջարկում և տանում: Նույն երևույթն ունենք ԱԺ-ում, կառավարությունում և ԿԲ-ում: Եթե լրագրողական հետաքննություն անեք, թե, օրինակ, վերջին երկու տարում Կենտրոնական բանկից քանի հոգի է տեղափոխվել մասնավոր բանկային համակարգ, պատկերն ակնհայտ կդառնա: Ու դա այն դեպքում, երբ ԿԲ-ի աշխատավարձերը պետական համակարգում համեմատաբար բարձր են։

–ԱՄՆ-ն Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է շրջանցել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այդ ցանկում են նաև Չինաստանը, Թուրքիան, Ուզբեկստանը: Այս առումով ինչպիսի՞ վտանգներ կարող են լինել։ 

–Հայաստանն իր բոլոր միջազգային պարտավորությունները հարգում է ու ամեն ինչ անում է դրանց հետևելու համար: Ի՞նչ է տեղի ունենում. նայում են մեր միջազգային գործընկերները, որ ինչ-որ մի ապրանքի ներմուծում կտրուկ ավելացել է, և այդ նույն ապրանքի արտահանումը Հայաստանից դեպի եվրասիական շուկա ևս ավելացել է, ենթադրում են, որ այդ ապրանքները գալիս են Հայաստանի միջոցով, գնում են դեպի ԵԱՏՄ: Բայց սա շատ խորը և առանձին վերլուծության կարիք ունի, մենք ունենք ապրանքներ, որոնց ներմուծումը Հայաստան անգամներով շատացել է, բայց դեպի ԵԱՏՄ չի արտահանվել: Մենք ունենք ապրանքներ, որոնց արտահանումը ԵԱՏՄ անգամներով ավելացել է, սակայն ԵՄ-ի երկրներից չեն այդ ապրանքները եկել Հայաստան: Այսինքն, հնարավոր է՝ Հայաստանում արտադրված ապրանքներ են: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, այսինքն, եթե ապրանքները բոլոր երկրներից՝ ԵՄ-ից, արաբական երկրների կամ որևէ այլ երկրից, գան հասնեն մեր երկիր, դրանից հետո արդեն վաճառվեն ներքին շուկայում, դրանց տեղաշարժը դեպի ԵԱՏՄ շուկա արդեն անվերահսկելի է, որովհետև մեկ միասնական տնտեսական տարածքի մաս ենք կազմում: Բայց կառավարությունում այդ բոլոր կոչերն ու հորդորները հաշվի են առնում, և այս պահին աշխատանք է տարվում, որպեսզի հասկանանք՝ որոնք են ռիսկային ուղղությունները, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու մնացած երկրների հետ կոմունիկացիան ապահովվում է: Եթե հարկ լինի լրացուցիչ տեղեկատվության կամ լրացուցիչ քայլերի,Հայաս տանը պատրաստ է բոլոր առումներով իր պարտավորությունները կատարել: 

–2022-ի նկատելի տնտեսական աշխուժությունից հետո տնտեսագետները նշում են, որ այս տարի նույնը ակնկալել չենք կարող: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը: 

–Դա դասական ճշմարտություն է: Եթե ես շատ ծարավ եմ, կարող եմ 2 բաժակ ջուր խմել միանգամից: Բնական է, որ այդ երկու բաժակից հետո հաջորդ երկու բաժակը նույն ախորժակով և նույն հեշտությամբ խմելու հավանականությունը շատ ցածր է: Նույնը այստեղ է. եթե մենք ունեցել ենք բարձր տնտեսական աճ, ապա այդ բարձր աճի ֆոնին էլի նման բարձր աճ ապահովելը բավականին դժվար է դառնում: Բայց մենք ունենք կառավարության ծրագրով և բյուջեով սահմանված թիրախ՝ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Դա էլի բավականին բարձր թիրախ է, որի հասնելը հեշտ չէ։ Դրան հասնելու համար ամենակարևոր բանը, որ մեզնից պահանջվում է, այն է, որ գործոնները, որոնց շնորհիվ անցած տարի 12 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ունեցել, այսինքն, այդ կապիտալի ու մարդկանց ներհոսքը կարողանանք երկարաժամկետ տնտեսական աճի պոտենցիալի վերածել, անենք այնպես, որ դա կարճաժամկետ չլինի, անցնի, գնա, այլ այդ մարդիկ, մասնագետները մնան Հայաստանում, գումարներ ներդրվեն Հայաստանում և նպաստեն տնտեսական արտադրողականության աճին: Ու եթե դա մեզ մոտ ստացվի, համոզված եմ, որ մենք այս տարի ևս կկարողանանք բավականին տպավորիչ, անգամ նախատեսածից բարձր տնտեսական աճ գրանցել: 

