Հայաստանի ուժային դեսանտը՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում

մարտի 16, 2023

Հայաստանի կառավարության ուժային բլոկի պատասխանատու նախարարները մարտի 15-ին ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել են կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի հաշվետվությունը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Զինված ուժերում իրականացվող բարեփոխումները: Նշել է, որ ներդրվել են կրթական նոր մեխանիզմներ, զինծառայողների սոցիալական ապահովության նոր ծրագիր, ստեղծվել է անհատույց բնակարանների ապահովման հնարավորություն:

Բացի իրականացվող բարեփոխումներից՝ Զինված ուժերում նախորդ տարի նաև ռազմական համալրումներ են եղել:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, հակատանկային միջոցներով, հակաօդային պաշտպանության միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, ականանետներով, զինամթերքով, սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում», -հայտարարեցնախարար Պապիկյանը:

Նախարարի ներկայացմամբ, ՀՀ Զինված ուժերում դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ կներդրվի, որն ավելի կարգապահ է դարձնելու բանակը։ Որոշ խստացումներ կատարելու համար առաջիկայում շրջանառության մեջ կդրվի օրենսդրական փաթեթ։

Պապիկյանն ընդգծել է, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետ կապված խնդիրները խորքային են՝ մի մասը բանակ է տեղափոխվել հասարակությունից, մյուս մասն էլ անմիջականորեն կապված է բանակի հետ։

«Խոսքը սպայակազմի պատրաստվածության, թվաքանակի, սերժանտական համակարգի գոյության կամ չգոյության մասին է։ Այս ամենով պաշտպանության նախարարությունն ինտենսիվ զբաղվում է։ Մենք ներդնում ենք սերժանտական պրոֆեսիոնալ համակարգ, ինչը մեզ թույլ կտա զինծառայողների հետ աշխատանքն ավելի հեշտացնել։ Սկսում ենք դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ ներդնել, ինչը բանակն ավելի կարգապահ կդարձնի, ինչպես նաև խստացվում են որոշ հարցեր, որոնք առաջիկայում օրենսդրական փաթեթով ներկայացված է լինելու։ Սա բխում է մեր պետության շահերից և մարտահրավերներից, և խնդրելու եմ այդ փաթեթին վերաբերվել բավականին լուրջ և պատասխանատու»,– ընդգծեց նախարարը։

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը նկատեց, որ պատերազմից երկու տարի անց առաջնագիծը կահավորված չէ, ինչը ցույց տվեց նաև Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհը, որը 15 զինծառայողի մահվան պատճառ դարձավ։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ զինծառայողների ծառայությունը նորմալ պայմաններում ապահովելու համար:

Պապիկյանն ի պատասխան ընդունեց, որ առաջնագծում վիճակն այնպիսին չէ, ինչպիսին իրենք կուզենային ու նաև հավելեց. «Ամեն ինչ արվում է, որ օր առաջ առաջնագիծը լինի ավելի ամուր: Առաջնագիծը իդեալական չէ, այդ թվում սեպտեմբերյան դեպքերից հետո նոր առաջնագիծը ամբողջական կահավորման կարիք ունի: Բանակում կա հսկայական անելիք, և դա ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին»:

«Գեղ կա՞, որ շուն չլինի», -հռետորական հարց հնչեցրեց Պապիկյանը՝ խոսելով ՀՀ Զինված ուժերում պետական դավաճանության մասին հաճախակի դարձած դեպքերին: Նա անընդունելի համարեց այդ երևույթը ամբողջ բանակի վրա տարածելու մասին խոսակցությունները ու հավելեց. «Դա խայտառակություն է, ազգային արատ է, առաջարկում եմ գնահատականներ հնչեցնելիս դա չտարածել ամբողջ բանակի վրա: Եթե նույնիսկ Զինված ուժերում կան այդ բարքերը, պետք է արմատախիլ անենք ու անենք միասին»:

Ի դեպ, արդեն նիստից հետո Սուրեն Պապիկյանից լրագրողները հետաքրքրվեցին նրա հնարավոր հրաժարականի վերաբերյալ, ինչի մասին մամուլը պարբերաբար գրում է: Նախարարն ասաց, թե չի պատրաստվում հրաժարական տալ. «Ես շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները, և թե որքան դա ինձ կհաջողվի, ժամանակը ցույց կտա»:

Պաշտպանության և սահմանային անվտանգության վերաբերյալ քննարկումը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի մասնակցությամբ անցկացվեց փակ ռեժիմով: Քննարկումից հետո լրագրողների բազմաթիվ հարցերին Աբազյանը պատասխաններ չուներ: Միայն արձագանքելով ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԱԱԾ-ում հնարավոր դավաճաններից «մաքրումների կարիք կա», Աբազյանը ասաց. «ԱԱԾ-ն մաքուր է»:

Կառավարության հաջորդ ուժային գերատեսչությունը Ներքին գործերի նախարարությունն էր, որի ղեկավարը նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանն է: Այս կառույցը, որը կազմված է Ոստիկանությունից ուՓրկարար և միգրացիոն ծառայություններից, նոր է ստեղծվել:

Ղազարյանի խոսքով, ոստիկանությունը զարգանալու է 4 ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Ունիվերսալ ոստիկանություն: «Այս համատեքստում վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները: 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները»,- ներկայացրեց նախարարը:

Երբ Ղազարյանը զեկույցն ավարտեց, նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը փորձեց գովել ոստիկանական համակարգը՝ ասելով. «Մեր կյանքից հեռացել է փշալարը, որը մեզ ուղեկցել է տարիներ շարունակ: Այն, որ փշալարն այսօր չկա ու ժանգոտել ա, էդ հենց 2022-ի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է»: