Լաչինի միջանցքից մինչև Հովիկ Աբրահամյանի ոսկեզօծ առանձնատուն

Մարտի 21-ին խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կրկին դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը։ Հայտարարության նախագիծը՝ «Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ», չընդգրկվեց նստաշրջանի օրակարգ։
Միայն օրակարգ ընդգրկել-չընդգրկելու վերաբերյալ քննարկումը բավականին բուռն էր և ձգվեց մոտ երկու ժամ։
Փոխադարձ մեղադրանքներ
Նախագծով ընդդիմությունը շեշտում էր, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականություն վարել, հրաժարվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից, խախտում միջազգային մարդասիրական իրավունքները, Արցախում ստեղծում է վախի մթնոլորտ։ «Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»,- նշված է հայտարարության տեքստում։
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ին առաջարկում էր կոչ անել միջազգային հանրությանը դատապարտել «Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ»։ Զորակցություն հայտնելով ԱՀ-ում ռուս խաղաղապահներին՝ Ռուսաստանին կոչ էին անում ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը։ «ՀՀ-ն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ և ամբողջությամբ տեր է կանգնելու իր հանձնառությանը»,- գրված է հայտարարության տեքստի վերջում։
Հարակից զեկուցող, արտաքին հարաբերությունների հանձնաժողովց ՔՊ–ական Մարիա Կարապետյանը հիշեցրեց, որ դեռևս դեկտեմբերի 14-ին իրենք ընդունել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հայտարարություն։ Նա նաև ներկայացրեց վիճակագրություն, որ անկախությունից ի վեր ՀՀ ԱԺ-ն ընդունել է սահմանափակ թվով՝ ընդամենը 14 հայտարարություն, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է մի հարցի, և շեշտեց, որ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ընդունվել է միայն մեկ հայտարարություն։ Կարապետյանն ասաց, որ իրենք հակված էին ընդունել ընդդիմության առաջարկները, հատկապես որ համաձայն էին Ադրբեջանի ու Իլհամ Ալիևի մասին ձևակերպումներին։
«Արծվիկ Մինասյանի հետ քննարկեցինք, սակայն առանձին բառերի շուրջ չկարողացանք գալ համաձայնության։ Ըստ ընդդիմության, ՀՀ-ն պետք է հարցերը կոշտ ներկայացնի միջազգային հանրությանը, և միջազգային հանրությունն ըստ այդմ ձևավորի իր դիրքորոշումը։ Մեր մոտեցումն այն է, որ ՀՀ-ն իր դիրքորոշումը ներդաշնակեցնի միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որովհետև եթե ԼՂ հիմնախնդիրն առհասարակ կամ Լաչինի միջանցքի վերաբացումը լուծում ունեն, ապա դա հնարավոր է միջազգային հանրության ներգրավմամբ»,- հավելեց Կարապետյանը։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իշխանությունն ինչպես նախկինում, այս անգամ էլ առաջարկում էր հրաժարվել ԼՂ բառից, չշեշտել ինքնորոշման իրավունքը, հրաժարվել ՀՀ հանձնառությունից։ Նախագիծը ներկայացնող Անդրանիկ Թևանյանն էլ հայտարարեց, թե ընդդիմությունը մերժեց իրենց նախպագիծը՝ փաստելով, որ 2021թ․ խորհրդարանական ընտրություններին տեղի է ունեցել շատ մեծ խաբեություն․ «Նախընտրական ծրագրով խոստացան անպայման հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, նույնիսկ խոսել են Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից, նույնիսկ խոսել են անջատում հանուն փրկության սկզբունքի մասին»։
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին արձագանքեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նրանց մեղադրելով Ալիևին պաշտպանելու մեջ։ «Տպավորություն է ստեղծվում, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք մեր խորհրդարանում: Կամ երբ որ դուք գալիս եք, մանտրայի պես կրկնում եք ինքնորոշման իրավունքի, ԼՂՀ վերաբերյալ ձեր թեզերը, մենք, եթե քաղաքական հիշողություն չունենանք, կմոռանանք, որ դուք ներկայացնում եք էն մարդու խմբակցությունը, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, որը ժամանակին բանակցում էր ընդհանուր պետության շուրջ։ Համաձայն դրա, ԼՂ հայությունը պետք է ունենար ադրբեջանական անձնագրեր»,- ընդդիմությանը հիշեցրեց Հայկ Կոնջորյանը:
ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն էլ Անդրանիկ Թևանյանին հիշեցրեց, որ Քոչարյանը հայտարարում էր, թե «ՀՀ զորքերը պետք է տարվեին Արցախ՝ կռվելու, ու սահմանին կանգնեցնեիք մեր դաշնակցի դրոշները»։ «Սեպտեմբերի 13-ին դաշնակցի դրոշները կային, բայց դրոշի տակ կանգնող մարդիկ, չգիտես ինչու, մի փոքր շուտ լքել էին այդ տարածքը: Բոլոր հոդվածներով դիմել էինք ՀԱՊԿ, բայց էդ մեր դաշնակիցները չեկան: Խաբելու մասին որ խոսում եք, պարո՛ն Թևանյան, խնդրում եմ՝ ավելի հստակ խոսեք»,- ասաց նա:
Հորդորս հորդորիդ վնաս չէ
ԱԺ նիստին հետևում էին Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Պատգամավորները հետագա իրենց ելույթներում նրանց տարբեր հորդորներ ուղղեցին։ Իշխանության և ընդդիմության այդ հորդորներում նույնպես կային փոխադարձ մեղադրանքներ։
Նախ խոսեց «Հայաստան»–ից Գեղամ Մանուկյանը․ «Եթե մի քիչ ձեր դպրոցի անունը կրող Աշոտ Նավասարդյանին և նրա նման նվիրյալներին ուսումնասիրեք, պարզ կդառնա, որ նրանց պատկերացմամբ, խաղաղությունը չէին մուրում, նրանց պատկերացմամբ, թշնամու ամեն հարձակումից հետո պետական պաշտոնյաները թութակի պես չէին կրկնում խաղաղություն: Խաղաղության համար պետք է ուղեղով աշխատել»:
Հայկ Կոնջորյանն էլ աշակերտներին հորդորեց նախ չլինել կաշառակեր, գող և ավազակ, «ինչպես եղել են տարիներ ու տասնամյակներ շարունակ այն մարդիկ, որոնց պատճառով ՀՀ-ն հայտնվել է այս վիճակում»: «Հովիկ Աբրահամյանը, հարգելի՛ աշակերտներ, Հայաստանի վարչապետն է եղել, ԱԺ նախագահը և ստացել է պետական աշխատավարձ։ Հիմա պահանջվում է նրանից բռնագանձել 59 անշարժ գույք և 21 մլրդ դրամի չհիմնավորված հաշվի մնացորդ։ Դրանք թվեր են, որոնք այսօր ձեզ շատ բան չեն ասի, բայց այդ գումարով ձեր համար և մյուս աշակերտների համար կարելի էր հարյուրավոր դպրոցներ և հազարավոր լաբորատորիաներ կառուցել», - հավելեց Կոնջորյանը:
Վահագն Ալեքսանյանն էլ աշակերտներին խնդրեց իրենց կյանքի ցանկացած էտապում, երբ տեսնեն, որ պետական պաշտոնյան հղփանում է այնքան, մինչև ոսկեզօծ պատերի մեջ է ապրում, անել այն, ինչ պետք է անել։ «Պարո՛ն Արծվիկ Մինասյան, խնդրում եմ, նկարագրեք, Դուք նախարար եք եղել, Ձեր վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, ո՞նց կգնահատեք նրա տունը, Ձեր ճաշակո՞վ է»,- հարցրեց Վահագն Ալեքսանյանը:
Այդ հարցից հետո «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը տեղից արձագանքեցին, նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նրանց նախազգուշացում տվեց ու զրկեց խոսելու իրավունքից։ Ընդդիմությունը հեռացավ դահլիճից։
«Հիմա վերևից նայում եք, չէ՞։ Երևո՞ւմ է դահլիճը։ Երկու տարի է, այսպես է։ Միտինգ, հետո իրենք գնում են, մենք մնում ենք աշխատելու»,- նիստին հետևող դպրոցականներին դիմեց ՔՊ-ից Գուրգեն Արսենյանը։
Այս բուռն քննարկումից հետո խորհրդարանական մեծամասնությունը մի քանի ժամում, շատ արագ, երբեմն առանց հարց ու պատասխանի և առանց ելույթների՝ քննարկեց ևս 16 օրինագիծ։