–Էկոնոմիկայի նախարարը հաճախ է ասում, որ մեր կյանքը բարելավվել է, սկսել ենք ավելի լավ ապրել: Դուք այդ փոփոխությունը նկատո՞ւմ եք:

–Մարդկանց կենսամակարդակի մասին դատելը, մանավանդ, եթե դա առանձին ընտանիքների է վերաբերում, շատ սուբյեկտիվ է, բայց եթե նայում ենք տնտեսական աճի ցուցանիշները, թոշակների, աշխատավարձերի վերանայումներին ու գնաճին, կարող ենք ասել, որ որոշակիորեն բարելավում ունենք 2022 թվականին։ Հաշվի առնելով, սակայն, որ միաժամանակ նաև գնաճը բավականին բարձր է եղել, չենք կարող ասել, որ այս պահին Հայաստանի բնակչությունը շոշափելիորեն օգտվել է տնտեսական աճից: Դրա համար ժամանակ է պետք, ու կարծում եմ՝ այս տարի, երբ ԿԲ-ին հաջողվի գնաճը բերել կանխատեսելի միջավայր, մեզ էլ կհաջողվի տնտեսական աճի ու եկամուտների աճի նույն տեմպը պահպանել: Բայց ամենակարևորը, կյանքի որակը բարելավելն է։ Գնահատողը ո՛չ տնտեսագետներն են, ո՛չ էլ միջազգային փորձագետները, այլ հենց այդ նույն քաղաքացիները, որոնք այդ գնահատականը տալու են հաջորդ ընտրությունների ժամանակ իրենց քվեով: Եթե իրենք կհամարեն, որ իրենց կյանքի որակը վատացել է, բնականաբար, կընտրեն այն քաղաքական ուժին, որը կյանքի որակի բարելավում կխոստանա։ Այնպես որ, այդ հարցի ամենաօբյեկտիվ գնահատողը այն մարդիկ են, որոնց այդ հարցը վերաբերում է: Կարող է՝ մեկի վիճակը լավացած լինի, մեկինը՝ վատացած, մյուսինը նույնը մնացած լինի, բայց ընդհանուր աղքատության մակարդակը նույնպես շատ սուբյեկտիվ է կարծիք կազմելու համար: 

–Իշխանությունը մտադիր են շահագործել Ամուլսարի հանքը, ինչին դեմ են բնապահպանները։ Դուք այստեղ ռիսկեր տեսնո՞ւմ եք։

–Ամուլսարի հարցում իմ տեսակետը ինչպես եղել է 4 տարի առաջ, հիմա էլ նույնն է։ Ես բնապահպանական ոլորտի մասնագետ չեմ, և այդ առումով իմ կարծիքը պետք է հիմնված լինի համապատասխան պետական ինստիտուտների տեսակետի վրա, որովհետև այլ աղբյուր, որին ես պետք է հղում անեմ, չունեմ: Հիմա եթե պետական այդ ինստիտուտը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը կամ համապատասխան տեսչությունը գտնում են, որ բնապահպանական առումով այդ հանքի շահագործումը թույլատրելի է, ռիսկերը կառավարելի են, ապա Ամուլսարի հանքը, բնականաբար, պետք է շահագործվի, որովհետև մեր օրենսդրությունն է այդպես ասում: Հանքարդյունաբերության ցանկացած տեսակ վնասում է շրջակա միջավայրին, բայց կա այդ վնասի թույլատրելի չափ, կառավարելի կամ անկառավարելի ռիսկ, դրա համար կան պահանջներ, կարգավորումներ, օրենքներ: Եթե այդ օրենքներին համապատասխանում են, եթե պատասխանատու կառույցը այսքան բողոքներից, փորձաքննություններից հետո որոշել է, որ հանքի աշխատանքը շրջակա միջավայրի համար թույլատրելի է, ուրեմն, տնտեսական առումով կասկած չկա, որ հանքը պետք է աշխատի։ Անգամ անվտանգության առումով դա մեզ առավել քան անհրաժեշտ է: